Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին…

Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցների համար նախատեսված միջոցառումների շարքը:

Հերթական այցելության վայրը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին բոլոր մասնակիցները:

Նրանց դիմավորեց կենտրոնի հասարակության հետ կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը: Գայանեն հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրեց «Թումո» կենտրոնի ստեղծման պատմությունը, ապա հանգամանալից պատմեց գործունեության, սաների ընդունելության կարգի մասին: Այս ամենին հաջորդեցին կարճամետրաժ հետաքրքիր ֆիլմերի ցուցադրումը, որի միջոցով պարզ դարձավ, թե ինչով են զբաղվում կենտրոնի սաները, ինչ ծրագրեր են մշակում և ինչ առօրյա ունեն այնտեղ:

Տեղեկացվեց, որ սփյուռքի երիտասարդների համար նույնպես ծրագիր ունեն նախատեսած, որը «Թումո ճամբար» է կոչվում: Ծրագրին կարող են մասնակցել 12-16 տարեկան աշխարհասփյուռ բոլոր հայ երիտասարդները: Ծրագիրը 1-2 շաբաթ է տևում, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում սովորել ռոբոտաշինություն, կայքերի պատրաստում, անիմացիա, երաժշտության, ֆիլմերի, խաղերի, ստեղծագրությունների ստեղծում և այլն: Ծրագրին մասնակցություն են ունեցել ԱՄՆ-ից, Իսպանիայից, Հունաստանից, ՌԴ մի շարք քաղաքների և այլ երկրների հայ երիտասարդները:

Ապա ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ հարցուպատասխան: «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնք սպառիչ պատասխաններ ստացան: Իսկ հանդիպման վերջում բոլորը շրջեցին «Թումո» կենտրոնում, ծանոթացան այնտեղի տեխնիկական հագեցվածությանը և զրուցեցին սաների հետ:  Օրն ամփոփվեց համատեղ լուսանկարվելով, որն էլ վառ հիշողություն կմնա նրանց սրտերում:

Գևորգ   Չիչյան

unnamed (1) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (9) unnamed (10) unnamed (11)

Scroll Up