Կոլոմբոսյանների ընտանիքը. յոգուրտի առաջին ապրանքանիշի հիմնադիրները

“Հայ գերդաստաններ” նախագծի շրջանակներում Մեդիամաքսը այս անգամ անդրադարձել է Կոլոմբոսյան ընտանիքին, որին պատկանում է աշխարհահռչակ յոգուրտի ստեղծումը: 

Թերեւս քչերին է հայտնի, որ ամերիկյան առողջ սննդի հեղափոխության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը` յոգուրտը, հայկական խոհանոցի ծնունդ է:

Սարգիս եւ Ռոզա Կոլոմբոսյանները Ամերիկայի Անդովեր քաղաք էին տեղափոխվել այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Չունկուշ գյուղից, որը Հայոց ցեղասպանությունից հետո լրիվ հայաթափվել էր: Հաստատվելով Ամերիկայի  Միացյալ Նահանգներում՝ Կոլոմբոսյանների ընտանիքը, ինչպես շատ այլ հայ ընտանիքներ, բախվում է սեփական արժանապատիվ գոյությունն ապահովելու եւ զավակներին բարեկեցիկ կյանք պարգեւելու խնդրին: Եվ այս պայմաններում Ռոզա Կոլոմբոսյանը դիմում է իր խոհարարական հմտություններին՝ արդյունքում իր տան խոհանոցում մածունի եւ այլ բաղադրիչների համադրումից ստեղծելով այն առողջարար սննդամթերքը, որը, ստանալով “Յոգուրտ” անվանումը, շուտով գրավում է ամերիկյան, այնուհետեւ՝ նաեւ համաշխարհային շուկան:

Յոգուրտի արտադրությունը սկսվել է 1929թ., երբ Ռոզա եւ Սարգիս Կոլոմբոսյանները հիմնեցին “Կոլոմբո եւ որդիներ” փոքրիկ ընկերությունը: “Սկզբնական շրջանում ծնողներս ստիպված էին պայքարել իրենց գործի հաջողության համար: Նրանք ունեին մի փոքրիկ ագարակ, մեկ-երկու կով եւ այգի: Այստեղ բացի յոգուրտից նրանք արտադրում էին նաեւ բանջարեղեն եւ շատ այլ մթերքներ: Երբ 30-ական թվականներին մեր ընտանիքը յոգուրտը ներկայացրեց տեղական շուկայում, գնորդները հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին` հույներ, հրեաներ, իտալացիներ, իսկ վաճառքի ծավալը շատ փոքր էր”,- ծնողների հիմնած բիզնեսի եւ նրանց  առջեւ ծառացած դժվարությունների մասին պատմում է Սարգիս եւ Ռոզա Կոլոմբոսյանների որդին` Ռոբերտ Կոլոմբոսյանը,- “Երբ ես եւ եղբայրս դպրոց էինք հաճախում, երբեմն մեզ ծաղրում էին, քանի որ մեր առաքման մեքենայի վրա գրված էր “MADZOON”: Այն ժամանակ քչերը գիտեին, թե ինչ է յոգուրտը, դե իսկ մածունը լրիվ անծանոթ էր”

