Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Հարավային Ամերիկա

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով կմեկնի Հարավային Ամերիկա. Հանրապետության նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այց կկատարի Արգենտինայի Հանրապետություն, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում:
Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:
Այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Տարածաշրջանային այցով Հարավային Ամերիկայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: