Սիրիահայ երիտասարդը ցանկանում է հաստատվել և ապրել Հայաստանում
Սիրիական պատերազմի հետևանքով հայրենիք ներգաղթած սիրիահայ Պետրոս
Դավուդյանը ցանկանում է Հայաստանում սեփական գործը հիմնել և հաստատվել հայրենիքում: Օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը սիրիահայ երիտասարդը նշեց, որ արդեն 1 տարի 10 ամիս է, ինչ Հայաստանում է և այստեղ իրեն շատ լավ է զգում, ուրախ է, որ ապրում է հայրենիքում: «Ես միշտ ցանկանում էի Հայաստան գալ, տեսնել հայրենիքս, ցանկանում էի ուսումս Հայաստանում շարունակել, ծնողներս չէին թողնում, քանի որ իրենց միակ տղան եմ: Սակայն երբ Սիրիայում պատերազմը սկսվեց, ծնողներս ինձ Հայաստան ուղարկեցին: Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում պտտվում էի հայրենիքում և շատ ուրախ էի, որ Հայաստանում էի: Հետո արդեն սկսեցի աշխատանք փնտրել:
Հիմա արդեն ցանկություն կա հաստատվել և ապրել այստեղ, ցանկանում եմ սեփական գործ հիմնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Դավուդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ինքը բարեկամներ ունի, ընկերներ և ցանկանում է նոր ընկերներ ձեռք բերել:
Նա նշեց, որ ցանկանում է ռեստորան հիմնել Երևանում, որտեղ կմատուցվեն տարատեսակ ճաշատեսակներ՝ հայկական, արևելյան, եվրոպական և այլն: Դավուդյանն արդեն բիզնեսը սկսելու համար դիմել է բանկ վարկի համար և շուտով ստանալու է: «Շուտով վարկս կստանամ և կսկսեմ գործս: Դժվարություններից և մրցակցությունից չեմ վախենում: Դժվարություններ ամեն տեղ էլ կան, սակայն դրանցից ոչ թե վախենալ է պետք, այլ դրանք հաղթահարել»,- ասաց Դավուդյանը:
Ասուլիսին ներկա սիրիահայ մյուս երիտասարդը՝ Մայք Բատտուքն, ընդհակառակը, Հայաստանում մնալու միտք չունի և պատերազմի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ Սիրիա: Նա նշեց, որ արդեն շուրջ երկու տարի Հայաստանում է ապրում և զբաղվում է նույն գործով, ինչ անում էր Սիրիայում: «Սիրիայում ես զբաղվում է զարդեղենի վաճառքով: Երբ եկա Հայաստան, փորձում էի աշխատանք գտնել, սակայն տեսա, որ այստեղ աշխատավարձերը ցածր են և որոշեցի ավելի լավ կլինի՝ սեփական գործս ունենամ և սկսեցի իմ հին գործով զբաղվել»,- ասաց նա:
Բատտուքն, այնուամենայնիվ, ընդգծեց, որ Սիրիայում պատերազմն սկսվելու պահին մի վայրկյան անգամ չի մտածել Հայաստանից բացի այլ երկիր գնալու մասին: «Միշտ ցանկանում էի Հայաստանում լինել, և երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, մտածում էի միայն Հայաստան գալու մասին: Այստեղ էլ եկա այն հույսով, որ մի երկու-երեք ամիս կմնամ, երբ պատերազմն ավարտվի, կրկին կվերադառնամ Սիրիա, սակայն իրավիճակն ավելի բարդացավ, և ես մինչև հիմա այստեղ եմ»,- ասաց նա:
Երիտասարդը նշում է, որ Սիրիա վերադառնալու ցանկության հիմնական պատճառն այն է, որ ինքն ամեն ինչ՝ տուն, ունեցվածք, թողել է այնտեղ և եկել է Հայաստան, իսկ պատերազմի ավարտից հետո պետք է վերադառնա իր ունեցվածքին տեր կանգնելու համար:
Բատտուքը բարձր է գնահատում նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատանքը, որը սիրիահայերին ահռելի աջակցություն է ցուցաբերել: Նա ընդգծեց, որ նախարարությունն իսկապես ամեն ինչ արել է սիրիահայերին տարբեր հարցերով օգնելու համար` միևնույն ժամանակ շեշտելով, որ եթե նույնիսկ եղել են ինչ-ինչ թերություններ, դրանք կապված են եղել նրա հետ, որ նախարարությունը պատրաստ չի եղել միանգամից այդքան սիրիահայերի ընդունելուն: