«Միացի՛ր և ճանաչի՛ր հայրենիքդ-2014»

Հուլիսի 21-29 կայացավ «Վրաստանի  Հայ Համայնք»-ի արդեն ավանդույթ դարձած «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ» ծրագիրը: Հայրենիքում անցկացրած 9 օրվա ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան, Ուսանողական և Երիտասարդական Միությունների անդամներն այցելեցին Հայաստան  և Արցախ:

«Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագիրը մեկնարկեց հուլիսի 21-ի վաղ առավոտյան: Առաջին իսկ օրը ծրագրի մասնակիցներն այցելեցին Ապարան, որտեղ հարգեցին մեծն Դրոյի հիշատակը, ինչից հետո ուղևորվեցին դեպի Երևան: Ժամանելով Երևան` «Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամները կարճ հանդիպում անցկացրին Արամ Մանուկյանի անվան կենտրոնի Պատանեկան միության ներկայացուցիչների  հետ: Նույն օրը ծրագրի մասնակիցները զբոսնեցին երեկոյան Երևանում:

Հուլիսի 22-ին «Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամները այցելեցին Սարդարապատ, որտեղ հանդիպում կայացավ «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014»-ի և «Արի տուն» ծրագրի մասնակիցների միջև:

1918թ. Սարդարապատի ճակատամարտի թանգարանային համալիրի ուսումնասիրությունից հետո ծրագրի մասնակիցները այցելեցին Էջմիածին, Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր: Նույն օրը «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության անդամները հանդիպեցին  ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի և նախարարության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի ներկայացուցիրների հետ: Հանդիպման ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությանը կազմակերպության գործունեությանն աջակցելու համար, քննարկեցին վիրահայության հետագա զարգացման և վիրահայ համայնքի ամրացման հետ կապված ներքին հարցեր, նշեցին փոխադարձ համագործակցության հեռանկարները:

Հուլիսի 23-ին ծրագրի 55 մասնակիցները ճամփորդություն սկսեցին դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ճանապարհին կանգառներ եղան Խոր վիրապում, Նորավանքում, Տաթևի վանքում, որտեղ «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի մասնակիցները գիշերեցին վրաններում:

Հաջորդ առավոտյան երեխաները, որոնց մեծամասնությունն առաջին անգամ էր լինում  Հայաստանում, գնացին Սատանի Կամուրջ, ինչից հետո ճանապարհվեցին դեպի  Արցախ: Երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ  ավտոբուսը կանգ առավ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: Իրականացավ բոլոր երեխաների երազանքը` վերջապես նրանք հասան Ղարաբաղ: Երեխաների մեծամասնությունը զարմացած էր` տեսնելով Ստեփանակերտի մաքուր, բարեկարգ և բազմամարդ փողոցները… Զարմացած էին նաև ավտոբուսի վարորդները, որոնք մինչև վերջին պահն էլ վարանում էին` գնա՞լ, թե չգնա՞լ Ղարաբաղ, քանի որ Վրաստանում մինչ օրս մեծամասնությունը բացարձակապես տեղյակ չէ Ազատագրված Ղարաբաղի իրական դրությունից… Երեկոյան ծրագրի մասնակիցները զբոսնեցին Ստեփանակերտում և հնարավորություն ունեցան տեսնելու ոչ միայն Ստեփանակերտի երեկոյան գեղեցկությունը, այլև շփվելու տեղի բնակչության հետ:

 Արցախում գտնվելու ողջ ընթացքում «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի մասնակիցներին հյուրընկալեց Քրիստափոր Իվանյանի անվան Ռազմական Ուսումնարանը: 4 օրվա ընթացքում «Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամներն ապրեցին ռազմական ուսումնարանում, որտեղ հանդիպեցին ռազմական կարգուկանոնին և զգացին Լեռնային Ղարաբաղի բանակի ոգին:

Ղարաբաղում գտնվելու երկրորդ օրը հուլիսի 25-ին սկսվեց Ղարաբաղի խորհրդանիշ դարձած Տատիկ-Պապիկի հուշարձանի այցելությունը, ինչից հետո ծրագրի մասնակիցներն այցելեցին  Գանձասար, ժամանակակից բարեկարգված գյուղ Վանքը, Արցախյան հողի մեծն որդի Նիկոլ Դումանի տուն-թանգարանը: Արցախի հյուսիսային շրջանների այցելությունից հետո ծրագրի մասնակիցները ուղևորվեցին Շուշի, որտեղ հանդիպում անցկացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Երիտասարդության և Մշակույթի փոխնախարարի` Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, ինչպես նաև զբոսնեցին Շուշի քաղաքի փողոցներում: «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի տպավորություններով հագեցած հինգերորդ օրն ավարտվեց Ջդրդուզի այցելությամբ, մի փառահեղ կիրճ, որտեղից բացվում էր աննման տեսարան դեպի Կենտրոնական Արցախի մեծ մասը: Հենց այդտեղ էլ ծրագրի մասնակիցները հիացան մայրամուտով, ինչից հետո հոգնած, բայց երջանիկ ու տպավորություններով լեցուն վերադարձան   Ռազմական ուսումնարան:

Հուլիսի 26-ի վաղ առավոտյան ծրագրի մասնակիցներն այցելեցին Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ հերոսների թանգարան, ուսումնասիրեցին ձեռքով պատրաստած զենքերը, Լեռնային Ղարաբաղի անկախության համար կռված մարտիկների անձնական իրերը, ինչից հետո ճանապարհվեցին դեպի Տիգրանակերտ: Ճանապարհին տեսան Աղդամ քաղաքի ավերակները, կռվի դաշտում մնացած տանկերն ու թշնամու այլ ռազմական տեխնիկան… Տպավորվում և ոգևորվում էին Արցախի բանակի հզորությամբ: Տիգրանակերտ այցելությունից հետո թբիլիսահայերը ուղևորվեցին Հունոտ, որտեղ Քարքառ գետի ափին էլ անցկացրին օրվա մնացած մասը:

Արցախում գտնվելու վերջին օրը` հուլիսի 27-ը, սկսվեց առավոտ կանուխ: Ծրագրի մասնակիցները հարգեցին «Լիսաբոնյան հնգյակի» հիշատակը, հինգ երիտասարդ հայեր, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն հայ ժողովրդի արդար դատի: Կարճ դասախոսությունից հետո ծրագրի մասնակիցները նախաճաշեցին, հրաժեշտ տվեցին Ռազմական Ուսումնարանի հյուրընկալ ընկերներին և ճանապարհվեցին հայտնի տանկի մոտ, որը 1992թ.-ի մայիսի 9-ին առաջինն է մտել Ազատագրված Շուշի: Ծրագրի մասնակիցներն այցելեցին նաև Շուշի քաղաքի ամրոցը, ինչից հետո ավտոբուսը ճանապարհվեց նորից դեպի Տաթև, որտեղ «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի 55 մասնակիցները նստեցին աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին: Տաթևից հետո ավտոբուսը շարժվեց դեպի Ջերմուկ, որտեղ երեխաները զբոսնեցին Ջերմուկի ազգային այգում: Գիշերն ընկավ, և ավտոբուսը կանգ առավ Սելիմի լեռնանցքից ոչ հեռու, որտեղ էլ տեղադրվեցին ճամբարային վրանները:

Հուլիսի 28-ի առավոտյան «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի մասնակիցները այցելեցին Գավառ քաղաք, ինչից հետո վրաններ տեղադրեցին Սևանա լճի ափին, որտեղ տևական ծրագրի ավարտին հնարավորություն ստացան հանգստանալու և լողալու բարձրալեռ Սևանա լճում: Երեկոյան «Վրաստանի Հայ Համայնք»-ի անդամները խարույկ վառեցին Սևանա լճի ափին և նշեցին «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի 4 մասնակցի` Խաչիկ Սարգսյանի, Աննա Պապոյանի, Լիկա Ներսիսյանի և Սյուզի Հարությունյանի տարեդարձը:

Հուլիսի 29-ին ծրագրի մասնակիցները հավաքեցին ճամբարային վրանները և ուղևորվեցին դեպի Թբիլիսի, ճանապարհին այցելելով Պարզ լիճ և Գոշավանք:

Ամփոփելով «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի արդյունքները` կարելի է հաստատապես ասել, որ «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան, Երիտասարդական և Ուսանողական Միությունների 55 անդամները հասան իրենց նպատակին` ճանաչեցին Հայրենիքը: Տեսան Հայաստանի Հանրապետությունն ու Ազատագրված Արցախը: Տեսան և զգացին հայ ժողովրդի բազմադարյա պատմությունը: Տեսան և ճանաչեցին հայ ժողովրդի միաբանության արդյունքն ու անձնուրաց պայքարը հանուն Ազատագրված Արցախի անկախության:

«Վրաստանի Հայ Համայնք»-ը շնորհավորում է Պատանեկան, Երիտասարդական և Ուսանողական Միությունների անդամներին և նրանց ընտանիքներին «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը, որի աջակցության շնորհիվ ծրագրի մասնակիցները կարողացան անարգել այցելել Սարդարապատի հուշահամալիր  և նստել «Տաթևեր» ճոպանուղին: «Վրաստանի Հայ Համայնք»-ը նաև հատուկ շնորհակալություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության և Մշակույթի նախարարություններին, որոնց աջակցության շնորհիվ «Միացի՛ր և ճանաչի՛ր Հայրենիքդ-2014» ծրագրի մասնակիցները կարողացան լիարժեքորեն ճանաչել և սիրել Հայրենիքի անբաժանելի մասը` Ազատագրված Արցախը:

http://armenian-community.ge

Scroll Up