Վրաստանի իշխանությունները ցանկանում են, որ երկրի էթնիկ փոքրամասնությունները իրազեկված լինեն ասոցացման համաձայնագրի մասին

Հունիսի 13-ին Վրաստանի վերամիավորման հարցերով պետնախարարության նախաձեռնությամբ Թբիլիսիի Ամբասադոր հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մի շարք կազմակերպությունների ղեկավարներ եւ տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ Վրաստանի վերամիավորման հարցերով հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերում պետական նախարարի առաջին տեղակալ Քեթևան Ցիխելաշվիլին իր աշխատակիցների հետ ներկայացրեց Վրաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի մասին զեկույցը՝ պատրաստված լրատվամիջոցների և կազմակերպությունների համար:
Քեթևան Ցիխելաշվիլու խոսքերով՝ շատ կարեւոր է, որ Վրաստանի ազգային փոքրամասնությունները եւս լիարժեք տեղեկություն ունենան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ:
Ներկաներին ցուցադրվեց 20 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ, որը հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, աբխազերեն և օսերեն լեզուներով պատմում էր Վրաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրման դրական հետեւանքների մասին:
Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները տեղեկացան այն մասին, որ 1000 էջից բաղկացած ստորագրվելիք փաստաթուղթը արդեն իսկ հասանելի է ինտերնետում վրացերեն և անգլերեն լեզուներով, և բոլոր ցանկացողները կարող են կարդալ այն:
Վրաստանի վերամիավորման հարցերով պետնախարարության աշխատակիցների խոսքերով՝ Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը դրական է ազդելու երկրի վրա ցանկացած ոլորտում և տանելու է երկիրը նոր զարգացման ու բարեփոխման ուղիով: Այն առնչվելու է երկրի գրեթե բոլոր ոլորտներին:
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, մշակութային ինքնության պահպանումը և զարգացումը, փոքրամասնությունների լեզվի պաշտպանությունը և ազատ օգտագործումը, պետական լեզվի որակյալ ուսուցումը եւս մտնում են 1000 էջանոց ասոցացման համաձայնագրի փաստաթղթի մեջ:
Ըստ փաստաթղթի՝ Վրաստանը պարտավորվում է փոփոխություններ մտցնել կրթական ոլորտում, հատկապես ազգային փոքրամասնությունների գծով՝ դարձնելով մայրենի լեզվով ուսուցումը երկրի ազգային բոլոր խմբերի համար ավելի մատչելի:
Վրաստանը նաեւ հոգալու է մշակութային բազմազանության, մշակութային ժառանգության և ինքնության պահպանման ու պաշտպանության համար, ինչպես նաեւ էթնիկ բոլոր խմբերի համար ապահովելու է լիարժեք ինտեգրում պետության ցանկացած ասպարեզում (աշխատանք, պետական կառավարում և այլն…):
Բարձրացվելու է սննդի և արտադրվող մթերքների որակը, ինչը համապատասխանեցվելու է եվրոպական չափանիշներին, բացվելու է նոր շուկա համաձայնագիրը ստորագրած է բոլոր երկրների համար:
Ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է տալու Վրաստանին ապագայի համար առանց վիզային կարգի անցնելու Եվրոմիության անդամ երկրների շարքը:
Համաձայնագրի ստորագրումը դրական է ազդելու երկրի տնտեսական աճի վրա և երկրի ընդհանուր զարգացման վրա, ինչը հանդիպման կազմակերպիչների խոսքերով՝ մոտ ապագայում զգալու են երկրի բոլոր քաղաքացիները:
Հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները իրենց շրջանների բնակիչներին հետաքրքրող հարցերը ուղղեցին հանդիպման կազմակերպիչներին:
Akhaltskha.net-ի հարցը հետեւյալն էր, թե արդյոք դժվարություն չի առաջացնի Վրաստանի ասոցացման համաձայնագիրը Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար Հայաստանի Հանրապետության հետ սահմանը հատելու և առեւտրով զբաղվողների մասով, չէ որ Հայաստանը մոտ ապագայում միանալու է Մաքսային միությանը և հետագայում նաեւ՝ Եվրասիական միությանը, ու երկու երկրները մաս են կազմելու տարբեր ազատ առեւտրի պայմանագրերի: Վրաստանի ասոցացման մասով տվյալ հարցը Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար բոլորից շատ հետաքրքրություն ներկայացնող հարցերից մեկն է:
Վրաստանի Եվրոպական և Եվրոատլանտյան համակարգում ինտեգրման հարցերում պետական նախարարի ներկայացուցիչ Թոռնիկե Նոզաձեի խոսքերով՝ ոչ մի դժվարություն չի առաջանա, քանզի Հայաստանի և Վրաստանի միջեւ գործելու է միջպետական համաձայնագիր, որը և կարգավորելու է տվյալ հարցը: Վրաստանի պարագայում ասոցացման համաձայնագիրը չի արգելում երկրին միջպետական հարաբերություններով կարգավորել տվյալ հարցը: Խնդիրն այն է, թե ինչպիսի կանոնադրություն է ունենալու նոր ձեւավորովող Եվրասիական միությունը նույն հարցի վերաբերյալ, ինչը դեռեւս պարզ չէ:
Նմանատիպ հանդիպումները շարունակվելու են Վրաստանի տարբեր շրջաններում:
akhaltskha.net