ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնոր Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին:
Սրբազանը ուրախությամբ տեղեկացրեց Քեսաբի ազատագրումից հետո տեղի հայ բնակչության վերադարձի անվտանգության ապահովմանն ուղղված Հայոց Եկեղեցու ջանքերի մասին:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Դամասկոսի Հայոց թեմի, Սիրիայում գործող ՀՀ դեսպանատան, հյուպատոսության, յուրաքանչյուր աշխատակցի հոգևոր, բարոյական, նյութական աջակցությունը՝ ուղղված պատերազմական Սիրիայում գտնվող հայերի վիճակի բարելավմանը: Նա կարևորեց Քեսաբում և մյուս հայաշատ բնակավայրերում ծավալված իրադարձությունների ընթացքում բարեխնամ առաջնորդի՝ հայ համայքին ցուցաբերած ամենօրյա հայրական հոգածությունն ու օգնությունը՝ ընդգծելով նաև մեր պետության օժանդակության պատրաստակամության մասին:
Զրույցի ընթացքում տիկին Հակոբյանը բարձր գնահատեց Դամասկոսի հայոց թեմի՝ Սիրիայի հայ համայնքի կյանքում և հայապահպանության գործում ներդրած ջանքերը: