«Ֆրեսկո».Մեկնարկն ազդարարող ասուլիս
«Ֆրեսկո» միջազգային փառատոնի պաշտոնական մեկնարկից ժամեր առաջ Հայաստանի երգչախմբային ընկերության շենքում տեղի ունեցավ նախաձեռնության մեկնարկն ազդարարող ասուլիս, որի ժամանակ կազմակերպիչները ներկայացրին, թե ինչ է սպասվում փառատոնի մասնակիցներին հունիսի 21-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում:
Ասուլիսին մասնակցում էր նաև փառատոնի պատվավոր հյուրերից մեկը` իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն: «Շատ մեծ ոգևորությամբ եմ լրացրել մասնակցության հայտը և ուրախ եմ, որ այստեղ եմ: Ինձ ամենից շատ գրավեց փառատոնի յուրահատկությունը, որ շեշտը դրված է այն ֆիլմերի վրա, որոնք քարոզում են համերաշխություն և սեր… Իմ ֆիլմում ներկայացված է հոգևորականների երկխոսությունը, բայց դա նկարահանելով չեմ փորձել դասեր տալ կրոնի վերաբերյալ, այլ ցույց եմ տվել, որ քրիստոնյա կամ բուդդիստ լինելուց առաջ մենք նախ և առաջ մարդ ենք»,- նշեց իտալացի ռեժիսորը, ով Հայաստան է եկել իր «Աստված երկնքում է» կարճամետրաժ փիլմով:
Փառատոնի օրերին աշխարհի 17 երկրներից Հայաստան բերված շուրջ 6 տասնյակ ֆիլմերը հանդիսականին կներկայացվեն հիմնականում երեկոյան Կարապի լճի տարածքում տեղադրված կինոէկրանի միջոցով: Դիտումներից հետո կկազմակերպվեն քննարկումներ ֆիլմերը ներկայացնող հյուրերի հետ: Փառատոնի ֆիլմերը հնարավոր կլինի դիտել նաև օրվա շոգ ժամերին. ֆիլմերի մի մասը կցուցադրվեն փակ սրահներում` Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում (Սայաթ-Նովա 15, Տիկնիկային թատրոնի դիմաց), Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեվորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում:
Փառատոնի շրջանակում ընդգրկված է «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրի շրջանակում կինոդիտումներ կանցկացվեն նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 6-ը, մրցանակաբաշխությունը նախատեսվում է հունիսի 29-ին: