Երկօրյա արշավ Կիկեթիից Կոջորի

Լեռներ, ծաղկառատ դաշտեր, ջրվեժ, զառիթափ, նորից ջրվեժ, գետի կիրճ, նորից լեռներ, անտառ, կարկուտ, հեղեղ, էլի լեռներ, ամրոց… Եվ այսպես երկու օր… «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան և Երիտասարդական միությունների անդամներն անցկացրին երկօրյա արշավ Կիկեթիից Կոջորի:

Հաշվի առնելով 2014թ. առաջին ամառային արշավին մասնակցել ցանկացողների մեծ քանակությունը` 100-ից ավել «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան և Երիտասարդական ենթակառույցների պատասխանատուները որոշեցին անցկացնել երկու միանման արշավ, երկու օր շարունակ` հունիսի 7-ին և 8-ին: Չնայած որ առաջին արշավին հիմնականում մասնակցում էին դպրոցականները` 4-11-րդ դասարանի աշակերտները, իսկ երկրորդին` ուսանողները և երիտասարդները, երկու արշավներն էլ միանման դժվար էին: Բայց բնությունը, պարզվում է, երկրորդ արշավի, մեծահասակների մասնակիցների համար պատրաստել էր մի «փոքրիկ» անակնկալ:

Սկսվեց առաջին արշավը վաղ առավոտյան… Հասնելով Կիկեթի` դպրոցականները բաժանվեցին ըստ ջոկատների: Երգեցին հիմնը… և քայլեցին:

«Ամրոցն այնքան հեռու էր, որ ես մտածում էի մենք երբեք չենք հասնի նրան: Մեր և ամրոցի միջև լեռներ էին, անտառ, էլի մի քանի լեռներ… մենք քայլում էինք երիցուկների դաշտերի միջով, շատ գեղեցիկ էր, բայց երիցուկներ հավաքել այդպես էլ չստացվեց: Չէ՞ որ ես գնում էի ջոկատի հետ, իսկ նրանից հետո էլի մի քանի խմբեր էին… կանգ առնել չէր կարելի: Մեր նպատակն էր ամրոցը, ոչ թե երիցուկները: Ճանապարհին մենք երգում էինք, խոսում: Հետո մենք մտանք անտառ, իջանք գետի մոտ և գնացինք կիրճով: Գետը խորը չէր, բայց մեր ոտքերն այնուամենայնիվ, թրջեցինք: Ճանապարհին հանդիպեցինք երկու փոքր ջրվեժի, իսկ երրորդի` ամենամեծի մոտ մենք կանգ առանք և կազմակերպեցինք փոքրիկ պիկնիկ: Հետո մենք սկսեցինք բարձրանալ ժայռով… Մի քիչ վախենալու էր, բայց ավելի շատ` զվարճալի: Երբ բոլոր երեխաները բարձրացան ամենավերևը, մենք տեսանք ամրոցը: Հետո ամենադժվարն էր: Մենք բարձրանում էինք անտառով: Հենց մի լեռը վերջանում էր, միանգամից մյուսն էր սկսվում, հետո երրորդը… Երբ մենք բարձրացանք գրեթե ամենավերևը, մի քանի երեխաներ սկսեցին բողոքել: Նրանք ասում էին, որ շատ են հոգնել և ամրոցի մոտ բարձրանալ չեն կարող: Խմբերի ղեկավարները կանգ առան: Բոլորը կանգ առան: Ո՞նց կարող նրանց մենակ թողնել: Մի քանի րոպե անց ես հանկարծ տեսա, որ այդ նույն երեխաները, որոնք ասում էին, որ այլևս չեն կարողանում շարժվել, հանկարծ վազեցին դեպի ամրոցը: Մենք բոլորս վազեցինք նրանց հետևից և շատ արագ հասանք մեր նպատակին: Ես շատ ուրախացա: Չգիտեմ ինչի համար ավելի ուրախացա,որ այնտեղ շատ գեղեցիկ էր, թե՞ որ մենք վերջապես տեղ հասանք: Կարծում եմ, որ ես ուրախացել էի, որ եկել էի այդ արշավին և ուրախանում էի, որ իմ շուրջբոլորն իմ ընկեր-ընկերուհիներն էին, որոնց հետ միասին ես ամեն շաբաթ սովորում եմ հայերեն, երգեր, պարեր: Ինձ շատ դուր եկավ արշավը: Անհամբեր սպասում եմ` երբ կլինի հաջորդը», -«Միության» հետ զրույցում ասաց առաջին` մանկական արշավի մասնակից 14 ամյա Մարիամ Սարգսյանը:

«Ես արթնացա ժամը 7-ին: Անձրև էր գալիս, բայց միևնույնն է, ես դուրս եկա տնից: Մինչ ես հասա հանդիպման վայր, անձրևը դադարեց և հով էր: …Երբ մենք կիրճից դուրս եկանք, որոշեցինք նկարվել բոլորս միասին: Կայծակ էր: Երկինքն արագ փակվեց ամպերով և հենց մենք պատրաստվեցինք նկարվելու, հասցրինք միայն ժպտալ, քանի որ նկարվում ենք… հանկարծ սկսվեց կարկուտ: Մենք կանգնած էինք բաց մարգագետնի վրա և թաքնվելու տեղ էլ չկար: Բոլորը դա հասկանում էին: Փախչելու տեղ չկար: Ետևում կիրճի զառիթափն էր, որով մենք հենց նոր էինք բարձրացել, իսկ անտառը շատ հեռու էր: Կարկուտը խփում էր մեր գլխին,  ձեռքերին… Մի քիչ ցավոտ էր, քանի որ կարկուտը համայա պինգ-պոնգի գնդակի չափ էր… Երևի բոլորի համար էլ ցավոտ էր, բայց բոլորը ծիծաղում և ուրախանում էին: Չէ՞ որ ամեն օր չէ, որ լեռներում կընկնես կարկուտի տակ: Մինչ բոլորը ուրախանում էին, որ ընկել են կարկուտի տակ, մի քանի հոգի հանեցին հաստ ծածկոցներ, և մենք բոլորս թաքնվեցինք նրա տակ… Մենք քիչ-քիչ շատանում էինք… ծածկոցները ևս… Արդյունքում ստացվեց մի մեծ ծածկոց-տանիք, որի տակ թաքնվեցին արշավի բոլոր մասնակիցները: Միանգամից հիշեցինք հռոմեական լեգեոններին, որոնք ունեին «կրիա» ռազմական միջոցներ: Մենակ թե հռոմեացիներինը վահաններ էին, մերը` ծածկոցներ… Տասը րոպեից կարկուտն ավարտվեց և սկսվեց հեղեղ: Բայց հեղեղը մեզ չէր վախեցնի: Այնքա˜ն արշավներ ենք ունեցել անձրևի տակ: Ձյան տակ էլ ենք արշավի գնացել: Արդյունքում մենք գնացինք առաջ: Թաց, կարկուտից ծեծված, բայց գոհ…», -պատմում է Ալեքս Գրիգորյանը` մեծահասակների արշավի մասնակիցը:

«Արշավների անցկացումը «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության գործունեության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Մենք արշավներ ենք կազմակերպում ամեն ամիս` ամռանը, ձմռանը, գարնանը… Արշավի գլխավոր նպատակն է, որ երեխաները սովորեն արշավային կարգուկանոնին: Սովորեն զգալ, որ նրանք մի ամբողջություն են կազմում: Արշավների ընթացքում երեխաներն ավելի են ճանաչում միմյանց, ուրախանում են միասին, միասին դժվարություններ են հաղթահարում, օգնում են միմյանց: Արշավների ընթացքում երեխաներն այնպիսի հմտություններ են սովորում, որոնք հետագայում անպայման պետք կգան իրենց: Ես համոզված եմ, որ երբ այս երեխաները մեծանան, ապա նրանց շնորհիվ Համայնքը կլինի ավելի ամրակուռ, ավելի ուժեղ, քան այսօր: Ինչքան շատ երեխաներ մասնակցեն նման արշավների և Պատանեկան Միության մյուս գործունեությանը, այնքան լավ իրենց իսկ համար: Այնքան լավ թբիլիսահայության ապագայի և վիրահայության համար: Նրանք, ովքեր մասնակցում են մեր գործունեությանը, ես համոզված եմ, որ երբեք նրանց մտքով չի էլ անցնի փոխել ազգանունը, թե՞ ոչ: Այս երեխաները սիրում են իրենց ազգությունը և հպարտանում են, որ իրենք հայ են: «Հպա´րտ եղիր, որ հայ ես». այս բառերն են գրված մեր դպրոցականների հագուստների վրա», -«Միության» հետ զրույցում ասաց «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության ղեկավար Սլավա Մեժդոյանը:

http://armenian-community.ge

Scroll Up