Կիրառական արւեստի բազմաշնորհ կերտիչ՝ թաւրիզահայ Շուշիկ Շահնազարեան

Տաղանդաշատ համեստութեանց եւ ժամանակի մաշեցնող խաւարում ակամայ թաքնւող արժէքներից է թաւրիզահայ Շուշիկ Գոլոյեան-Շահնազարեանը: Ծնունդով սալմաստեցի՝ Շուշիկը Հաֆթւան գիւղից է, հայրը՝ Թադէոս, պատմական Հայաստանի Բաշգալէ գաւառից 14 տարեկանում գաղթած, մայրը՝ Մարուս Օհանեան, Հախւերան գիւղից:
Կիրառական արւեստի բնատուր շնորհներով զարդարւած այս հայուհին յատուկ դասընթացների միջոցով նաեւ զարգացրել է աստւածատուր կարողութիւնները՝ անցած 70 տարիների ընթացքում, ստեղծագործական իր տաղանդի ծանուցողական մասը միշտ աննկատ թողնելով:
Նրա ձեռարւեստի տարբեր ճիւղերի շնորհաշատ աշխատանքներին ծանօթանալու համար, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը զրոյց ունեցաւ Շուշիկ Շահնազարեանի հետ՝ սոյն թւականի հինգշ., յունիսի 5-ի երեկոյեան, որը մեր ընթերցողների ուշադրութեանն ենք յանձնում առաջնորդ Սրբազան Հօր գրչով.
«Փոքր տարիքից ձեռարւեստը սիրել եմ,- ասաց նա, երախտագիտութեամբ յիշելով իր մօրը՝ Մարուսին եւ նրա մօրը՝ Գադինային, որոնք դարձեալ ձեռարւեստի շնորհալի վարպետներ են եղել մինչեւ խոր ծերութիւն: Իմ հարցին, թէ Սալմաստում, Հաֆթւանի Ս. Գէորգ եկեղեցու կողքի դպրոցում, որտեղ նախնական կրթութիւն ստացել է, դասաւանդո՞ւմ էին ձեռարւեստ,- ո՛չ, պատասխանեց Շուշիկը, շեշտելով ստեղծագործական շնորհին աստւածատուր հանգամանքը: Սակայն, բարի յիշեց նոյն՝ «Գոլորշեան» դպրոցում հայերէն պարապող ուսուցիչներ՝ Վահրամին, Գուրգէն Խուդիկեանին, եւ գիւղի հոգեւոր հովիւ ֆիդայի Տ. Աշոտ քահանային: Այս առիթով նաեւ նա խօսեց իր հօր՝ հաւատաւոր դաշնակցական Թադէոս Գոլոյեանի մասին, որը սայլապան լինելով՝ միշտ ֆիդայիների համար գաղտնօրէն զէնքեր էր փոխադրում դէպի Դերիկի վանքը:
– 1940-ական թւականներին էր, երբ ես հազիւ տաս տարեկան էի, ձիակառքը վաճառեց, այդ աշխատանքից հրաժարւելով, որովհետեւ յաճախորդներից մէկը կանգ առած իր կառքը ապահովեցնելու համար, երբ փորձում է քար դնել անիւի տակ, յանկարծ կառքը յետ գալով՝ ծանրօրէն վիրաւորել էր նրան, եւ հայրս հեռաւոր այդ վայրից մինչեւ գիւղի մի փորձառու բժշկի մօտ բերելը նրան, յաճախորդը մահանում է,- պատմում է Շուշիկը:
Իր նախնիների մասին ամփոփ զրուցելով՝ ասաց, թէ նրանք 1918-ի թուրքական արշաւանքի հետեւանքով՝ փախէ փախ ոտքով հեռացել են Սալմաստից, գաղթելով Համադան: Լաւ չի՛ յիշում, սակայն ենթադրում է, թէ մի քանի տարի յետոյ Համադանից ընտանիքը գալիս է Թաւրիզ, որտեղ մայրը «Բուալիսինա» կուսանոցում սովորում է, կաթոլիկ կոյսերից սովորելով ձեռարւեստի նոր մեթոդներ:
Ընդամէնը երկու տարի Թաւրիզում մնալուց յետոյ՝ մօրենական ընտանիքը վերադառնում է Սալմաստ: 1928-ին ծնողները պսակւում են Հաֆթւանի Ս. Գէորգ եկեղեցում, բախտաւորւելով մէկ մանչ եւ երկու աղջիկ զաւակներով:
Սալմաստի մեծ երկրաշարժի (1930 թ.) մասին ծնողները պատմել են, թէ մեծ մայրը հսկայ կաթսան ձեռին դուրս էր գալիս, երբ շարժը պատահել էր, ու ինքն ընկել էր ցած, եւ հողէ պատը թափւել է ոտների վրայ մինչեւ ծունկերը: Ազատում են եւ բուժւում է ստացած վէրքերից: Մեծ հայրը՝ Օհանը, առաջին շարժից յետոյ դարձեալ տուն է մտնում, սակայն կէս գիշերից առաջ դուրս գալով, յետցնցումի մեծ աւերից եւ ստոյգ մահից փրկւում է:
Տիկ. Շուշիկի ձեռարւեստի ճարտարութիւնները կարելի է խմբաւորումների ենթարկել.
ա) Խոհանոցային արւեստ, որը ներկայում փոքր պաստառների վրայ երկար ժամերով ներկայացւում է՝ հանդիսատեսների մեծ զանգւածներ հետաքրքրելով: Ո՛չ միայն սովորական եփութուխի, այլ՝ յատկապէս պտուղներով քանդակային պատկերներ ստեղծելու մէջ մասնագիտացել է Շուշիկը, երբեմն անհաւատալի նմանութիւններ ցոյց տալով մեծ թէ փոքր պտղատեսակներով, ինչպէս սիրամարգ, բադեր, նապաստակ, ծաղկեփունջ, աֆրիկեան նաւեր, արմաւենիներ, միջնադարի ֆրանսուհու կերպար, հարս ու փեսայ ու այլ տիպարներ: Նոյն արւեստի կալւածից ներս այլ բաժանմունք է նաեւ սովորական շաքարաւազից պատրաստւած խմորով, նրբակերտ անօթներ՝ շաքարաման եւ ծաղկազարդ տուփեր սարքելու աշխատանքը:
բ) Վարսայարդարումը եւս ներկայում արւեստների շարքում է դասւում, յատկապէս կանանց վարսայարդարների ստեղծած նորաձեւութիւնների տեսակներով: Շուշիկը սովորական իմաստով վարսայարդարում չի՛ կատարել անցած 30 տարիների ընթացքում, այլ Թաւրիզում առաջինն է եղել, որ սեփական ջանքերով ու յարատեւ փորձերով յաջողել է կեղծամներ պատրաստել՝ իսկական մազեր օգտագործելով, որոնք ճարտարութեամբ ամրացրել է մասնաւոր մանրահիւս ուռկանների:
գ) Կարարւեստով ու ասեղնագործութեամբ պարապելու հաճոյքը նրա մէջ վառւել է վաղ հասակից, ու մանաւանդ ամուսնանալուց յետոյ, 1960 թւականին, Հրաչ Շահնազարեանի հետ, երբ իր երեխաների համար իւրայատուկ զգեստներ է կարել, դրանց օրինակները տեսնելով հեռուստատեսութիւնում, եւ իր շնորհներով առաւել գեղեցիկները պատրաստել է: Հագուստների թեւնոցներ եւ ուսնոցներ, սեղանների սփռոցներ, անկողինների ծածկոցներ եւ թեւաբարձերի երեսներ այնքան նրբաճաշակ ու նրբահիւս են, որ մարդ ափսոսում է օգտագործել. դրանք որպէս արւեստի գործեր՝ պէտք է տեղադրւեն ցուցափեղկերում՝ դիտելու եւ հիանալու համար:
դ) Կաւային խմորների շաղախումով պատրաստած նրա ծաղիկներն ու շրջանակները, դարձեալ ձեռարւեստի մի բնագաւառ են հանդիսանում, որտեղ ի յայտ է գալիս Շուշիկի այլ շնորհքը: Նոյն արւեստով նաեւ պատի ժամացոյցներ է պատրաստել նա, որոնք բրոնզագոյն ներկելով՝ շքեղ զարդերի է վերածել: Բարձրաքանդակային արւեստով ճաշակաւոր այս գործերից շատերը ծաղկեփնջեր են, դարձեալ նոյն նիւթի քանդակային շրջանակներով զարդարւած: Սրանց շարքում նաեւ արծաթեայ փոքր ծաղիկներով յարդարած իր շրջանակները, դարձեալ ուշագրաւ են, որոնք այլ երանգ են տալիս իր ձեռարւեստի նմոյշներին:
Իր բոլոր զբաղումների մէջ Շուշիկը երբեք չի՛ մոռանում հայրենի Սալմաստը եւ պապենական տունը, որը միայն 2003-ին քաղցր յուշի է վերածւել, երբ ամուսնու մահւանից յետոյ վաճառել են պատմական տունը՝ իր ճոխ այգիներով, որտեղ ամառները գնում էին զաւակներով ու թոռներով խնձորհաւաք կատարելու: Իր տան նկատմամբ ունեցած նոյն հոգածութիւնը, Շուշիկի հայրը տածել է նաեւ Սալմաստի Ս. Պօղոս եկեղեցու նկատմամբ, բազմիցս հովանաւոր հանդիսանալով նրա վերանորոգութեան ու պահպանման աշխատանքներին:
Ներկայ մեքենականացած դարում, երբ զարդեղէնների բազում տեսականիներ լարւած գործիքների միջոցով մէկ ակնթարթում պատրաստւում են հարիւրաւոր օրինակներով, կիրառական արւեստի բազմաշնորհ կերտիչ Շուշիկի վաստակը գնահատելով, մենք ասում ենք նրան՝ վարձքդ կատար»: