Տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու օծման արարողությունը

Մայիսի 25-ին տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցու օծման արարողությունը՝  Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան ձեռամբ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Օծման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, այդ թվում ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի բարձրաստիճան հոգևորականներ: Ելույթներով և շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանը, Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտ Գեորգին, ՌՀՄ նախագահ Ա.Աբրահամյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Եզրաս Սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն բարերարներին, ում ջանքերով կառուցվել է տաճարը: Յուրաքանչյուրին հանձնվեցին պարգևներ և շնորհակալագրեր: Եկեղեցու կառուցման հիմնադիր և շինարարության հիմնական մասնակից Ա.Ալեքյանին շնորհվեց Սբ.Ներսես Շնորհալու անվան շքանշանը:

ՌՀՄ նախագահ Ա.Աբրահամյանը եկեղեցու օծման կապակցությամբ նվիրաբերեց Աստվածամոր ոսկե սրբապատկերը: Նա մասնավորապես նշեց հայ եկեղեցու հատուկ դերը ոչ միայն հավատքի պահպանման, այլ նաև հայ ժողովրդի միասնականության գործում:

Նույն օրը տեղի ունեցավ հոգևոր-լուսավորչական և նորակառույց թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցեցին Նիժնի Նովգորոդի շրջանի ղեկավար Օ.Կոնդրաշովը և Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտ Գեորգին: Օ.Կոնդրաշովը իր ելույթում նշեց Նիժնի Նովգորոդում հայկական տաճարի գոյության յուրահատկությունը: Նրա խոսքերով՝ սա հատուկ կարևորության իրադարձություն է հայ համայնքի կյանքում, ոչ միայն հոգևոր, կրոնական, այլ նաև ազգային մշակույթի կենտրոն է: Նորակառույց եկեցեղու բակում տեղադրված է ռուս-հայկական բարեկամությանը նվիրված հուշ-խաչքար: Այն օծվեց Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի  և Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտ Գեորգիի կողմից:

Տեղեկանք. Առաջին հայկական եկեղեցին Նիժնի Նովգորոդում կառուցվել էր դեռ 1828թ, սակայն մոտ 100 տարի անց` խորհրդային տարիներին, այն հիմնովին քանդվել էր: Նոր տաճարի կառուցումը նախատեսված էր իրականացնել 1993թ, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են միայն 2008թ:

Scroll Up