Եռագույնը՝ վերևից

Ինքնաթիռով ճամփորդող զբոսաշրջիկների ամենասիրած պահերից մեկը, որպես կանոն, մինչև վայրէջք կատարելը օդում հնարավորինս երկար պտույտ տալն է. այս ընթացքում հասցնում են առաջին հայացքը գցել օտար հողին, ստանալ առաջին տպավորությունը:

Շուտով, շատ շուտով Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդ՝ զբոսաշրջիկ, սփյուռքահայ, թե տեղացի, վերևներից կտեսնի հայկական եռագույնն իր ամբողջ հմայքով: 60 մ երկարությամբ, 30 մ լայնությամբ, 1800 մտարածք զբաղեցնող դրոշը «կծածանվի» Եռաբլուր պանթեոնի աջակողմյան լանջին: Մի կողմում Արարատն է, մյուսում Արագածը, առջևում Զվարթնոցը, հետևում Եռաբլուրի եկեղեցին, դե, իսկ կենտրոնում նույն ինքը՝ կարմիր-կապույտ-ծիրանագույնը:

«Սրբավայր Պանթեոնում սուրբ դրոշ կերտելու» մտահղացումն առաջացել է դեռևս երկուսուկես տարի առաջ: Սկզբում նախաձեռնող խմբի անդամները մտադիր էին շերտերը ստանալ եռագույն ծաղիկներից, սակայն առանց ֆինանսավորման այդ միտքն անիրագործելի էր: Ինչպես ասում են, «մարդու մտքին տեղ լինի». կարճ ժամանակում ծնվեց քարակերտ դրոշ կերտելու գաղափարը: Ընտրեցին հողակտորը, այն վերցրեցին շրջանակի մեջ ու անցան գործի:

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շաբաթ և կիրակի օրերին երեկոյան ժամը 6-ից մինչև մութն ընկնելը բլրի վրա երևում են ժրաջան աշխատողները: Հատուկ այնպիսի տարածք են ընտրել, որպեսզի որևէ ծառ չհատվի: Սկզբում հավաքել են մեծ քարերը, հողակտորը մաքրել մանր թփերից ու խոտերից ու անցել հողը փխրեցնելուն: Երկրորդ շաբաթվա աշխատող խմբին միացա ժամը 18:00-ին: Զգեստափոխվեցին, հագան հարմար կոշիկներն ու քայլեցին դեպի «դրոշի տարածք»: Զինվելով աշխատանքային ձեռնոցներով, բահերով, փոցխերով ու դույլերով՝ սկսեցին աշխատել: Ծանր աշխատանքը՝ հողը փորելը, հողում եղած խոշոր արմատներն ու մեծ քարերը հեռացնելը, կուտակված քարերը դույլերով տեղափոխելը ուժեղ սեռի գործն է: Աղջիկները փխրեցված հողը մաքրում են ավելի մանր քարերից, հավասարեցնում հողաշերտը, երբեմն էլ մեծ ոգևորությամբ խախտում աշխատանքի բաժանման չգրված օրենքը:

Գուցե երիտասարդներին միամիտ համարեք. չէ՞ որ կարելի էր մի փոքր գումար հավաքել, քար բերել, լցնել տարածքում, ու միայն հետո շարել, ներկել՝ գոնե կիսով չափ կրճատելով չարչարանքը: Բայց նախաձեռնողների համար սա յուրահատուկ ուխտ է՝ սեփական ձեռքերով հատ-հատ հավաքել, շարել, ապա ներկել քարերը՝ կերտելով ձեռակերտ եռագույնը:

Ամառվա շոգին չեն զլանում գալ ու մի փոքր «քրտինք թափել»: Դադար առնելու համար ժամանակ չեն կորցնում: Այդժամ օգնության է հասնում չարաճճի բնությունը. կարճատև դադար՝ անձրևի տեսքով: Թափվող կաթիլները կրկնակի օգուտ են բերում. մի կողմից հանգստի հնարավորություն են տալիս աշխատողներին, մյուս կողմից փափկեցնում են հողը, ցրում օդում հավաքված փոշու ամպերը: Փաստորեն, երբ շաբաթ կամ կիրակի անձև է գալիս, մի՛ շտապեք բողոքել: Բարի գործի համար է:

Սոնա Քոչարյան

imyerevan.com

mda (1) mda (2) mda (3) mda (4) mda (5) mda (6) mda (7) mda (8) mda (9) mda (10) mda (11) mda (12) mda (13) mda (14) mda (15) mda (16) mda

Scroll Up