Բացառիկ երևույթ տարածաշրջանում. Հայաստանը ստեղծել է «Արեալ» գծային արագացուցիչ

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը ստեղծել է «Արեալ» գծային արագացուցիչը, որի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր: Արագացուցիչը գիտական ու կիրառական նշանակություն ունի ֆիզիկայի, քիմիայի կենսաբանության և նյութագիտության բնագավառների փորձարարական հետազոտությունների համար։

Լրագրողների հետ զրույցում «ՔԵՆԴԼ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վասիլի Ցականովը ներկայացրեց արագացուցչի կարևորությունը: «Մենք հաջող ավարտեցինք առաջին փուլը, և Հայաստանը կառուցեց ժամանակակից արագացուցիչ, ինչը բացառիկ երևույթ է, ոչ միայն տարածաշրջանում»,- նշեց նա և ավելացրեց, որ նման բան միայն զարգացած պետություններն ունեն:

Նա հայտնեց, որ Գերմանիայի և Շվեյցարիայի արագացուցչային կենտրոնը ինստիտուտին տրամադրել է գերժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տվել կառուցել ժամանակակից արագացուցիչ:

Այսպիսով ԱՐԵԱԼ-ը հնարավորություն է տալու ստանալ էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսներ, ինչը ժամանակակից փնջերի ֆիզիկայի և արագացուցչային տեխնիկայի հեռանկարային բնագավառից է և գերակա ուղղություն է աշխարհի շատ առաջատար կենտրոնների կողմից:

«Հիմնական իժեներական կազմը և գիտնականները երիտասարդ կադրեր են եղել: Հոկտեմբերին շահագործման կհանձնվի երկու էքսպերիմենտալ լաբորատորիա: Տարբեր գիտական կենտրոններից 15 հայտ ենք ստացել, որպեսզի ինստիտուտում կատարեն հետազոտություններ»,- ասաց Վասիլի Ցականովը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը «Քենդլ» ինստիտիուտի կողմից ստեղծած արագացուցիչը հերոսություն համարեց: «Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանը հայտնվեց ողբալի վիճակում, վերացավ կենտրոնացված ֆինանսավորումը և մեր գիտությունը հայտնվեց կոլապսում: Այն, ինչ կատարվեց այս վերջին 3-4 տարիների ընթացքում և հատկապես «Քենդլ» ինստիտուտի կողմից, այսինքն՝ փոքր ֆինանսավորման պարագայում ստեղծել նման լաբորատորիա, որն իրոք եզակի է տարածաշրջանում, ես համարում եմ իրոք հերոսություն»,- նշեց նա և ավելացրեց, որ արդեն արագացուցիչի նկատմամբ հետաքրքրություն կա ոչ միայն Հայաստանում:

Մանրամասները՝  tert.am կայքում:

Scroll Up