Վրաստանում կայացել են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Հունիսի 15-ին Վրաստանում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել ընտրական գործընթացի զանգվածային ու սիստեմատիկ խախտումների մասին տեղեկություններ: Մինչդեռ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում  տարբեր ընտրատեղամասերից տարբեր տեսակի խախտումների մասին տեղեկություններ էին լինում, որոնց մեջ կային նաև այնպիսիք, որոնց պատճառով մի քանի ընտրատեղամասերում դադարեցված է եղել ընտրական գործընթացը, և հայտարարվել է ընտրությունների կրկնվելու մասին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընրություններին մասնակցել է 1 485 372 մարդ, որը կազմում է ընտրողների ընդհանուր  թվաքանակի 43,31%-ը:

Ընտրատեղամասերի փակումից և ձայների հաշվման գործընթացի սկսվելուց 12 ժամ անց գծագրվել է հետևյալ պատկերը. հիմնականում երկրի ամբողջ տարածաշրջանով առաջնորդ է իշխող կուսակցությունը և իր թեկնածուները: Մինչդեռ առաջնորդությունը բավականին անկայուն է: Գրեթե բոլոր ընտրական շրջաններում, որոնց արդյունքներն արդեն հաշվված են, իշխող կուսակցության ձայները հասնում են  49-51%-ի, ինչը ենթադրել է տալիս, որ եթե նույնիսկ ոչ ամբողջ երկրում, ապա ամեն դեպքում շատ շրջաններում և ինքնակառավարություններում քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կլինի: Արդեն հաշվարկված քվեաթերթիկների արդյունքում երկրորդ փուլում է «Ազգային շարժումը», որի ստացած ձայների ընդհանուր քանակը երկրի մասշտաբով տատանվում է 20-25%-ի շրջանակներում: Երրորդ տեղն է զբաղեցնում Նինո Բուրջանաձեի կուսակցությունը` «Միացյալ ընդդիմություն», որի ստացած ձայները կազմում են 11-12 տոկոս:

Ինչ վերաբերում է ընտրություններին Սամցխե-Ջավախքում, ապա այստեղ արդեն հաշվված է ձայների մեծամասնությունը, և հաստատված են հետևյալ արդյունքները.

Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Արտաշես Փալաջյան («Ոչ Խորհրդարանական ընդդիմություն–Կախա Կուկավա»)՝ 36,02%, Արթուր Կիրակոսյան («Ազգային շարժում»)՝ 3,43%, Էդուարդ Աղասյան («Վրացական երազանք»)՝  60,55%:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Սևակ Երանոսյան («Ինքնիշխանություն ժողովրդին»)՝ 19,43%, Գագիկ Ղարսլյան («Վրացական երազանք»)՝ 80,57%:

Ադիգենի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Թամազ Մծղերաշվիլի («Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն»)՝ 11,07%, Սիմոն Պարունաշվիլի («Ազգային Շարժում»)՝ 24,09%, Զաքարիա Էնդելաձե («Վրացական երազանք»)՝ 64,83%:

Ասպինձայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Նիկոլոզ Բերիձե («Ոչ Խորհրդարանական ընդդիմություն – Կախա Կուկավա»)՝ 1,66%, Գելա Լեկիշվիլի («Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն»)՝ 12,69%, Բեսիկ Բեքաուրի («Ազգային շարժում»)՝ 36,37%, Լևան Ծաբաձե («Վրացական երազանք»)՝ 49,27%:

Ախալցխայի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Բախվա Գելաշվիլի «Ոչ Խորհրդարանական ընդդիմություն- Կախա Կուկավա»)՝ 1,31%, Օլեգ  Ձոցենիձե («Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն»)՝ 2,5%, Գոչա Գվարամիձե («Ազգային շարժում»)՝ 32,16%, Մամուկա Գոգոլաձե («Վրաստանի պատրիոտների Ալյանս»)՝ 4,33%, Զազա Մելիքիձե («Վրացական երազանք»)՝ 59,7%:

Բորժոմիի մունիցիպալիտետի վարչության ղեկավար. Ավթանդիլ Գոնգլաձե («Նինո Բուրջանաձե – Միացյալ ընդդիմություն»)՝ 17,21%; Մուրտազ Ղոնղաձե («Վրաստանի պատրիոտների Ալյանս»)՝ 14,48%; Լևան Լոմսաձե («Լեյբորիստներ»)՝ 9,66%; Դմիտրի Կիպիանի («Վրացական երազանք»)՝ 58,65%:

2014թ.-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հիմնական ինտրիգաներից մեկը, բնականաբար, բացի նրանից՝ անհրաժեշտություն կլինի երկրորդ փուլ անցկացնել, թե ոչ, այն հարցն է, թե ով է դառնալու Մառնեուլի մունիցիպալիտետի վարչության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ամբողջ ամսվա ընթացքում Քվեմո-Քարթլիի ադրբեջանական շրջաններում ծայրահեղ անհանգստություն էր տիրում: Սկզբում տեղի ունեցավ վրաց-ադրբեջանական բախում Գարդաբանիում: Դրան հետևեց դեպքերի մի ամբողջ շարք: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկզբում հանեց Ահմամեդ Իմամ Կուլիևի թեկնածությունը (Ազգային շարժման թեկնածու Մառնեուլիի վարչության ղեկավարի պաշտոնի համար), իսկ հետո դատարանի որոշմամբ նորից վերականգնեց նրան: Հերթական առճակատման ֆոնի վրա, որտեղ հստակորեն ընդգծված է ազգային գործոնը, իշխող կուսակցությունը հայտարարել է, որ անցանկալի բարդություններից խուսափելու համար հանում է իր թեկնածուին` Մերաբ Թոփչիշվիլիին՝ Մառնեուլի ղեկավարի պաշտոնի համար, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանել է, որ քվեաթերթիկներն արդեն տպված են, և նրա թեկնածությունը հանել հնարավոր չէ: Չնայած այս իրավիճակին` իշխող կուսակցության թեկնածուն հավաքել է ձայների 52,48%-ը, իսկ Իմամ Կուլիևը` 31,75%: Բնականաբար Մառնեուլիի բնակչությունը, և ոչ միայն, ուշադրությամբ կհետևի՝ արդյո՞ք կհրաժարվի Մերաբ Թոփչիշվիլին իր հաղթանակից և  կզիջի  Մառնեուլիի վարչության ղեկավարի իր պաշտոնը Իմամ Կուլիևին, թե ոչ:

armenian-community.ge

Scroll Up