Ադրբեջանցիները Պուտինի անունից իրենց հրավիրել են Եվրասիական տնտեսական միություն

Ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվական արշավի նոր փուլում իրենց խարդավանքներին խառնել են երկու երկրի նախագահի, երկու երկրի` բելառուսական եւ սերբական լրատվամիջոցների:

Նրանք Բելառուսի նախագահին վերագրել են սերբական լրատվամիջոցներին տրված հարազրույցում չհնչեցված միտք` Պուտինի կողմից Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միությանը միանալու հրավերի վերաբերյալ:

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սերբական հեռուստառադիոընկերությանը եւ «Պոլիտիկա» օրաթերթին տված հարցազրույցը, նշել են իբր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Ադրբեջանին անդամակցել Եվրասիական տնտեսական
միությանը: Իրականում «Պոլիտիկա»-ի կայքում այսօր հրապարակված հիշյալ հարցազրույցում Բելառուսի նախագահը որեւէ անգամ չի հիշատակել Ադրբեջան բառը, անգամ չի նշել այդ աշխարհագրական տեղանունը Եվրասիական տնտեսական տարածքի հեռանկարների վերաբերյալ հարցի պատասխանում, որի տեսագրությունը առկա է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: «Եվրասիական տնտեսական միությունը մեծ հեռանկարներ ունի… Դեռեւս երեք երկրների կողմից պայմանագրի ստորագրման փուլում դրա նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է: Չեմ խոսում Չինաստանի մասին, որի հետ արդեն պայմանավորվում ենք, համագործակցում, այսօր Վիետնամը, Հնդկաստանը հայտարարում են այս մասին, այլ պետություններ, դուք եւս ձեզ այդտեղ եք տեսնում: Վստահ եմ, որ
Ուկրաինան չի կարող խուսափել այդ միության հետ համագործակցությունից»,-ասել է Բելառուսի ղեկավարը` համարելով նորաստեղծ միությունն աշխարհի բազմաբեւեռությանը նպաստող գործոն:

Ադրբեջանական լրատվամիջոցների գործելաոճը մեկնաբանելու համար «Արմենպրես»-ը դիմեց տարածաշրջանային խնդիրների փորձագետ Արաքս Կասյանին, ով նշեց, որ ադրբեջանցիներն ավելի շատ ցանկանում են բացասական ֆոն ստեղծել ԵՏՄ-ին Հայաստանի անխուսափելի ինտեգրման շուրջ` հասկանալով դրա դրական հետեւանքները Հայաստանի տնտեսական զարգացման համար: «Գործ ունենք ադրբեջանական լրատվամիջոցների սովորական աշխատաոճի հետ, երբ երեւակայությունը նրանց հիմք է տալիս խիստ ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն»,-ասաց Կասյանը:
Խնդրո առարկայի վերաբերյալ ադրբեջանական կայքերի վկայակոչած սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նման ոչ պրոֆեսիոնալ ու սովորական աշխատաոճի հերթական դրսեւորման համար առիթ է հանդիսացել բելառուսական ընդամենը մեկ լրատվամիջոցի ամփոփման (background) մեջ առկա` այս պահի դրությամբ որեւէ հիմնավորում չունեցող մտահանգումը:

armenpress.am

Scroll Up