Գայանե Հարությունյան. «Երգել` ինձ համար նշանակում է ապրել…»

Շարականների հոգեպարար հնչյունները խառնվում են բուրվառներից արձակվող խնկաբույրի հետ, թևածում եկեղեցու կամարների տակ ու բարձրանում երկինք.. Նրա երգած աստվածահաճո հոգևոր երգերը վանում են չարը և լցնում մարդկանց հոգիները լույսի ու բարու հավատով։ Երբևէ կմտածե՞ր նա արդյոք, որ օրերից մի օր երգելու է հայոց Սուրբ Պատարագ ու շարականներ, և ոչ միայն երգելու, այլև ղեկավարելու է եկեղեցական երգչախումբը, ուր երգում է նաև իր ամուսինը…

Այս քնքուշ ու նազելի հայուհին՝ Գայանե Հարությունյանը, Օդեսայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտ է, միաժամանակ` Խարկովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Նա իր քաղցրահունչ կարկաչով, երգեցողության ու խաղի համոզիչ համադրությամբ, կանացի բազմազան ու խոր զգացումների դրսևորումներով, հույզերի երաժշտական մեկնաբանությամբ հրապուրում է հանդիսատեսին։

Որպես ժամերգություն ճախրում է նրա «Ծիծեռնակ»-ը դահլիճի կամարների տակ, և դահլիճն ասես վերածվում է Զանգակատան…

Հայ ազգի հրաշալի դուստրը ազգանվեր գործ է կատարում՝ գիտակցելով հայ մշակույթի, հայ երգիդերը հայի գոյատևման ու պահպանման գործում: Արյան ու հոգու կանչով նա նաև ձեռնամուխ եղավկանանց երգչախմբի՝ «Նռնենու» ստեղծմանը։ Նրա շնորհիվ «Նռնենին» վերընձյուղվեց մի փարթամ ծառի, որն ամեն անգամ զարդարում է օդեսահայ համայնքի մշակույթի տանը կազմակերպվող բազմաբնույթմիջոցառումները։

Սակայն ես կասեի, որ Գայանեի ամենամեծ ձեռքբերումը նրա գեղեցիկ ընտանիքն է։ Արվեստին անձնուրաց նվիրված ամուսիններն ունեն երկու սիրունիկ աղջնակներ։ Մեծը՝ վեցամյա Սյուզին, մայրիկի իսկական դստրիկն է. երգում է, պարում, ասմունքում, դերեր կատարում։

«Հայերն այսօր»-ի ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում հարցազրույցը Գայանեի հետ, որիընթացքում ես ձգտում էի պարզել, թե ինչպես է նրան հաջողվում համադրել այդ ամենը` հասցնելով նման բարձր մակարդակի։

-Գայանե՛, Դուք համայնքում սիրված և համայնքի դեմքը ներկայացնող անձնավորություն եք, ուստիցանկալի էր լսել որոշ տեղեկություններ Ձեր կյանքից, քանի որ համոզված եմ՝ շատերին է հետաքրքիր։

-Նախ՝ ինձ թվում է, որ պիտի «դու»-ով դիմենք միմյանց, այնպես չէ՞(ժպտում է-հեղ.)։

-Համաձայն եմ, շատ բարի։

-Ծնունդով Աբխազիայից եմ։ Մայր Հայաստանում էլ եմ ապրել, սակայն ցավոք՝ շատ կարճ ժամանակ, քանի որ դեռևս մանուկ էի, երբ հանգամանքների բերումով մեր ընտանիքը տեղափոխվեց Ուկրաինա՝ Դնեպրոպետրովսկ։ Երգել եմ փոքրուց՝ տանը, դպրոցում,Դնեպրոպետրովսկի հայ համայնքում։

Հանրակրթական դպրոցին համընթաց ` հաճախել եմ երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը, այնուհետև սովորել երաժշտական ուսումնարանում՝ դիրիժորական ֆակուլտետի երգչախմբային բաժնում ։ Բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու փափագով մեկնեցի Օդեսա և ընդունվեցի կոնսերվատորիայի (այժմ՝ Նեժդանովայի անվան երաժշտական ակադեմիայի) վոկալ բաժինը։ Այստեղ էլ ծանոթացա ապագա ամուսնուս հետ…

-Քո շնորհը՝ հրաշալի ձայնը, բնատու՞ր է, գենետիկայի հետ առնչություն ունի՞։

-Կան բաներ, որոնք ձեռքբերովի են, տարիների ընթացքում կարող ես սովորել, հղկել, բայց բաներ էլ կան, որոնք բնությունից են տրված՝ կա՛մ դրանց կրողն ես, կա՛մ՝ ոչ… Ես, կարելի է ասել, մեծացել եմ հայ երգի մեջ։ Երբ արթնանում են մանկությանս հուշերը, մորս օրորոցային երգերն են հնչում ականջներումս…Հայրենիքից հեռու, հայրենիքի կարոտը սրտում՝ մայրս մայրենի լեզու և հայրենասիրական երգեր էր սովորեցնում մեզ՝ երեխաներիս, սովորեցնում էր Կոմիտասի երգերը։ Երգում է սիրելի տատիկս։ Նա ունի հրաշալի ձայնային տվյալներ, թեպետ երգը չդարձավ նրա մասնագիտությունը։

Նա ընտրել է կյանքի ուրիշ ճանապարհ. տատս վաստակաշատ մանկավարժ է, նաև ստեղծագործում է։ Հետևաբար, առկա է արմատներից եկող օժտվածությունը։ Ես աշխատասիրությամբ էլ տատիկիս եմ նմանվել, բայց ուզում եմ նաև ավելացնել, որ իմ կյանքում բախտորոշ դեր խաղաց դեռևս ուսումնարանի վոկալի ուսուցչուհիս, որը սիրով փոխանցեց ինձ իր գիտելիքները և բարի խորհրդով վստահություն ներշնչեց՝ վճռականապես կապվելու երաժշտության դժվարին, միաժամանակ՝ կախարդական ու հրապուրիչ աշխարհի հետ։

-Մենահամերգով հանդես գալի՞ս ես։

-Մենահամերգ բառը տվյալ դեպքում ես կփոխարինեի ընտանեկան զույգի համերգով կամ զուգերգով, քանի որ հաճախ ենք միասին համերգներ տալիս։ Կատարումներ ենք ունեցել Դնեպրոպետրովսկի կամերային երաժշտության տանը, Օդեսայի ֆիլհարմոնիայում, գրականագիտության թանգարանում, հայ համայնքի մշակույթի տանը։ Լինում է՝ անվանի մաեստրո Սերգեյ Մացոյանի հրավերով ես հանդես եմ գալիս կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր եմ, սակայն անմոռաց է «Իմ Հայաստան» համաուկրաինական փառատոնը, որն ինձ պարգևեց անեզրական բերկրանք. առաջին տեղը գրավեցի և արժանացա ոսկե մեդալի։ Խարկովի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի եմ. Մարմնավորել եմ գլխավոր հերոսուհիներին` Վիոլետա («Տրավիատա»), Լուչիա(«Լուչիա դե Լամերմուր»), Միմի («Բոհեմա»), Իոլանտա («Իոլանտա»)։

-Իսկ քո երգացանկում ընդգրկվո՞ւմ են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

-Անշուշտ, կոնսերվատորայի օպերային ստուդիայում համակուրսեցիներով բեմադրեցինք Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Դասական երաժշտության համաշխարհային գոհարների թվում համերգների ընթացքում ակտիվորեն ներկայացնում եմ նաև հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Տիգրան Չուխաջյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոմանոս Մելիքյանի երաժշտությունը։ Անսահմանորեն սիրում եմ հայկական ռոմասսներ կատարել։ Այս հոգեզմայլ երգատեսակի մեղեդիները մանկությանս հեքիաթներին են նման, ուր մշտապես հաղթում է բարին, և որոնք օդը լցնում են աստվածային սիրով։

-Ի՞նչ ես զգում, երբ օտար բեմերում ներկայացնում ես հայերենը, ինչպե՞ս է ընկալում օտար հանդիսատեսը։

– Երգիչը վերարտադրում է կոմպոզիտորի ստեղծածը և, որպեսզի տպավորվի ունկնդրի մեջ, ամեն անգամ նորովի պիտի մատուցի։ Երգելիս միշտ երջանիկ պահեր եմ ապրում, հատկապես երբ այլազգի ունկնդրին ներկայացնում եմ հայ երգը: Իմ նպատակը, այդ պահի իմ երազանքը օտարներին հայկական երգը ճիշտ ներկայացնելն է, որպեսզի նրանք զգան մեր երգարվեստի գեղեցկությունն ու կատարելությունը։

Այդ պահերին ինձ թվում է՝ ոչ թե արտիստ եմ, այլև իմ ժողովրդի, իմ երկրի յուրատեսակ դեսպանը։

-Հայ երգը հայ մշակույթի անբաժան, ամենասիրված մասն է։ Քո կարծիքով` այն ինչպե՞ս է նպաստում հայրենիքից դուրս հայ մնալուն։

-Իսկապես, հայ երգը հայ մշակույթի ամենասիրված մասն է։ Դրանում ես ամեն անգամ համոզվում եմ համայնքի և՛ երիտասարդների, և՛ կանանց համույթի հետ աշխատելիս։ Երիտասարդները ջերմ սիրով ու մեծ խանդավառությամբ են երգում, իսկ հայ կանայք իրենց բնավորության ամոթխածությամբ հանդերձ՝ հայ երգի մեծ սիրահարներ են։ Ես շուրջ 12 տարի կապված եմ օդեսահայ համայնքի, հայկական եկեղեցու հետ և զգում եմ, որ տարեցտարի մեր աշխատանքի արդյունքները ավելի գոհացուցիչ են։ Ինքս էլ ոգևորվում եմ և ինձ համար հայ երգի նոր հորիզոններ բացում։ Մեր երգը մշակույթի կարևորագույն մասն է. իր մեջ ունի ազգի պատմություն, սեր, հույզեր, ի վերջո՝ հայկական բնավորություն։ Այդ ամենը նպաստում են, որ հայը գիտակցի իր արժանիքը, չմոռանա իր տեղն ու դիրքը այս աշխարհում, գիտակցի, որ պատմությանը դեռ ասելիք ունի…

– Բացառությամբ մեկի՝ «Նռնենու» երգչուհիները չունեն երաժշտական կրթություն, ինչպե՞ս է հնարավոր դառնում հասնել նման արդյունքի։

-Հարկավ, խմբի ելույթները ջերմությամբ են ընդունվում ունկնդիրների կողմից. Հիացնում է հայ երգի հուզական այն մեկնաբանությունը, որով հանդիսատեսին հրամցնում են համույթի կանայք։ Բայց սոսկ փորձերը չեն կարող արդյունք ապահովել. սեր և նվիվածություն է անհրաժեշտ։ Նրանք երգում են, քանզի սիրում են մեր երգը, մեր ժողովրդին, մեր հեռու, բայց միշտ մեր սրտի մեջ գտնվող հայրենիքը…

-Իմ կարծիքով` միայն կատարելության հասած մարդը կարող է հոգևոր երգեր կատարել, նաև խմբավարել հոգևոր երգչախումբը։ Համաձա՞յն ես։

– Եկեղեցին մեր գոյության անբաժանելի մասն է։ Այստեղ շատ հայեր են հավաքվում և հարազատ լեզվով աղոթում օտար հողում։ Այստեղ ես զգում եմ շրջապատված Աստծո սիրով՝ մեր եկեղեցու գեղեցիկ օրհներգերն ու միջնադարյան շարականները երգելու ընթացքում. ինչ-որ անբացատրելի կապ եմ զգում, հաղորդակցվում եմ աննյութականի հետ, միտքս համբարձվում է երկրային իրողություններից, ես ինձ չեմ լսում։ Համոզված եմ, որ նման երանավետ պահեր են ապրում նաև խմբի երգիչներն ու եկեղեցու հավատացյալները։ Եկեղեցու հոգեշնորհ հայր Լևոնի և բարեշնորհ Արման սարկավագի օգնությամբ մենք որոշում ենք երգչախմբի անելիքը, կարելի է ասել՝ համապատասխան հանձնարարություններ ստանում և աշխատում այդ ուղղությամբ։ Իմ մեջ անսպառ սեր կա այդ ամենի հանդեպ։ Թվում է՝ դա Աստծուն և իմ հայ ժողովրդին ծառայելու ուղիղ ճանապարհն է, և Աստծո կողմից ինձ տրված շնորհքով ես ձգտում եմ կատարելության..

-Իսկ ի՞նչ առնչություններ ունեն հոգևոր և դասական երաժշտությունները` ըստ քեզ:

-Երկուսն էլ բարձրարժեք են, կատարյալ, աստվածային՝ հոգին հարստացնելու, լցնելու, գոհացնելու առումով, սակայն դասական երաժշտությունը աշխարհիկ է, իսկ հոգևորը սովորական երաժշտություն չէ՝ օրհնություն է, աղոթք , աղոթք առ Ամենաբարձրյալը՝ առ ամենակարող Աստված։ Ինչպես Փարաջանովն է գրել . «Հայ հոգևոր երգը դարերից եկած հայ ոգեղենության ազնվական ու լուսավոր մարմնավորումն է»։

-Տարբեր ազգերի մշակույթների համադրումը առկա է ոչ միայն քո աշխատանքում, նաև՝ ընտանեկան կյանքում. նկատի ունեմ ամուսնուդ ոչ հայ լինելը։ Հայ կնոջը բնորոշ ո՞ր հատկանիշներն են նպաստում օտար ազգի ներկայացուցչի հետ ոչ միայն օրինակելի ընտանիք կազմել, այլև խթանել, որ ևս մեկ օտարազգի մարդ սիրի հային, հայ երգը, երգի հայկական հոգևոր երգչախմբում։

– Անկեղծ ասած՝ մտքովս երբևիցե չի անցել, որ հանուն ինձ է երգում հայերեն, ես հիմա էլ կարծում եմ, որ երգի հանդեպ սերն է մղում նրան, դա պարզապես երգչի ցանկություն է. նա պիտի երգի։ Ես էլ ուկրաինական եկեղեցում եմ երգել, ինձ էլ է հետաքրքիր։ Առնչությունը այլ մշակույթների հետ ճանաչողական արժեք ունի։

(Այդ պահին մոտեցավ Գայանեի ամուսինը՝ Վասիլին և ակամա մեր զրույցի մասնակիցը դարձավ-հեղ։ )

Վասիլի – Ես հայ համայնք եկա, հայկական եկեղեցի մտա, որպեսզի մոտ գտնվեի Գայանեին, և աստիճանաբար սիրեցի հայ երգը, հային ու հայկականը։ Հայ երգը նպաստում է սիրել միմյանց, սիրել կյանքը։ Ինձ հրապուրում են հայ երգի հմայքը, հայ կնոջ բնավորությունը։ Մեր ընտանիքում ես ինձ հայ եմ զգում։ Մեր երաժշտական ընտանիքը բազմազգ է ու համերաշխ, մեծ մասամբ՝ շնորհիվ Գայանեի։ Այդ առումով նա ինչ-որ չափով «դիվանագետ» է։

-Դուք ուզու՞մ եք, որ ձեր երեխաները ընտրեն ձեր ճանապարհը։

– Արվեստի բնագավառի մարդիկ սովորաբար չեն ցանկանում, որ երեխաները գնան իրենց հետքերով,- պատասխանեց Գայանեն։ -Մենք կտրականապես դեմ չենք, պարզապես շատ ծնողների նման ուզում ենք, որ մեր բալիկները մեծանան բազմակողմանի զարգացած մարդիկ և դրա համար անում ենք հնարավորին ամեն ինչ։ Սակայն ես գտնում եմ, որ ամեն մարդ ինչի համար աշխարհ է եկել, նրանով էլ պիտի զբաղվի, ոչ ոք պարտադրելու իրավունք չունի։ Հետևաբար, մեր երեխաները, ինչ շնորհքով օժտված կլինեն և ինչ

կսիրեն՝ տա՜ Աստված՝ դրանով էլ թող զբաղվեն, մենք էլ միայն կօգնենք։

– Այլևս ի՞նչ երազանքներ ունես:

-Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ և անում եմ այն, ինչ սիրում եմ։ Ամենամեծ պարգևը թերևս իմ հրաշք բալիկներն են։ Նրանք իմ կյանքի իմաստն են։ Իհարկե, երազել պետք է, առանց դրա կյանքն իմաստ չի ունենա։ Կան օպերային դերերգեր, որոնք դեռ չեմ կատարել, բայց ցանկանում եմ երգել և կայուն տեղ գրավել արվեստի մեծ աշխարհում։ Ինձ համար երգել՝ նշանակում է ապրել..

-Սիրելի’ Գայանե, ի՞նչ խոսքերով կուզենայիր ավարտել մեր զրույցը։

-Աստված իմ չափով է տվել ինձ, և ինձ բաժին հասած այդ «չափը» պարտավորեցնում է՝ ուկրաինական բազմազգ հասարակությանը և բնական է՝ ուկրաինական սփյուռքին ներկայացնելու հայ երգի ոսկեհնչյուն մեղեդիները… Մենք կանք, երգում ենք և դեռ կերգենք..Զրույցն ավարտենք խոսքի մեծ Վարպետ Իսահակյանի բառերով. «Քանի հայ երգը կա, հայ ազգը կապրի, քանի հայ ազգը կա, հայ երգը կապրի»…

 Զրուցեց Նարինե Մուրադյանը

«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա

x_6f332e3b z_c903be66

Scroll Up