Ստեփանակերտում Կալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂ անկախության ճանաչումը որակում են մեծ հաղթանակ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/4467.jpg)
Կալիֆորնիայի Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը մեծ հաղթանակ է որակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը Կալիֆորնիայում հասել է վերջնագծին:
«Մինչ այդ նրանց օրենսդիր մյուս պալատն էր ճանաչել, այժմ էլ Սենատն է ճանաչում Արցախի անկախությունը եւ փաստորեն այս կերպ Կալիֆորնիայում ճանաչման գործընթացը հաջողությամբ հասավ իր ավարտին: Իսկ Կալիֆորնիան հասարակ նահանգ չէ ԱՄՆ-ում: Եվ իր տնտեսական ներուժով, եւ բնակչությամբ խոշորագույն նահանգներից է եւ բացի այդ, աշխարհի 7 ամենամեծ տնտեսություն ունեցող նահանգների կազմում է: Կարելի է ասել, որ Կալիֆորնիան առանձին մի պետություն է, որը գնահատեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ազատության տենչն ու այն աշխատանքը, որ կատարվում է Արցախում եւ ճանաչեց մեր անկախությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ հերթական անգամ Արցախում պետականաշինության գործընթացը, որը ընթանում է քաղաքակիրթ երկրների մոտեցումներին եւ չափանիշներին համահունչ, եղավ արդյունավետ:
«Սա փաստում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում եւ հետագայում էլ պետք է ունենանք հաջողություններ»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Ստեփանակերտը ճանաչման ուղղությամբ շարունակելու է աշխատել եւ ամեն ինչ արվելու է ընդլայնելու ճանաչման աշխարհագրությունը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: