Անդրանիկ Պողոսյանը. «Երեք զավակների փոխարեն այսօր ես Հալեպում 500 զավակ ունեմ և չեմ կարող ձգել նրանց…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/08/Untitled-169.jpg)
Վերջերս Հայաստանում էր Հալեպի Կրթասիրաց Ս. Ջեմբերջյան երկրորդական վարժարանի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը: Մեր հանդիպումը պարոն Անդրանիկի հետ, տեղի ունեցավ նրա մեկնումից մի քանի օր առաջ: Թերևս այլ հանգամանքներում մեր զրույցը կսահմանափակվեր միայն վարժարանի շուրջ հարցումներով: Բայց ո´չ այսօր, այսօր այնքան բան կա խոսելու, պատմելու, հիշելու և ամենակարևորը` հուսալու…
– …Հալեպն այսօր այն չէ, ինչ առաջ էր: Բայց հույս ունենք, որ պայմանները կբարելավվեն, որ վիճակը կլավանա, վտանգը կհեռանա, սև ամպերը, որ պատել են մեր երկնակամարը` կվերանան: Ես լավատես եմ և ենթադրում եմ, որ ոչ շատ հեռու ապագայում այդ ամենն իրականություն է դառնալու:
Բայց մինչ այդ պետք է խնդրեի Աստծուց, որ մեր զոհերը նվազեն, անմեղ փոքրիկների վնասները պակասեն, որովհետև ամեն անգամ, երբ ռումբ է ընկնում դպրոցի, եկեղեցու, հայկական թաղամասի մի անկյունում և մարդկային կյանք է խլում, վիրավորներ ենք ունենում, ցնցում է համայն ժողովրդի զգացումները:
Մենք հոն ենք, որովհետև Սիրիան, հատկապես Հալեպ քաղաքը, եղել է Մայր գաղութ: Արևմտյան Հայաստանի ժողովուրդը, նրանք, որոնք գաղթական դարձան, որբ մնացին, ջարդերից ազատվեցին` եկան և հաստատվեցին Հալեպում, մեծացան, կառուցեցին, կերտեցին, իրենց վիճակը բարելավեցին: Նրանցից շատերը կարողացան Եվրոպա, Ամերիկա գնալ, և Հալեպը դարձավ Մայր գաղութ, որից նոր գաղութներ ստեղծվեցին եվրոպական կամ ամերիկյան երկրների մեջ:
Որքա՜ն ուրախ պետք է լինեի, որ այդ Մայր գաղութը չվերանար, մնար: Եթե անցյալում 45 հազար հայություն էր ապրում Հալեպում, այսօր մնացել է մոտ 20 հազար: Եթե նույնիսկ 10 հազար հայ մնա, պե՛տք է, պե՛տք է հոն մնան:
Մեր դպրոցները ևս պատասխանատու են, և պետք է դռները բաց պահեն մեր աշակերտների առջև: Մեր զավակները պետք է հայերենին, իրենց պատմությանը, մշակույթին տիրապետեն, որպեսզի իրավունք ունենան հայ ապրելու: Անշուշտ, ընտանիքը մեծ դեր ունի այս ամենի մեջ, բայց դպրոցը, ակումբը, եկեղեցին ևս կարևոր են:
– Պարո´ն Անդրանիկ, պատերազմական այս օրերի ընթացքում ձեր վարժարանը երբեք իր դռները չի՞ փակել:
– Երբեք, երբեք չի փակել: Մենք օրինավոր ձևով մեր դպրոցի դռները բացում ենք սեպտեմբերին` պետական օրենքի համաձայն, և փակվում ենք կրկին պետական օրենքի համաձայն:
– Շատերն են այսօր հեռացել Հալեպից: Այդ փաստը ինչպե՞ս է անդրադարձել դպրոցի վրա: Աշակերտների թիվը պատերազմից առաջ և հիմա որքա՞ն է:
– Նախ փոքրիկ ակնարկ մը տամ դպրոցի անցյալի մասին: Կրթասիրաց վարժարանը հիմնադրվել է 1924 թվականին. հոկտեմբերին պետք է տոնենք վարժարանի 90-ամյակը: Ովքե՞ր էին հիմնադիրները. Այնթափից գաղթած ազնիվ, հայրենասեր, վեհանձն մարդիկ, որոնք մտածեցին հավաքել մեր հայ փոքրիկները փողոցներից կամ անապատներից և դպրոց բացել, կրթել հայկական դաստիարակությամբ: Ես միշտ կրկնել եմ ու շարունակում եմ կրկնել` փա՛ռք ու պատիվ բոլոր այն մարդկանց, որոնք հիմնադրել են մեր դպրոցները, ո´չ միայն Կրթասիրացը, այլև մյուս վարժարանները` ազգային կամ միութենական:
Կրթասիրաց վարժարանը միութենական դպրոց է, որի սեփականատերն է Կրթասիրաց մշակութային միությունը: Հիմնադրման օրից դպրոցն ուներ մանկապարտեզ և նախակրթարան, իսկ 2003 թվականին վարժարանն ունեցավ իր երկրորդական բաժինը: Նախկինում դպրոցը գտնվում էր Հալեպի հին թաղամասերից մեկում, այսպես ասած` արաբական բակի մեջ: Երբ աթոռ, գրասեղան չէր լինում, աշակերտները պատուհանի վրա էին տեղավորվում: 1974 թվականին դպրոցն ունեցավ նոր շենք, որը կից է Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Կառուցվեց սրահը, որտեղ մշակութային տարբեր ձեռնարկներ են կատարվում: Դպրոց, եկեղեցի, մշակութային կենտրոն, երեքը քով-քովի սկսեցին գործել առ այսօր:
Այսօր դպրոցն ունի 540 աշակերտ, բայց հարցերից առաջ աշակերտների թիվը 730 էր: Մենք ևս անմասն չմնացինք վնասներից. հրթիռ ընկավ դպրոցի վերին հարկում և, բարեբախտաբար, վնասները միայն նյութական էին, աշակերտներ այդ օրը դպրոցում չկային: Այդ դեպքից հետո մենք երրորդ հարկը փակեցինք, տեղավորվեցինք ներքնահարկում, որպեսզի վնասներն ավելի պակաս լինեն: Այսօր այսպիսին է դպրոցի վիճակը:
– Նման պայմաններում ինչպե՞ս եք կարողանում աշխատել: Ծնողները չե՞ն վախենում իրենց երեխաներին դպրոց ուղարկել:
– Ձեր մատը վերքի վրա դրեցիք: 2013 թվականին երբ պետական օրենքի համաձայն դպրոցը բացեցինք` մանկապարտեզը չկարողացանք բացել: Ծնողները չէին ցանկանում փոքրիկներին ուղարկել: Մյուս դասարանների մեջ ևս աշակերտների թիվը պակասեց: Բայց կամաց-կամաց որոշ ծնողներ քաջություն և համոզում ունեցան և իրենց զավակներին դպրոց բերին: Դրացին լսեց, երկրորդ օրը նա էլ իր զավակին դպրոց բերեց. այս ձևով դասարանը լցվեց: Այսինքն, օրեօր ծնողները հանգստացան, վստահեցին և իրենց զավակներին սկսեցին դպրոց բերել. անձամբ բերում են և անձամբ տանում: Այս ձևով մանկապարտեզի բաժինը սկսեց գործել օրինավոր ձևով: Իսկ մեծերին, որոնք կարող են իրենք իրենց կարիքները հոգալ, ավելի վստահություն է տրված:
Օրինակ մը տալու համար մի դեպք եմ ուզում պատմել: Օր մը հրթիռ ընկավ մեր դպրոցի մոտ: Ծնողները շատ վախեցան, որովհետև հրթիռները հաջորդում են մեկը մյուսին, և վազեցին-եկան, որ փոքրիկներին տուն տանեն: Երբ դպրոց մտան, տեսան, որ ես շրջում եմ միջանցքում ու դասասենյակների դռների առջև կանգնելով` ժպտում եմ երեխաներին, որպեսզի նրանք հանգստանան, հասկանան, որ ոչ մի վտանգ չկա, որովհետև տնօրենը ժպտում է: Չես կարող ծնողներին մեղադրել, նրանց իրավունքն է, որ ապահովեն իրենց փոքրիկների կյանքը, տուն տանեն: Բայց ես նրանց ասացի, որ դպրոցում նրանց զավակներն ավելի ապահով են, քան փողոցում: Ի վերջո, մեզ նույնպես նախևառաջ հետաքրքրում է մեր փոքրիկների կյանքը, ապահովությունը: Եվ նրանց իջեցրեցինք ներքնասրահ, որտեղ շատ ավելի ապահով է: Ծնողները համոզվեցին, որ դպրոցում իրենց երեխաներին ոչ մի վտանգ չի սպառնում:
Մեկ ուրիշ կետ մըն ալ կա. երբ աշակերտները դպրոց են գալիս, չեն ցանկանում տուն գնալ: Ինչո՞ւ. նախ կվայելեն իրենց ժամանակը, որովհետև իրենց ընկերների հետ են, միաժամանակ հեռու են հեռուստատեսության լուրերից, այդ ահ ու սարսափից, երկրորդ` դպրոցում լուսավորում կա, տանը` ոչ, դպրոցում տաք է, տանը` պաղ: Սա ևս քաջալերում է ծնողներին, որ իրենց երեխաներին դպրոց ուղարկեն:
Դժբախտաբար, այս ուսումնական տարում ևս աշակերտների թիվը կպակասի, որովհետև շատերն են լքում Սիրիան. ոմանք գալիս են հայրենիք, մյուսներն էլ այլ երկրներ են գնում:
Անգամ այս պարագայում, որքան էլ լինի աշակերտների թիվը, թեկուզ մենք ունենանք 100 աշակերտ, դպրոցի դռները միշտ բաց պետք է մնան, և մե´նք պետք է լինենք նրանց պահապանն ու պաշտպանը. ուսումի հետ մեկտեղ մենք պարտավոր ենք նրանց կյանքը ապահովել:
Բավականին ուսուցիչներ Հայաստան եկան, բայց, բարեբախտաբար, միշտ, ավելի կամ պակաս կարողություններով, փոխարինող լինում է:
– Պարո´ն Անդրանիկ, Դուք վերջերս եք վերադարձել Հալեպից: Ի՞նչ կարող եք պատմել հալեպահայ կյանքի մասին: Ովքե՞ր են մնացել Հալեպում, նրանք, որոնք ցանկանում են գաղութը պահել, թե՞ նրանք, որոնք պարզապես հնարավորություն չունեն մեկնելու:
– Մի քիչ հեռվից սկսեմ. կյանքս անցկացրել եմ ազգային թոհուբոհի մեջ: Ես Կամիշլիի ծնունդ եմ, հոն մեր ազգային միջնակարգն ավարտելուց հետո ուսանել եմ պետական դպրոցում և համալսարանում: Հետո դարձյալ վերադարձել եմ Կամիշլի: Պետական պաշտոնյա էի ընկերություններից մեկում, որտեղ աշխատել եմ մոտ 21 տարի` նախ որպես փոխտնօրեն և ապա` տնօրեն: Մինչև 1993 թվականը ապրել եմ Կամիշլիում: Եղել եմ Ազգային վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ապա` ատենապետ, Կամիշլի քաղաքի և իր շրջանների թաղական խորհրդի ատենապետ: Արդեն երրորդ շրջանն է, որ Բերիո թեմի գավառական ժողովի անդամ եմ, հետևաբար, տեղյակ եմ Սիրիայի մեր բոլոր շրջանների իրավիճակին:
Հիմա ուղիղ ձեր հարցին պատասխանեմ. Սիրիան միայն Հալեպը չէ: Սիրիան սկսվում է վերևից` Տիգրիս գետի մոտ գտնվող Դերիկ քաղաքից, որտեղ 75 հայ ընտանիք էր ապրում, և ունեինք մեր դպրոցը, եկեղեցին: Հետո գալիս է Կամիշլի քաղաքը, որտեղ գործում են Սուրբ Հակոբ եկեղեցին, մեր մանկապարտեզը, նախակրթարանը և միջնակարգը: Կամիշլիում ունեինք մոտ 1000 ընտանիք, այսինքն մոտ 10-12 հազար հայ էր ապրում քաղաքում: Շարժվենք դեպի Հասաքե, որտեղ նորեն ունենք մեկ եկեղեցի, մեկ դպրոց: Ռաս Ալ–Այնում ևս ունենք մեկ եկեղեցի, մեկ դպրոց: Այս քաղաքները Դեզիրեի շրջանում են և, բարեբախտաբար, եկեղեցիներին և դպրոցներին վնաս չի հասել: Միայն, հասկանալի պատճառներով, քաղաքներում ապրող մարդկանց թիվն է նվազել:
Գնանք Ռաքքա և Դեր Զոր, որտեղ ունենք մեր եկեղեցիները և դպրոցները: Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին օծվել է վախճանյալ Գարեգին Առաջինի ձեռքով և Արամ Վեհափառի օրհնությամբ կոչվել Ուխտավայր: Այսօր, դժբախտաբար, եկեղեցու խաչը իջեցրել են, մեր նահատակների ոսկորները, որ եկեղեցու ներքնասրահում էին, այլ վայր են տարվել: Դժբախտաբար, պարպվեցավ Դեր Զորը և Ռաքքան. որևէ մեկ հայ այլևս այնտեղ գոյություն չունի:
Եկանք Հալեպ. մինչև այս հարցերը մենք ունեինք 5 ազգային և 3 միութենական նախակրթարան, 4 ճեմարան: Եթե Հալեպի հայության թիվը 45 հազար էր, այսօր 20 հազարը չի անցնում: Եվ ինչո՞ւ են մնացել այդ 20 հազարը:
Իմ օրինակով խոսեմ. Հալեպում հիմա միայնակ եմ ապրում, տիկինս մեկ տարի առաջ է մահացել: Երեք մանչ զավակներ ունեմ. Սևակը հոս է, երեք տարի է` Հայաստանում է ապրում, մինչ այդ Ղարաբաղում էր: Ունի մեկ զավակ. Անդրանիկ է անունը: Երկու մյուս զավակներս` Սերոբը և Սարոն, Քաթարում են աշխատում: Ես մենակ եմ ապրում Հալեպում: Շատերն են ինձ հարցնում` եթե զավակներդ Հալեպում չեն, դու ինչո՞ւ ես շարունակում այնտեղ մնալ: Այս հարցին ես միայն մեկ պատասխան ունեմ, շատ պարզ ու հստակ պատասխան` 3 զավակների փոխարեն այսօր ես Հալեպում 500 զավակ ունեմ (հուզվում է-հեղ.), այդ պատճառով չեմ կարող ձգել նրանց:
Հետևաբար, այն մարդիկ, որոնք այսօր շարունակում են Սիրիայում մնալ, բոլորն էլ իրենց պատճառներն ունեն այնտեղ մնալու: Իսկ մենք էլ պարտավոր ենք նրանց զավակներին պահապան լինելու:
Հոս արժե մատնանշել մեր ազգային իշխանությունների աշխատանքը: Երևակայեցեք, մենք այնտեղ ունենք երիտասարդներ, որոնք պահակություն են անում, պահպանում են մեր դպրոցները, երբ մենք հանգիստ քնած ենք լինում: Ունենք երիտասարդներ, որոնք մեր եկեղեցիները, հայկական թաղամասերն են պաշտպանում: Եվ երբ որևէ օտար մեքենա են տեսնում հայկական թաղամասում, անմիջապես պետք է մոտենան, ստուգեն, իմանան, թե ինչ է, չլինի, թե ականապատ է: Մենք նման պայմաններում ենք ապրում Սիրիայում, և շատերն այդ մասին ոչինչ չեն իմանում: Զոհեր ենք տվել, նահատակներ: Ցավոք, իրողությունն այս է:
Ի ցավ սրտի ասեմ, որ մի քիչ ավելիով պետք է հետաքրքրվողներ լինեն Սիրիայի գաղութի իրավիճակով, որպեսզի կարողանանք մեր դպրոցները պահել, մեր աղքատ ընտանիքները պահել, մեր ծերերին, որոնք այսօր միայնակ են մնացել:
Այսպիսի կյանք է ապրում Սիրիան, այսպիսի վիճակ է ապրում Հալեպը: Հալեպում 5 եկեղեցի ունենք, դժբախտաբար, այդ 5 եկեղեցիներից միայն մեկն է այսօր գործում: Սուրբ Գևորգ Եկեղեցին ռմբակոծվել է, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես վնասվել է: Քառասուն Մանկունք եկեղեցին, որը 500 տարվա պատմություն ունի Հալեպում, այնպիսի շրջանում է այսօր, որ անկարելի է, որ մարդ այդ կողմերը կարողանա հասնել: Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես քաղաքի այն մասում է, որտեղ նույնպես ապահով չէ: Մնում է միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը մեր դպրոցին կից է: Միակ եկեղեցին է, որն այսօր գործում է Հալեպում: Այստեղ ուզում եմ հիշել Շահան Սրբազանին: Երբ հրաժեշտ տալու համար այցելեցի նրան, ասաց. «Կհուսամ, որ շուտով կվերադառնաս: Իսկ ես հոս մնացող եմ, ես ժողովրդիս հետ պետք է մեռնեմ…»: Ես այսօր հպարտությամբ եմ հիշում մեր Առաջնորդին, այն անձնվեր երիտասարդներին, մարդկանց, որոնց շնորհիվ գաղութը կայուն է մնում: Փա՛ռք Աստծո…
– Պարո´ն Անդրանիկ, շնորհակալություն Ձեզ զրույցի համար: Եվ տա Աստված, որ Սիրիայում օր առաջ խաղաղություն հաստատվի:
– Ես կհուսամ, որ շուտով խաղաղության աղավնին կվերադառնա Սիրիա, որպեսզի մենք կարողանանք կրկին անգամ մեր ազգային կյանքը վայելել, մեր եկեղեցիները, մեր դպրոցները վայելել: Բոլոր նրանք, որոնք դուրս ելան այս դժվար պայմանների բերումով, ու եթե դուրսը հաջողություն չեն գտել, վերադառնան իրենց բույնը, վերադառնան Սիրիա: Իսկ նրանց, որոնք Հայաստանում են հաստատվել, ցանկանում եմ հետևյալն ասել. հայրենիքը բառ մը չէ, հայրենիքը լոկ հասկացողություն մը չէ: Հայրենիքը այն զգացումն է, ապրումն է, որը մենք ի ծնե լսել ենք, լսել ենք մեր ժողովրդի մասին, պատմության մասին: Պետք է ցանկանայի, որ հայրենիքի անունը միշտ բարձր պահվի: Հայրենիքն անում է այն, ինչ կարողանում է, իր սահմանների մեջ, և մենք այդ ամենի համար շնորհակալ ենք:
Միևնույն ժամանակ շնորհակալ ենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք տեր ու պաշտպան են կենում գաղութին: Շնորհակալ ենք մեր բոլոր բարերարներին, որոնք պաշտպան են կենում, ապրուստն են ապահովում չքավոր ընտանիքների:
Հաջողություն եմ մաղթում մեր ժողովրդի բոլոր զավակներին և խաղաղություն Սիրիային և առաջադիմություն Մայր Հայրենիքին` Հայաստանին: Վարձքներդ ի կատար, ողջ մնաք…
Հարցազրույցը` Լուսինե Աբրահամյանի