Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեան.- «Հայ դպրոցը հանգրւան չէ՛ մեր կեանքում, այլ՝ յաւերժագնաց մի ճանապարհ»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/3b20e7fb088f8e0d1ba2be6dbb4eff58_L.jpg)
Օրերս տեղի ունեցաւ Թաւրիզի ազգ. դպրոցների տարեվերջի հանդիսութիւնը՝ ազգային առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում:
Հանդիսութիւնը հովանաւորում էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանն ու Թեմական խորհուրդը: Իր եզրափակիչ պատգամում, յոյսի դուռը նկատելով հայ դպրոցը, առաջնորդ Սրբազանը յորդորական իր խօսքն ուղղեց ամբողջ համայնքին՝ կարելի բոլոր միջոցներով նեցուկ կանգնելու համար դպրոցին. «Հայ դպրոցը մեր ազգի ճանապարհորդութեան մէջ մի հանգրւան չէ՛, դա յոյսի դուռ է, որը միշտ պէտք է բաց պահել: Հայ դպրոցը յաւերժագնաց ճանապարհ է մեզ համար, որտեղից անցել են ու դեռ անցնելու են անվերջանալի շարքերը հայ աշակերտների, Ս. Մեսրոպի ծնկների առաջ սովորելով հայոց լեզուն, մեզ շնչաւորող հայ մշակոյթի հետ միասին»,- ասաց նա:
Հանդիսութեան բացման խօսքն ասաց ուսուցչուհի Լուսիկ Ոսկանեանը՝ խորհրդածական գեղեցիկ արտայայտութիւններով գովերգելով հայ դպրոցի իւրայատուկ դերակատարութիւնը: Նա իր խօսքի աւարտին ուսուցչական կազմի անունից յանձնառութեան խոստում տւեց, շարունակելու հայ ուսուցչին վստահւած նւիրական առաքելութիւնը. «Այսօր ուսուցիչներս մեզ զօրացած ենք զգում եւ ոգեւորւած՝ յարատեւելու մեզ յանձնւած այս սուրբ աշխատանքը: Աշակերտութիւնը մէկ տարով հասունացած մեր կողքին է կանգնած, իր մէջ զարգացած տեսնելով իր ամբարած գիտելիքների արդիւնաւորումը», ասաց նա: Ապա շնորհակալութեամբ յիշեց անունները հանդէսի ծրագրի յետին կանգնած գեղարւեստական յանձնախմբին, գլխաւորութեամբ տեսչուհի Արմինէ Վահրամեանի, որի կողքին գործել էին՝ Անահիտ Մարգարեանը, Սաթիկ Բաղդասարեանը, Նարինէ Սայեադեանը, Վահիկ Բարոյեանը, Նազիկ Թարվերդեանը, Սեւանայ Միքայէլեանը եւ Լուսիկ Ոսկանեան-Դանղեանը:
Գեղարւեստական ծրագիրը հաւաքական ներկայացումով կատարեցին աշակերտները: Բեմը յարդարւել էր բանակատեղիի նմանողութեամբ, իսկ աշակերտները հագել էին զինւորական համազգեստներ: Բեմի յառաջամասում վառւում էր արհեստական մի կրակ, որի շուրջ խարոյկահանդէսի շրջանակով նստել էին փոքր դասարանի աշակերտները: Երգերով, ասմունքներով, դաստիարակիչ առօրեայ գիտելիքներով խանդավառեցին աշակերտները սրահում գտնւող հանդիսատեսներին, բեմավարութեան յատուկ շնորհքով, որը իրենց տարիքի համեմատ՝ մեծ յառաջադիմութիւն էր: Երգերը ղեկավարում էր ուսուցչուհի Նարինէ Սայեադեանը, որոնց արդիւնքում՝ զգալի էին երկարատեւ փորձերի ու յարատեւ ջանքերի պատճառով պատասխանատուների կրած նեղութիւնները:
Շրջանաւարտ աշակերտների անունից շնորհակալական ու երախտագիտական խօսքով հանդէս եկաւ աշակերտուհի Փատրիշիա Դանղեանը. «Այսօր վկայականները մեր ձեռքին, հպարտութեամբ եւ բաց ճակատով կանգնած ենք մեր սիրելի տեսչութեան եւ ուսուցչակազմի դիմաց: Այս պահին, անկասկած, ամէն մէկս որոշում ենք գալիք տարեշրջանին աւելի լաւ սովորել եւ աւելի պարտաճանաչ լինել, քան՝ անցնող տարի: Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ու բաժանւում մեր երկրորդ տնից, իսկ մեր ունեցած քաղցր յուշերը մեր դպրոցից, պիտի անցնեն մեր կեանքի յիշատակարանի մէջ», ասաց նա:
Հանդիսութեան ընթացքում տեսչական խօսքով հանդէս եկաւ տեսչուհի՝ Արմինէ Վահրամեանը: Նա ընդհանուր նիւթա-բարոյական զեկուցումը ներկայացրեց անցած տարեշրջանի ուսումնա-կրթական աշխատանքների՝ անդրադառնալով այն յաջողութիւններին որոնք արձանագրւել էին աշակերտների կողմից, ընդհանրապէս կրթական նախարարութեան եւ մասնաւորապէս նահանգի Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած մրցոյթների շրջագծում. «Մէկ տարի եւս ղօղանջեց մեր դպրոցի հնամենի զանգը: Կարծում եմ՝ բոլորդ համամիտ էք լինում ինձ հետ այս պահին, որ այդ հսկայական կառոյցը ինչքան դժւար է լինում պահել մեր փոքրաթիւ աշակերտութեան եւ կազմի վտիտ ուսերի վրայ: Ինչքան մեր աշակերտութեան թիւը պակասում է, այնքան պահանջը շատանում է՝ մեր աշակերտութեան որակը ու մակարդակը բարձր պահելու: Իսկ եթէ մի օր մեր զանգը չղօղանջի, ինձ թւում է, թէ հարցականի տակ պիտի առնւի մէկ ամբողջ համայնքի հսկայական պատմութեան անցեալն ու ապագան: Արդէն սովորութիւն ենք արել առանց նիւթականի գործելու, կրկնապատկելով ու քառապատկելով մեր ուժերը», ասաց նա: Ի վերջոյ նա կոչ ուղղեց ծնողներին, որ ամռան երեք ամսւայ արձակուրդը օգտագործեն տարբեր ճիւղերում իրենց երեխաների գիտութիւնը ճոխացնելու առումով՝ նրանց ուղարկելով համապատասխան դասարաններ:
Հանդիսութեան երկրորդ բաժնում տեղի ունեցան մրցանակաբաշխութիւններ եւ վկայականների տւչութիւնը, որոնց յանձնումի արարողութեան համար բեմ հրաւիրւեցին առաջնորդ Սրբազանը, Հոգաբարձութեան նախագահ Էդիկ Գասպարեանը եւ Պատգամաւորական ժողովի նախագահ դոկտ. Արա Մելիքեանը: Գնահատւեցին հայերէն լեզւի իմացութեան եւ պարսկերէն նիւթերի մէջ առաջնակարգ աշակերտներըում գնահատւեցին մարզական բնագաւառում նահանգային մակարդակի վրայ մրցանակի տիրած աշակերտական խմբերը: Յատուկ գնահատանքի արժանացան ուսուցիչներ եւ ծնողական խորհրդի անդամներ՝ իրենց անվերապահ աջակցութեան եւ նւիրեալ աշխատանքի համար:
Իր եզրափակիչ խօսքում, առաջնորդ Սրբազանը Հայ տարեցների տարւայ առիթով բարձր գնահատեց սրահում ներկայ ամենից տարեց շրջանաւարտին՝ Էդիկ Գասպարեանին, որը Թաւրիզի հայոց դպրոցից շրջանաւարտ էր եղել 1960 թւականին: Այս առիթով Թեմակալ առաջնորդը Հայ դպրոցի յաւերժագնաց ճանապարհի շարունակականութիւնը մատնանշեց, որը միշտ պատրաստ է նոր ու թարմ ուժեր հայթայթելով վերանորոգելու մեր հաւաքական կեանքը:
Հայ դպրոցի ներկայով ու ապագայով ապրելու, հայ երեխաների շուրթերից հայաբարբառ երգն ու ասմունքն ըմբոշխնելու եւ վճռակամութեամբ հայ դպրութեան ու մշակոյթին կառչելու առիթ հանդիսացաւ սոյն հանդիսութիւնը՝ յոյսի նոր դուռ դառնալով թաւրիզահայութեան համար: