Մոսկվայում կայացել է «Ապակե Կախազարդը» ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/g_image24.jpg)
Հունիսի 23-ին և 25-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում կայացել է ճանաչված կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե Կախազարդը» գեղարվեստական ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կալկաթայի միջազգային կինոփառատոնում 2013թ. Նոյեմբերի 10-ին։
Իսկ օգոստոսի 21-ից 30-ը ֆիլմը կմասնակցի Մոնրեալի համաշխարհային կինոփառատոնին, որտեղ տեղի կունենա ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան։
Ինչպես նախորդ 14 ֆիլմերում, այստեղ նույնպես Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը, բացի բեմադրող ռեժիսորներից, նաև սցենարի հեղինակներն ու պրոդյուսերներն են։
Նրանց ֆիլմերը մասնակցել են ավելի քան 50 միջազգային կինոփառատոների, այդ թվում՝ Բեռլինի, Մոսկվայի, Լոկառնոյի, Մոնրեալի, Ռոտտերդամի, Էդինբուրգի, Սիդնեյի, Պուսանի, Գյոթեբուրգի, Տոարմինայի, Օդենսեի, Կոտբուսի, Կալկաթայի, Տարագոնայի և այլն, ստացել մրցանակներ և լայն արձագանք մամուլում:
Ֆիլմն իրականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրությունում, որի աշխատանքներին աջակցել են «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հարավկովկասյան երկաթուղին», ինչպես նաև բազմաթիվ այլ տեղական և օտարերկրյա կազմակերպություններ՝ Harmony Fields ընկերությունը՝ (Ճապոնիա), Center for Bio-Ethical Reform (ԱՄՆ), Deutsche Grammophon (Գերմանիա), Asian Project Market (Կորեա) և այլն։
Սա երիտասարդ զույգի դրամատիկ սիրո պատմություն է: Հեղինակների բնութագրմամբ՝ «այս ֆիլմը սիրո և կյանքի արժևորման մասին է, միակ բանը, որ մեզ մղում է ապրելու»։
Ֆիլմի գլխավոր դերերը մարմնավորել են երիտասարդ դերասաններ Նարեկ Ներսիսյանն ու Մագդալենա Մնացականյանը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Կարեն Ջանիբեկյանը, Վահագն Սիմոնյանը, Կոնստանս Միշելեն, Ռոմեին Սիզանան, Արմեն Աբելյանը, Նարինե Գրիգորյանը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը և այլք։
Մանրամասները՝ tert.am կայքում: