Հայ մնալու կարևոր նախապայմանները լեզուն և հայոց պատմությունն իմանալն է

Հունիսի 20-ը և 21-ը իրադարձային էին Ջավախքի Ախալաքալաք և Նինոծմինդա շրջանների աշակերտների համար: ՎՀՕՄ-ը նախաձեռնել էր ամենամյա դարձած «Հայոց պատմություն» և «Ստեղծագործական շարադրություն» մրցույթների անցկացումը: Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս առաջինը անցկացվեց հայոց պատմության մրցույթը, որին մասնակցում էին շուրջ ութ տասնյակ աշակերտներ: Այս մրցույթի խորագիրը կրկին անփոփոխ էր, այն է՝ «Մեր հողը սուրբ է, ջուրը՝ մեռոն, մարդիկ՝ կերոն, Աստվածն՝ Ամենազոր»: Տարեցտարի մրցույթի մասնակիցների թիվը ավելանում է, շահագրգռվածությունը՝ մեծանում, և արդյունքում ստեղծագործությունների որակը բարձրանում է: Հայոց պատմությունը ջավախքցու և առհասարակ բոլոր հայերի համար շատ կարևոր է հենց հայ մնալու տեսանկյունից: Եվ տարիներ անց մրցույթների անցկացման բնույթի մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
Այս տարի Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանի աշակերտները երկու մրցույթներին էլ միասին են մասնակցել Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում: Ծալկայի և Ախալցխայի աշակերտների համար ՎՀՕՄ-ը նախատեսել է մրցույթների անցկացում հենց տվյալ տարածքներում: Իսկ հաջորդ մրցույթը, որ տեղի ունեցավ հունիսի 21-ին Ախալքալաքի ԵԿ-ում, շրջադարձային էր իր բնույթով: Մրցույթը իր ողջույնի խոսքով բացեց ՎՀՕՄ-ի ատենապետուհի Կարինե Թադևոսյանը և քաջալերեց երեխաներին, որպեսզի նրանք առավել անկաշկանդ լինեն, ստեղծագործելով մի թեմայի շուրջ, որը յուրաքանչյուր հայի վիշտն ու ցավն է, կարևոր խնդիրը: Ներկա էին մրցույթի իրականացմանն օժանդակող ՀՕՄ-ուհիները, տարբեր դպրոցներից աշակերտներ ներկայացնող բանասերներ, ովքեր անհանգստանում էին իրենց սաների համար, և էլի շատերը: Այս մրցույթի խորագիրը յուրօրինակ էր և նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Այլևս երբե՛ք Ցեղասպանություն», «Հիշի՛ր և պահանջի՛ր հատուցում» խորագրով մրցույթին մասնակցում էր ավելի քան 100 աշակերտ:
Մասնակիցները երկու շրջանների շուրջ քսան գյուղերից էին ժամանել՝ մեծ սիրով մասնակցելու մրցույթին: Քանի որ ստեղծագործական շարադրության մրցույթը իր ուղղվածությամբ մեծ ազդեցություն էր թողել թե՛ աշակերտների և թե՛ ուսուցիչների ու ներկաների վրա, այդ իսկ պատճառով էլ աշակերտները մեծ ոգևորվածությամբ, վերհիշելով հայ ժողովրդի դաժան անցյալը, իրենց սրտի խոսքն էին ներկայացնում իրենց աշխատանքներում. ոմանք էլ փորձում էին բարձրաձայն արտահայտել իրենց զայրույթն ու առաջիկա նպատակները՝ ուղղված Ցեղասպանության ճանաչմանը:
Էխտիլա գյուղի 11-րդ դասարանի աշակերտուհի Մկրտչյան Անուշը իր աշխատանքում փորձել է ներկայացնել թուրքին հայի պատմությունը, ոչ թե նրա համար, որ թուրքը, տեղեկանալով հայի պատմությանը, ծիծաղի նրա վրա, այլ փորձի հասկանալ նրան և կիսի հայի վիշտը: Մասնակիցը արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է այս մրցույթին մեծ խանդավառությամբ: Մրցույթի մեկ այլ մասնակից իր նամակ-շարադրությունում փորձել է տարբերվել իր նախորդներից. թուրքի հետ ոչ թե թշնամաբար է խոսել, այլ պարզապես փորձել է բացատրել եղելությունը, որպեսզի այդ կերպ դրական փոփոխություններ լինեն:
Բոլոր մասնակիցները, ստեղծագործելով մի թեմայի շուրջ, որը բոլորիս վիշտն է, մեկ նպատակ էին հետապնդում. համադրելով հայերի դաժան անցյալի պատմական փաստերը ստեղծագործական մտքի յուրահատուկ դրսևորման հետ` իրենց լուման ներդնել Ցեղասպանության ճանաչման գործում:
Ղազարյան Քիշմիշ
akhaltskha.net