Հոլանդիայի խորհրդարանի քննադատական հարցադրումները Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ թուրքական ատելություն սերմանող ցույցի մասին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/0_eab86_75315931_L.jpg)
Հոլանդական խորհրդարանի Քրիստոնյա դեմոկրատական կոչ (CDA) խմբակցության պատգամավոր Պիտեր Օմզիգտի գրավոր հարցերը հոլանդական կողմի առաջին արձագանքն է 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում կայացած թուրքական հանրահավաքի վերաբերյալ: Գրավոր հարցերը ներկայացվել են նաև Սոցիալիստական կուսակցություն (SP), Քրիստոնեական միության (CU), Բարեփոխված քաղաքական կուսակցություն (SGP) և Ազատության համար կուսակցություն (PVV) խմբակցությունների անունից: Հանրահավաքը, որ պաշտոնապես ուղղված է եղել վերջերս Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հուշարձանի «ցեղասպանություն» բառի դեմ, վերածվել է բազմաթիվ հակահայ լոզունգներով և հայտարարություններով լի ցույցի:
Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կարծիքով՝ նման ատելություն սերմանող հանրահավաքը չի կարող մնալ առանց կտրուկ արձագանքի ու հետևանքների: Ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում հոլանդական խորհրդարանի հինգ խմբակցություններին` քննադատական հարցադրումների համար: Կառավարության արագ պատասխանը ցանկալի է՝ հատկապես նկատի ունենալով, որ հանրահավաքի տեսանյութերը ոչ միայն տեղադրված են համացանցում, այլև պարբերաբար ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքով:
Հինգ խորհրդարանական խմբակցությունների հարցերն ուղղված են Արտաքին գործերի նախարարին, Սոցիալական հարցերի և աշխատանքի (որը կրում է նաև Ինտեգրացիայի պորտֆելը) նախարարին և Անվտանգության և Արդարադատության նախարարներին, քանի որ այս խնդիրը որոշակիորեն վերաբերում է այդ նախարարներին:
Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպման ոճին, նախարարներին հարց է ուղղվում, թե արդյոք նրանք տեղյա՞կ են, որ հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ. օրինակ՝ Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD – Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում, և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:
Հարցադրումների հեղինակները ցանկանում են իմանալ, թե արդյոք հիմքեր կա՞ն Արդարադատության նախարարության համար, որպեսզի հետաքննություն կատարվի հանրահավաքի լոզունգների ու հայտարարությունների կապակցությամբ: Նրանք հարցնում են նաև, թե Արտաքին գործերի նախարարը ի՞նչ քայլեր կձեռնարկի և արդյոք նա կքննարկի՞ այս հարցը իր թուրք գործընկերոջ հետ: Վերջապես նախարարներին հարց է տրվում, թե արդյոք նրանք պատրա՞ստ են հրաժարվել հանրահավաքի բնույթից ու ոճից և այնտեղ օգտագործված լոզունգներից:
Հոլանդահայ ֆեդերացիայի նկատողությունները
Հունիսի 1-ին Ալմելոյում կայացած հանրահավաքը հայտարարվել էր, որպես բողոքի ցույց հուշահամալիրի «ցեղասպանություն» բառի դեմ, սակայն այն վերածվեց ամբողջովին հակահայ, ռասիստական երանգավորումով ցույցի: Հանրահավաքի ընթացքում օսմանյան ռազմական տարազներով նվագախումբը նվագել է օսմանյան հաղթական երաժշտություն՝ դրանով իսկ ուղղակիորեն դիտավորյալ անդրադառնալով ցեղասպանության ժամանակաշրջանին և դրա հանցագործներին: Միջազգային հռչակավոր պատմաբանները և ցեղասպանության փորձագետներն արդեն երկար ժամանակ է, ինչ հիմնվելով բազմաթիվ հետազոտական նյութերի վրա ՝ համաձայնվել են, որ հայերի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն, և շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նիդեռլանդներում 2004 թվականին խորհրդարանը, որը երկրի ամենաբարձր քաղաքական մարմինն է, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Ռաուֆուտի բանաձևը):
Հոլանդահայ ֆեդերացիան բողոքում է հունիսի 1-ին Ալմելոյում տեղի ունեցած գործողությունների դեմ և պահանջում կառավարության անհապաղ ուշադրությունը՝ ակնկալելով գործնական քայլեր թե՛ հանրահավաքի բովանդակության և թե՛ Թուրքիայի կառավարության միջամտության ուղղությամբ: Ըստ էության Հայոց ցեղասպանության ժխտումը ընթանում է՝ ձեռք ձեռքի տված ռասիզմի և հակահայ կեցվածքի հետ, ինչպես Հոլոքոստի ժխտման և հակասեմիտականության պարագայում: Հանրահավաքի կազմակերպման մեթոդից և դրա բովանդակությունից պարզ է դառնում, թե Թուրքիան ինչքան մտահոգված է և պատրաստվում է ուրացման միջոցով ու հակահայ քարոզչությամբ դիմակայել 2015 թվականը, երբ ամբողջ աշխարհում տեղի են ունենանալու միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Վերջապես Հոլանդահայ ֆեդերացիան ցանկանում է հստակորեն ընդգծել, որ ֆեդերացիայի գործունեությունն ուղղված է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և երբեք ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ, որտեղ էլ որ նրանք գտնվեն, այլ թուրք կառավարության կողմից անցյալի ժխտման դեմ: Միայն Թուրքիայի ճանաչումով է հնարավոր ժամանակի ընթացքում իրականացնել ազգամիջյան հաշտություն: Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն իսկ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել թուրքերի մտքում: Այն թուրքերը թե՛ Թուրքիայում և թե՛ Նիդեռլանդներում, ովքեր ծանոթ են ցեղասպանության պատմությանը և ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, նույնպես լուրջ խնդիրներ ունեն ցեղասպանությունը ժխտողների հետ: Հայտնի է, որ ազգայնամոլ թուրքերը նրանց ևս խնդիրներ են հարուցում, երբ նրանք իրենց կարծիքն են հայտնում այս հարցի մասին:
Թուրքիայի ճնշումը դեռևս առկա է Հոլանդիայի կառավարության վրա, որը հետևաբար խուսափում է հստակ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի կառավարության այս վերաբերմունքի համար չկա արդարացման որևէ հիմք, մանավանդ որ հոլանդական կառավարությունը պնդում է, թե առաջատար դեր է կատարում աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման, ռասիզմի և ցեղասպանության խնդիրների վերացման հարցերում:
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)