“Կոլոմբո յոգուրտ”-ի վերելքի ուղին


Ռոբերտ Կոլոմբոսյանը
Լուսանկարը՝ http://www.gloucestertimes.com-ի

Կարելի է ասել, որ “Կոլոմբո յոգուրտ”-ի հանրահայտ դառնալու եւ վաճառքի ծավալների մեծացման գործում հեղաշրջիչ նշանակություն ունեցավ Reader’s Digest-ում Գ. Հաուզերի հոդվածը: Գ. Հաուզերը, ով ամերիկյան հայտնի դիետոլոգ էր եւ առողջ սննդին նվիրված գրքերի հեղինակ, մի ծավալուն հոդվածով անդրադարձել էր յոգուրտի օգտակար հատկություններին՝ այն ներկայացնելով “հրաշալի մթերքների” իր հնգյակում: Այս իրադարձության ազդեցության մասին Ռոբերտ Կոլոմբոսյանը պատմում է. “Այդ հոդվածից հետո վաճառքի ծավալները սկսեցին աճել, ես բազմաթիվ զանգեր էի ստանում, այդ շրջանում ոչ ոք չգիտեր յոգուրտ պատրաստելու բաղադրատոմսը, եւ ես միակն էի “Նոր Անգլիայի” տարածքում, որ գիտեի այն: Այսպիսով, որոշեցի զարգացնել այդ բիզնեսը: Ես եւ եղբայրս` Ջոնը, 1970թ. մեր ընկերությունը ներգրավեցինք Մասաչուսեթս նահանգի Մեթուեն քաղաքի արդյունաբերական շուկայում, եւ այսպես սկսվեց ապրանքանիշի վերելքը: Այնտեղ տեղափոխվելու առաջին տարում իմ եկամուտը կազմեց 300 հազար դոլար, իսկ հետագայում այն հասավ միլիոնի: Հայրս մահացավ 1966 թ-ին, նրան բախտ չվիճակվեց տեսնել ընտանեկան բիզնեսի ծաղկումը: Մորս, ով մահացավ 1981 թ-ին, հաջողվեց ականատես լինել այդ հաջողությանը”:

“Կոլոմբո յոգուրտի” բիզնեսը գնալով աճում էր, եւ Ռոբերտ Կոլոմբոսյանի առջեւ ծառացավ գործընկեր գտնելու կամ ընտանեկան բիզնեսը վաճառելու խնդիրը, եւ նրա որոշումը երկրորդի օգտին էր: Արդյունքում 1977թ. ընկերությունը վաճառվեց Bongrain ֆրանսիական ընկերությանը, որն էլ իր հերթին 1993 թ-ին այն վաճառեց General Mills-ին:

2001թ. General Mills-ը Ռբերտ Կոլոմբոսյանին եւ նրա կնոջը` Ալիս Կոլոմբոսյանին հրավիրեց նկարահանվելու ապրանքանիշի գովազդային արշավում` որպես գլխավոր դերակատարներ: Արդյունքում նրանք դարձան “Կոլոմբո յոգուրտի” գովազդային դեմքը, իսկ Ռոբերտ Կոլոմբոսյանը որպես խորհրդատու սկսեց համագործակցությունը General Mills-ի հետ:


Ռոբերտ Կոլոմբոսյանը
Լուսանկարը՝ http://www.eagletribune.com-ի

“Երբ նրանք հարցրին, թե ինչ առաջարկներ ունեմ, ասացի, որ կուզենայի շեշտել, որ ստեղծման պահին ընկերությունը հայկական է եղել: General Mills-ը տվեց իր համաձայնությունը, եւ արդյունքում գովազդային  հոլովակում մի հատված ես հայերեն էի խոսում՝ ասելով “Ասիգա շատ համով է”, եւ քանի որ “Կոլոմբո” անունը իտալական հնչողություն ուներ, ես շեշտեցի Կոլոմբոսյան ազգանունը”,- պատմում է Ռոբերտ Կոլոմբոսյանը:

2010 թ-ին General Mills-ը հայտարարեց, որ ընկերությունը որոշել է հրաժարվել “Կոլոմբո” ապրանքանիշից եւ կենտրոնանալ յոգուրտի մեկ այլ` Yoplait ապրանքանիշի արտադրության վրա: Այս կապակցությամբ Ռոբերտ Կոլոմբոսյանը հայտարարեց, որ հիասթափված է General Mills-ի որոշումից, եւ ապրանքանիշից հրաժարվելը վատագույն բանն էր, որ կարող էր այս ընկերությունն անել, քանի որ “Կոլոմբոն” յոգուրտի ամենահին ապրանքանիշն է ԱՄՆ-ում: Չնայած ամեն ինչին՝ Կոլոմոբսյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը General Mills-ի հետ:

“Կոլոմբո յոգուրտը” ցայսօր արտադրվում է Պուերտո Ռիկոյի շուկայի համար:

Պատրաստեց Անժելա Կժդրյանը

www.mediamax.am

Scroll Up