Սամվել Գալստյան. «Անիվն ուզում է նորից իր հունով պտտվել…»

«Մարգարիտներ» ժողովրդական երգի և պարի խումբը շատ երիտասարդ պատմություն ունի: Վերջերս խումբը մեկնել էր Դիարբեքիր ու համերգ ունեցել այնտեղ բնակվող ծպտյալ հայերի համար: Այս մասին է «Հայերն այսօրի» հարցազրույցը «Մարգարիտներ» խմբի պրոդյուսեր Սամվել Գալստյանի հետ:

– Պարո´ն Գալստյան, ինչո՞ւ խումբ ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ:

-Մեր խմբի անդամները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն են, հիմնականում` Մարգարիտ Շահինյանի և իմ ուսանողները: Այսօր Հայաստանում հրաշալի խմբեր կան, որոնց ես ծանոթ եմ` «Ակունք», «Մարաթուկ» «Կարին» և այլն, բայց մեր առաքելությունն այլ է: «Մարգարիտները»  ուսանողների ուժերով է կազմվել, որոնք ուսումնասիրում են մեր երգերն ու պարերը և դրանք դրսևորելու հնարավորություն ունենում խմբում:

-Հետաքրքիր է, Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունն ինչպե՞ս ծնվեց:

– Շատ ինքնաբուխ. պետք է մեկնեինք Պրահա` մասնակցելու միջազգային փառատոնի: Դիմեցինք նախարարությանը` ֆինանսական աջակցության խնդրով: Նախարարությունում մեզ ասացին, որ հունիսի 29-ին Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում միջոցառում է կազմակերպվելու, և քանի որ մենք ավտոբուսով ենք մեկնելու` առաջարկեցին համերգային կանգառ անել Դիարբեքիրում:

Մեկնեցինք և… շատ ոգևորված, ազդված վերադարձանք, որովհետև հանդիպեցինք մարդկանց, որոնք շուրջ 100 տարի միայն իրենց արմատներով էին հայ: Հիմա կարծես անիվն ուզում է նորից իր հունով պտտվել, նրանք նորից վերադառնում են մեր ակունքներին, մեր կրոնին, անուններն են փոխում, հայկական ազգանունները վերականգնում:

– Պարո´ն Գալստյան, կխնդրեի, որ մեր ընթերցողների հետ կիսվեիք Ձեր տպավորություններով:

– Դիարբեքիրում մեզ շատ լավ դիմավորեցին, մնացինք 3 օր: Առաջին օրը` երեկոյան, Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում հոծ բազմություն էր հավաքվել` Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ. նստած եկեղեցու բակում` մոմերի լույսերի ներքո` բոլորը հայկական երգեր էին երգում: Ես` որպես հայ մարդ, արվեստագետ հասկացա, որ անկարելի է մեր ժողովրդին կոտրել, մեր ոգին, մեր հավատը, մեր էությունը չեն կարող կոտրել: Դիարբեքիրում 99 տոկոսը հայերեն չէին խոսում, բայց չէր մահացել հայի ոգին:

Հաջորդ օրը` առավոտյան, տեղի ունեցավ Պատարագ, երկրորդ կեսին` մկրտություն, այսինքն, մի քանի հայորդիներ վերադարձան Հայ Առաքելական Եկեղեցի և ընդունեցին Քրիստոսի մյուռոնն ու խաչը: Մեր երաժիշտներից` Շանթը, նույնպես մկրտվեց Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Այնուհետև տեղի ունեցավ մեր համերգը, որը մոտ երկու ժամ տևեց: Հատուկ տիգրանակերտցիների համար պատրաստել էինք Բալուի և Տիգրանակերտի հարսանեկան, ծիսական երգեր և պարեր, որը շատ հետաքրքիր ներկայացրինք: Հավաքվածները չնայած հայերեն չէին հասկանում, բայց մեզ հետ հավասար պարեցին Տիգրանակերտի պարերը, ինչը շատ ոգևորիչ էր մեզ համար:

Երեկոյան կատարվեց Դիարբեքիրում բնակվող զույգի հարսանեկան ծիսակատարություն: Չնայած նրանք 20 տարվա ամուսնական զույգ էին, բայց որոշել էին մկրտվել և Աստծո օրհնությունը ստանալ Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Օրվա ավարտին, ընթրիքի սեղանի շուրջն էին հավաքվել մոտ 300 մարդ, աշխարհի տարբեր երկրներից եկած տիգրանակերտցիները, որոնք Սուրբ Կիրակոսի տոնակատարության առիթով վերադարձել էին իրենց նախնիների ծննդավայր: Այս սեղանն ինձ համար ոչ թե ուտելիքի, հագենալու սեղան էր, այլ` հայահավաքի, որը շատ խորհրդանշական էր:

– Այսօր Հայաստանում են և Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին մասնակցում են Դիարբեքիրում ապրող շուրջ 50 հայ: Հետաքրքիր է, նրանց հանդիպե՞լ եք Դիարբեքիրում:

– Այո՛, Հայաստանում շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք, կարծես հարազատներ լինեինք: Նրանք հայերեն չէին հասկանում, մենք` թուրքերեն, բայց արյան կանչը բավական էր, որ զգայինք, հասկանայինք միմյանց:

Մենք միայն Դիարբեքիրում համերգ չենք ունեցել: Սփյուռքի նախարարությունից առաջարկ ստացանք մեկնելու նաև Դերսիմ, որտեղ նույնպես բնակվում են թաքուն հայեր, ալևիներ: Դերսիմում ելույթ ունեցանք քաղաքապետարանին կից գլխավոր պուրակում, որտեղ շուրջ 600 հանդիսատես էր հավաքվել, կարծում եմ` հայեր: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Մենք մինի ավտոբուսով էինք և սննդի պաշար ունեինք` ավանդական, հայկական լավաշ, պանիր: Համերգի վերջում, երբ մենք պատրաստվում էինք մեկնել, տեղի հայերը լավաշ և պանիր խնդրեցին և իբրև մասունք, նշխար` ճաշակեցին: Երբ տեսա այդ ամենը,  մեր ամբողջ սնունդը տվեցի նրանց ու ասացի, որ կտանեք ու երեկոյան կճաշակեք ձեր ընտանիքի անդամների հետ: Գիտե՞ք ինչ կատարվեց նրանց հետ, կարծես աշխարհը նրանց տված լինեինք:

– Փաստորեն, մշակութային լեզվով կարողացաք կամրջել երկու հարազատ, բայց հեռու աշխարհներ:

– Այստեղ մշակույթի լեզուն չէր պատճառը, այլ` արյան կանչը: Լեզուն կապ չունի, կարևորը ոգին է: Ես վստահ եմ` նրանք մեծ կամք ունեն և հայերեն կսովորեն: Նրանց նմանները Թուրքիայում այսօր շատ-շատ են: Կարծում եմ, որ Հրանտ Դինքի թաղմանը, երբ այդքան հոծ բազմություն էր հավաքվել, մեծամասնությունը ծպտյալ հայեր էին, որոնք պարզապես ցնցեցին Ստամբուլը: Կարևոր չէ, թե մենք ազգանունով, անունով հայ ենք, քրիստոնյա ենք, թե մահմեդական, կարևորը` ինքնությունն է, հայկական արմատը: Կարծում եմ, որ այս շարժումը պետք  է լայն թափ հավաքի:

Դիարբեքիրում ու Դերսիմում անչափ հուզիչ համերգներից հետո մենք շարունակեցինք մեր ուղևորությունը դեպի Պրահա: Պրահայում կայացած միջազգային փառատոնին 35 երկրներ էին մասնակցում: «Մարգարիտները» ճանաչվեց ազգային ժառանգությունը կրող երիտասարդական լավագույն խումբ և արժանացավ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին ու ստացավ ոսկե մեդալ: Հաջորդ օրը Սփյուռքի նախարարության աջակցությամբ ելույթ ունեցանք հայկական համայնքի համար` Պրագայի գլխավոր գրադարանի դահլիճում: Շատ լավ երեկո տեղի ունեցավ:

Առաջիկայում ունենք համաշխարհային փառատոնին մասնակցելու ևս մեկ հրավեր, որը կայանալու է օգոստոսի 22-30-ը:

Իսկ որպես վերջաբան` ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը, հատկապես` նախարար Հրանուշ Հակոբյանին, աշխատակազմի ղեկավար  Ֆիրդուս Զաքարյանին, որը իմ շատ լավ բարեկամն է: Երբ վերադարձանք, նախարարը մեզ ընդունեց, շնորհակալություն հայտնեց: Իսկ երբ լավաշի ու պանրի պատմությունը պատմեցի` հուզվեց: Կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը շատ կարևոր գործ է որդեգրել: Այստեղ ուզում եմ հիշել այն պատմությունը, թե ինչպես Անդրանիկի զինյալները, գյուղե-գյուղ ընկած, հայեր էին հավաքում, հայեր էին փնտրում, ասելով` հայ ենք փնտրում, մեկ հայը` մեկ ոսկի: Սփյուռքի նախարությունն այսօր նույն գործն է անում, ցանկանում է ծպտյալ, ազգությունը, ինքնությունը, կրոնը մոռացած հայերին դարձի բերել և վերադարձնել իրենց կրոնին, լեզվին, մշակույթին, որը շատ կարևոր է:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Մշակույթի նախարարությանը, ՀՅԴ բյուրոյին, որոնք նույնպես ֆինանսապես աջակցեցին մեզ:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

«Մարգարիտներ»-ավանդական-երգի-պարի-համույթ afisha-Margaritner-1 middle_5d032df1761bf2575ca5a55a9951eb66

Scroll Up