Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 11-ին Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական բազմաբնույթ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են բարձրաստիճան մակարդակով փոխայցելություններն ու երկխոսության ակտիվացումը, ինչը Նախագահ Սերժ Սարգսյանի և Ավստրիայի ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի համոզմամբ, երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր գրավականներից է: Զրուցակիցները մեծապես կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման գործում և այդ համատեքստում ընդգծել խորհրդարանների միջև կապերի զարգացման, համագործակցության խթանման ուղղությամբ երկկողմ ջանքերի անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ բարեկամության վրա հիմնված հայ-ավստրիական միջպետական հարաբերություները հաջողությամբ զարգանում են, ինչի վկայությունն է նաև իր ներկայիս այցը բարեկամ Ավստրիա: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանման գործում զրուցակիցները կարևորել են կանոնավոր քաղաքական երկխոսությունն ու տնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

6757_b 6758_b 6759_b 6760_b

Scroll Up