Գլխավոր հյուպատոսարանը Դոնի Ռոստովում

Ռուսաստանի Հարավային վարչական շրջանում՝ Դոնի Ռոստովում, 2003 թվականից հիմնադրվել ու գործում է ՌԴ-ում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը: Խորհրդանշական է, որ հյուպատոսությունը ստեղծվել է հենց Դոնի Ռոստովում, մի քաղաքում, ուր բազմաթիվ հայկական հետքեր և նորոգվող հայկականություն կա: 1778 թվականին Ղրիմից Եկատերինա Բ-ի հրահանգով մեծ թվով հայ վաճառականներ տեղափոխվել են բնակության Դոնի Ռոստովի տարածք, հիմնել իրենց բնակավայրը՝ այն կոչելով Նախիջևան: 1838 թվականին Երևանի նահանգի Նախիջևանից տարբերելու համար բնակավայրը  վերանվանվել է Նոր Նախիջևան։ XIX դարի սկզբին Նոր Նախիջևանը արհեստա-արդյունաբերական և առևտրական կենտրոն էր։ Քաղաքամերձ գյուղերում զարգանում էին անասնապահությունը և հողագործությունը։ Աստիճանաբար զարգացավ նաև քաղաքաշինությունը՝ բնակավայրը հարստացնելով ինքնատիպ շենք-ինություններով, սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող կառույցներով։ Քաղաքում կառուցվեցին վեց հայկական եկեղեցի, արվարձանում Սուրբ Նշան վանքը։ Նոր հաստատված բնակչությանը արտոնություններ էին տրամադրվում։ 1783թ.  քաղաքում տպարան է բացվում, որտեղ տպագրվում են թերթեր, հանդեսներ և գրքեր։ Գործում են հոգևոր ճեմարան, իգական և արական գիմնազիաներ, արհեստագործական և առևտրական ուսումնարաններ։ Ընդհանուր առմամբ 1819 թվականին Նոր Նախիջևանում գործում էին 9 բարեգործական և լուսավորչական հիմնարկություններ։ 1900 թվականին կառուցվում է թատրոնի նոր շենքը։ 1928 թվականին Նոր Նախիջևանը միավորվել է Դոնի Ռոստովին և դարձել նրա վարչական շրջաններից մեկը՝ կրելով Ալեքսանդր Մյասնիկյանի անունը: Դոնի Ռոստովում են ծնվել Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյանը, Մարտիրոս Սարյանը, Սիմոն Վրացյանը, ականավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, նկարիչներ Սեյրան Խաթլամաջյանը, Գրիգոր Շլդյանը, ուրիշներ:

Դոնի Ռոստովում 1988 թվականին հիմնադրվում է հայկական համայնքը՝ ունենալով արդեն համայնքային իր կառույցները: Համայնքը համարվում է ՌԴ-ում ամենամեծ հայ համայնքներից մեկը: Նշանակալից է համայնքի դերը տեղի հայազգի ներկայացուցիչների էթնո-մշակութային ինքնության պահպանման եւ ամրապնդման, հայոց լեզվի ուսուցման, Հայաստանի հետ սոցիալական, հոգեւոր, մշակութային կապերի խորացման գործում: «Դոնի Նոր Նախիջեւան» հայկական համայնքի գործունեության խնդիրներից է` միավորելով հայ ազգաբնակչությանը, երիտասարդությանը` աջակցել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ փոխըմբռնման եւ բարեկամական հարաբերությունների խորացմանը: Վերջին տարիների ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ փոխադարձ այցելություններ ՀՀ եւ Դոնի Ռոստովի քաղաքական, մշակութային, սպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների միջեւ: «Դոնի Նոր Նախիջեւան» հայկական համայնքի հովանու ներքո կազմակերպվում եւ իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, երեկոներ, որոնք նպաստում են պատմական հայրենիքի հետ կապերի խորացմանը, ինչպես նաեւ հայ մշակույթի քարոզչությանը և հանրահռչակմանը: Գլխավոր հյուպատոսության և համայնքի կապերը սերտ են, կանոնակարգված: Հատկապես հզոր համայնքի և պահպանված ավանդույթների շնորհիվ էլ շատ շուտ կայացավ հյուպատոսությունը, որն արդեն իր ներկայությունն է հաստատել Ռուսաստանի հարավում՝ որպես ինքնուրույն դիվանագիտական ծառայություն:

Հյուպատոսության կայացման, աշխատանքների բազմազանության մեջ ակնառու են Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի ներդրումներն ու ծառայությունները: Նրան Դոնի Ռոստովում բարձր են գնահատում շնորհիվ իր աշխատասիրության, անսահման եռանդի, հայկական ու ազգային խնդիրների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի: Մինչև Գլխավոր հյուպատոսի պարտականություններին անցնելը Արարատ Գոմցյանը կյանքի մեծ ճանապարհ էր անցել՝ հատկապես իր ներդրումն ունենալով անկախ պետականության պատմության մեջ: Ուշագրավ է Արարատ Գոմցյանի կենսագրությունը: Ծնվել է Լենինական-Գյումրիում՝ 1948 թվականին: Արմատներով Ջավախքից է, մի երկրից, որը սերտակցված լինելով Շիրակ աշխարհին, նույնացել է լեզվով ու կենցաղով: 1971 թվականին Արարատ Գոմցյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ուսմանը զուգընթաց աշխատելով Երևանի շինարարական կազմակերպություններում: Ունենալով մեծ սեր գիտության հանդեպ, 1972-ին աշխատանքի է անցել ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում, այստեղ պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: 1979-ին հրավիրվել է Հայաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտե, աշխատել է որպես հրահանգիչ, տեսուչ, սեկտորի վարիչ: 1986-ին կուսակցությունը նրան գործուղել է Հայաստանի ամենաբարդ շրջանը՝ Ղուկասյան, ներկայիս Աշոցք, որտեղ նա ստանձնել է կուսշրջկոմի առաջին քարտուղարի պարտականությունները: Դժվար ժամանակներ բաժին ընկան Արարատ Գոմցյանին, որովհետև 1988-ին սկիզբ առան Ղարաբաղյան և ժողովրդավարական շարժումները, մեծ թվով ադրբեջանցի բնակիչներ ունեցող Ղուկասյանի շրջանը ևս ցնցումների ենթարկվեց, բայց Արարատ Գոմցյանն իր մեջ ուժ գտավ երկխոսություն վարելու, ազգամիջյան բախումներ թույլ չտալու: Շատ ադրբեջանցիներ հեռացան Հայաստանից՝ գոհ ու շնորհակալ, որ, ի տարբերություն Ադրբեջանում իրենց հայրենակիցների, հայերն իրենց պարզապես ճանապարհում են… Մերօրյա պատմագիտությունը դեռ առիթ կունենա անդրադառնալու այս բարդ ու դժվարին ժամանակներին, ներկայացնելու իրադարձությունները, նաև այն անձանց, ովքեր զենք ու ձեռք չբարձրացրեցին այն մարդկանց վրա, ում հետ տասնամյակներ շարունակ ապրել էին կողք-կողքի…

1990 թվականին Արարատ Գոմցյանը նշանակվում է ՀԽՍՀ Բնակարանային և կոմունալ տնտեսության հանրապետական կոմիտեի նախագահ, իսկ 1991-1994 թվականներին համատեղությամբ եղել է սահմանամերձ ռազմաճակատային գոտիներում բնակավայրերի վերականգնման, բանակի թիկունքի ապահովման շտաբի պետ /Գորիս, Կապան, Ասկերան-Աղդամ, Քելբաջար-Վարդենիս-Զոդ/: Ղարաբաղյան հողում մեր տարած հաղթանակի մեջ նաև Արարատ Գոմցյանի ներկայությունն ու նվիրումը, ջանքն ու եռանդը կա: 1996 թվականին Արարատ Գոմցյանը նշանակվեց նորակազմ Շիրակի մարզի ղեկավար՝ մարզպետ: Բազմաթիվ են այն նախաձեռնությունները, որոնցով նա հանդես եկավ: 2000 թվականից նա արդեն ՀՀ կառավարության օպերատիվ գլխավոր վարչության պետն էր, ՀՀ վարչապետի խորհրդականը: Իսկ ահա 2003-ից Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ներկայացնում է Հայաստանը:

Բազմաթիվ են այն գործառույթները, որոնք իրականացնում է հյուպատոսությունը՝ մուտքի արտոնագրերի, անձնագրերի, նոտարական ծառայության, քաղաքացիության շնորհման և այլ աշխատանքներ, որոնք Արարատ Գոմցյանի ջանքերով իրականացվում են բարձր մակարդակով և բարեխղճությամբ: Պատահական չէ, որ ռոստովահայերը հյուպատոսարանը երկրորդ Հայաստան են կոչում, որովհետև այստեղ Հայաստանի շունչն է ու ոգին, հայ մարդն իրեն այստեղ ապահով ու պաշտպանված է զգում: Բացի հյուպատոսական ծառայություններից, Արարատ Գոմցյանը մեծ աշխատանք է կատարում հայ-ռուսական հարաբերությունների խորացման և հարստացման ասպարեզում: Նրա շնորհիվ ջերմ բարեկամական-գիտական կապեր ձևավորվեցին Ռոստովի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների միջև: Տնտեսագիտության դոկտոր Արարատ Գոմցյանը մասնակցելով Դոնի Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնադրման 80-ամյակին նվիրված հանդիսությանը, նշել է, որ երկու համալսարանի միջև համագործակցությունը միջպետական ջերմ փոխգործակցության արգասիք է, իսկ այս փոխգործակցությունը կյանքի է կոչվել հենց Արարատ Գոմցյանի շնորհիվ: Հյուպատոսությունն ամենաակտիվ գործունեությունն է ծավալել Ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղյան խնդրի հանրահռչակման, պատմական արդարության վերականգնման մարզերում: Այսպես, 2013թ. հոկտեմբերի 25-ից 26-ը գլխավոր հյուպատոսությունը մասնակցել է Դոնի Ռոստովում կայացած «Ռուսաստանը և միջազգային հանրությունը: Արևմտյան Հայաստանը և սահմանակից երկրները: Պատմաիրավական վերլուծություն և արդի խնդիրներ: Հայ ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումը» խորագրով միջազգային համաժողովին, Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի մասնակցությամբ: Գլխավոր հյուպատոսի մշտական ուշադրության կենտրոնում են նաև տարածաշրջանում գտնվող հայկական հուշարձանները: 2006 թվականին պղծվել էր Սուրբ Խաչ տաճարը: Այդ առթիվ  Դոնի Ռոստովում՝ ՌԴ- ի հարավային դաշնային օկրուգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքում, հավաքվել էին քաղաքի հայ մտավորականության ներկայացուցիչները եւ լրագրողները՝ քննարկելու դաշնային նշանակության մշակութային հուշարձանի՝ Ռուս-հայկական բարեկամության թանգարանի (գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ խաչ տաճարի տարածքում) պղծումից եւ այն հրկիզելու փորձից հետո ստեղծված իրադրությունը: ՀՀ-ի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը դատապարտել էր վանդալիզմի այդ գործողությունը եւ հավաքվածներին ընթերցել է իր դիմումը քաղաքային ու մարզային իշխանություններին, ինչպես նաեւ իրավապահ մարմիններին՝ մեղավորներին գտնելու եւ պատժելու խնդրանքով:

Գլխավոր հյուպատոսությունը նաև իր աջակցությունն ու ամենօրյա սատարանքը մատուցեց 2014 թ. սկզբներին Վերին Լարսում աղետի ենթարկված մեր հայրենակիցներին: Բնական աղետի հետևանքով Ռուսաստան Վրաստան  ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված  ՀՀ  քաղաքացիներին տարերքի սկսվելուց ի վեր գլխավոր հյուպատոսության և տեղի հայ  համայնքի  ջանքերով  մատակարարվել  է  սնունդ,  դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: Գլխավոր հյուպատոսության  կողմից աջակցություն է  ցուցաբերվել  արտակարգ  իրավիճակում  հայտնված  ՀՀ  քաղաքացիների  փաստաթղթային  խնդիրների լուծման  նպատակով, քաղաքացիների մի մասը տեղավորվել  են  տեղի  հայ  համայնքի  փոխնախագահ  Վլադիմիր  Մանասյանի ամառանոցում: Գլխավոր հյուպատոսության  և հայ համայնքի աջակցությամբ ս.թ. մայիսի 18-ին կազմակերպվել  է  «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի /թվով 33 մարդ/  օդանավով  տեղափոխումը Հայաստան: Ծերերին, կանանց և երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով  մեկնել Հայաստան` ոչ  իրենց հաշվին: Հունիսի 7-9 դեպքի վայրում կուտակված ՀՀ քաղաքացիներին այցելել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը:

ՌԴ հարավային դաշնային շրջանում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունն արդեն 11 տարեկան է: Եվ տասնմեկ տարի շարունակ այս կառույցը ղեկավարում է Արարատ Գոմցյանը: Առանց հոգնածության, առանց ձանձրույթի, միշտ պատրաստակամ և միշտ նոր նախաձեռնություններով լի:

Լևոն Մութաֆյան

Scroll Up