Գիորգի Կոպաձե. Մենք խոստանում ենք, որ ինքնակառավարման մարմնում կներգրավենք բազում արժանի հայերի, ովքեր շատ են մեր քաղաքում

Հունիսի 15-ին Ախալցխան ընտրելու է քաղաքապետ: Այս առիթով Akhaltskha.Net-ի հարցերին է պատասխանել «Վրացական Երազանք»-ից Ախալցխայի քաղաքապետի թեկնածու պարոն Գիորգի Կոպաձեն:

-Պրն. Գիորգի, Դուք 90-ականներին եղել եք Ախալցխայի քաղաքապետ, ինչո՞ւ կրկին որոշեցիք դնել ձեր թեկնածությունը այս ընտրություններում:

– Ես ծնվել եմ Ախալցխայում: Ինձ համար ծանոթ են քաղաքում առկա խնդիրներն ու կարիքները: Գիտեմ բոլոր փողոցների, թաղամասերի բնակիչների խնդիրները և իմ խմբի հետ մեկտեղ կփորձեմ գտնել դրանց լուծումները: Ինձ համար կարեւոր է Ախալցխան ժամանակակից քաղաք դարձնելու հարցը: Իմ քաղաքի գեղեցկացումն ու նրա յուրաքանչյուր բնակչի, ինչպես վրացի այնպես էլ ազգությամբ հայ քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ստեղծումը  իմ քաղաքապետ դառնալու հիմնական նպատակն է:

-Դուք ամեն օր նախընտրական քարոզչության շրջանակում հանդիպումներ եք ունենում քաղաքի բնակիչների հետ, ի՞նչ խնդիրներ են հիմնականում անհանգստացնում մարդկանց:

– Բնակիչներին անհանգստացնում են բազում խնդիրներ, որոնցից հիմնականը  աշխատատեղերի բացակայությունն է, խմելու ջրի և կոյուղիների խնդիրներն են, և մանկական խաղադաշտերի բացակայությունն է: Քաղաքապետ ընտրվելու դեպքում իմ համաքաղաքացիների համար կկարգավորեմ միջքաղաքային և քաղաքի ներքին ճանապարհների կայանատեղիների խնդիրները, բարձրահարկ շենքերի բակերի վերանորոգման խնդիրը:

-Նախկին իշխանության օրոք քաղաքի հայ ազգաբնակչությունը գրեթե անտեսված էր իշխանության կողմից: Մարդկանց մոտ փորձում էին առաջացնել վախի մթնոլորտ: Տեղացի հայերը լիարժեք չէին ներգրավված աշխատանքի Ախալցխայի ինքնակառավարման մարմիններում: Ինչպես եք պատրաստվում լուծել տվյալ խնդիրները:

– Համամիտ եմ: Նախկին իշխանության օրոք անտեսված էին ոչ միայն ազգությամբ հայ բնակիչները, նույնիսկ վրացիները: Ինը տարվա ազգայինների կլանային ղեկավարությունը փորձում էր ճնշել ժողովրդին և առաջացնել վախ: Հենց «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնական նպատակը այն է, որ մարդիկ ազատվեն իրենց վախերից և ճնշումից: Իսկ ինչ վերաբերում է ազգությամբ հայերի ներգրավվածությանը տեղի ինքնակառավարությունում, դրա մասին խոսում է մեր կուսակցության ցուցակը: Ախալցխայի ինքնակառավարման պատմության մեջ առաջին անգամ շրջանի մաժորիտար է ներկայացված ազգությամբ հայ Համբարձում Բաբոյանը: Մենք խոստանում ենք, որ ինքնակառավարման մարմնում կներգրավենք բազում արժանի ազգությամբ հայերի, ովքեր շատ կան մեր քաղաքում:

-Դուք հանդիպում եք ունեցել Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կենտրոնի ղեկավարության և քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականների հետ: Ինչպես եք գնահատում տվյալ հանդիպումները, եւ ի՞նչ խնդիրներ էին հուզում նրանց:

–  Հանդիպումները գնահատում եմ դրական, որոնք շատ կարեւոր էին ինձ և իմ խմբի համար: Շատ կարեւոր խնդիրներ էին ներկայացվել, և մատնանշվել էին դրանք լուծելու ուղիները: Իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում անպայման հաշվի եմ առնելու դրանք:

Akhaltskha.Net

Scroll Up