Դավիթ Գևորգյան. ««Արի տուն» ծրագրին մասնակցելու համար հրաժարվել եմ Բրազիլիա մեկնելուց …»
ՀՀ սփյուռքի նախարարության 2014թ. «Արի տուն» ծրագրի առաջին փուլի մասնակիցներից է Մոսկվայից ժամանած Դավիթ Գևորգյանը, ով աչքի է ընկնում իր հետաքրքրասիրությամբ, խելացի հարցադրումներով, իսկ ընկերների հետ շփվելիս նկատելի էր նրա բարեկիրթ լինելը: Խոր-Վիրապ կատարած այցելության ժամանակ զրուցեցինք Դավիթի հետ:
-Դավի՛թ, պատմի´ր քո մասին:
–Չնայած ծնվել եմ Երևանում, բայց ընտանիքով արդեն երկար տարիներ է, ինչ տեղախոխվել ենք ապրելու Մոսկվայում: Դեռևս սովորում եմ տեղի ռուսական դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ: Հաճախում եմ նաև քինգ-բոքսինգի, լողի և ֆուտբոլի պարապունքների:
-Կասե՞ս մեզ` ինչ ես անում Մոսկվայում, որպեսզի պահպահես հայկական արմատներդ:
-Ինձ համար էլ կարևոր հարց է դա: Ասեմ, որ ռուսական միջավայրում գտնվելով հանդերձ` միշտ փորձում եմ խոսել հայերեն, որպեսզի չմոռանամ իմ լեզուն: Հարազատներիս, ընկերներիս ևս, ովքեր դժվարանում են խոսել հայերեն, սովորեցնում եմ: Մոսկվայում գործում են նաև հայկական դասերի խմբակներ, որտեղ մասնակցում ենք դասընթացներին: Կան նաև երգի-պարի խմբակներ: Այս միջոցով ամեն ինչ անում ենք, որ մեր հայի արյունը չկորցնենք:
-Իսկ ինչպե՞ս որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին:
-Բարեկամներիցս մեկը պատմեց ծրագրի մասին, ով անցած տարի մասնակցել էր և շատ գոհ էր մնացել: Ես էլ հետաքրքրվեցի ծրագրով և որոշեցի մասնակցել:
«Արի տուն» ծրագրին մասնակցելու համար նույնիսկ Բրազիլիա գնալուց հրաժարվեցի, ուր պետք է մեկնեի՝ դիտելու համար ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: Եվ հիմա չեմ փոշմանել ընտրությանս համար:
-Ինչպե՞ս են անցնում շրջագայությունները Հայրենիքում:
-Շատ լավ և հագեցած են անցնում օրերս: Ինձ հատկապես ուրախացրեց հայոց լեզվի և գրականության կազմակերպված դասընթացները, որոնց հաճույքով եմ մասնակցում: Թեմաներ կային, որոնք մոռացել էի, իսկ հիմա հնարավորություն ունեմ վերհիշելու դրանք: Մեզ մոտ էլ միշտ կարդում եմ հայոց պատմությանը, հայ գրականությանը վերաբերող գրքեր: Իսկ այցելելով տարբեր պատմամշակութային վայրեր՝ հայրենիքիս հանդեպ կարոտն եմ առնում: Հասցրել եմ նաև լավ ընկերներ ձեռք բերել, միմյանց հետ խոսում ենք մեր երկրների բարքերի մասին, մեր առօրյայից: Խոստացել ենք ծրագրի ավարտից հետո կապը չխզել, այլ ընդհակառակը՝ ավելի ամրապնդել:
-Իսկ հետագայում ի՞նչ նպատակներ ունես:
– «Արի տուն» ծրագրին մասնակցելուց հետո Մոսկվա վերադառնալով՝ մեկ շաբաթ անց մեկնելու եմ Լոնդոն, որպեսզի այնտեղ սովորելով` ավելի խորացնեմ անգլերեն լեզվի իմացությունս:
Զրուցեց Գևորգ Չիչյանը