«Ապրում ենք, որովհետև հիշում ենք…»

 -Հայոց եղեռնը իմ հոգու ճիչն է,

Ճախրանքիս բոցն է հայոց եղեռնը 

– Հայոց եղեռնը զայրույթիս կիրքն է,                                        

 Թռիչքիս ձիրքն է հայոց եղեռնը                                                              

 -Հայոց եղեռնը իմ մութն ու լույսն է,

 Քունն ու արթունն է հայոց եղեռնը…               

-Իմ որբ խաչքարն է ու ավեր վանքն է,

 Կորած հավատն է ու հավատամքն է…

   Օդեսահայերի  «Վերնատուն» սրահում  թևածող թախծալի երաժշտության մեղեդիների և էկրանին ներկայացվող  ահասարսուռ դրվագների ցուցադրման ուղեկցությամբ ասմունքում էին «Հայ ասպետ» հայրենագիտական խմբակի սաները։ Այն հարցին, թե արմատներով բնիկ որտեղացի՞ եք, նրանցից յուրաքանչյուրը կպատասխաներ,  որ ակունքներով էն կորուսյալ Էրգրից են՝  իրենց պապերի, նախնիների ծննդավայրից, իրենց երբեմնի հայրենիքից՝ պատմական Հայաստանից։։ Արյան ավիշներով նրանց փոխանցված ցավի հիշողությունը վերածվել էր պապենական երկրի կարոտաբաղձ ու  ցավոտ նվագի։ Արդեն ո՜րերորդ անգամ են հնչում այդ տողերը Հայոց մեծ եղեռնից հրաշքով փրկվածների՝  քամուց քշված սերմնահատիկի պես օտար հողի վրա ծլարձակած սերունդների դողդողացող շուրթերից։

   «Հայ ասպետիկների» հերթական «պայքարն» անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և կրում էր «Ապրում ենք, որովհետև հիշում ենք» խորագիրը։ Սրահի ձևավորումը համահունչ էր միջոցառման բովանդակությանը, անգամ սեղաններին գտնվող մոմակալները խորհրդանշում էին Հայոց եռագույնը, իսկ նրանից բարձրացող բոցերը՝  հայոց ծուխը ծխանի։

  Շուրջ չորս տարի է, ինչ կիրակնօրյա դպրոցին կից գործում է «Հայ ասպետ» հայրենագիտական խմբակը, որի նպատակն է  սփյուռքում ապրող երեխաների հայրենասիրական դաստիարակությունը և ազգի պատմության ուսուցումը, քանզի «իր անցյալի պատմությունը չիմացող ժողովուրդը չի կարող ապագա ունենալ»։ Շնորհիվ  դպրոցի տնօրեն Էլեն Պողոսյանի և պատմության ուսուցչուհու եռանդի ու նպատակամղվածության՝  մրցույթը տարեցտարի ավելի բարձր մակարդակով է կազմակերպվում, այս անգամ՝ առավել ևս։  Միջոցառումը վարում էր խմբակի ղեկավար, հայոց պատմության շնորհալի ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանը , որը ներկայացրեց մրցող թիմերին և հիշեցրեց գնահատման կարգը։ Մրցակցությունը ծավալվեց «Հայք»( հայերի երկիր՝     Հայաստան) և «Արատտա»( ըստ շումերական աղբյուրների՝ առաջին հայկական պետությունը, որը գոյություն է ունեցել 28-27-րդ դարերում մ.թ.ա. ) թիմերի միջև։ 

  Թախծի հետ միախառնված՝ հուզումնալից ուրւախությունը համակել էր հոգիս. բոլորը խոսում էին հայերենով՝ «Մեսրոպով կնքված, Նարեկացիով օծված», սփյուռքի հայերիս համար որպես աղոթք հնչող մեր մայր լեզվով։    

  Միջոցառումը տրամաբանական հաջորդականությամբ իր մեջ ներառում էր մեր պատմության այդ արյունոտ էջերը չորս փուլերով՝ պանիսլամիզմ,  ցեղասպանություն, վրեժխնդրություն, պահանջատիրություն։

  Մրցույթի ընթացքում հնչեցին «Արաբո», « Հայ ֆիդայիներ», «Կովկասի քաջեր»   հայդուկային-հայրենասիրական երգերը՝ վոկալ համույթի կատարմամբ։  «Պիտի գնանք» քաջալերող երգով հանդես եկավ  Տաթևիկ Արմենակյանը`  վստահ,  որ այն յուրաքանչյուր հայի սրտի երգն է.

                   Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք` վաղ թե ուշ…  

  Ցեղասպանության թեմայի բացահայտումը իրականացվեց նաև երեք տղաների դերակատարումներով. Լևոն Հարությունյանը մեծ հպարտությամբ կատարեց Շապին-Գարահիսարի արծվի՝ մեծ հայդուկ, քաջ զորավար, գեներալ Անդրանիկի դերը, որի ռազմական տաղանդի և մարդկային վեհ արժանիքների մասին անգամ թշնամին է խոստովանել։ Իսկ Վահե Մաթոսյանը մեծ դժվարությամբ համաձայնեց ներկայացնել արյունարբու բարբարոսի՝  Թալեաթի կերպարը և հայտարարել նրա դաժան որոշումները։ Վահան Պողոսյանն էլ խրոխտ ու հաղթական կեցվածքով հնչեցրեց վրիժառուների գործն ու անունները։

  Հուզումնալից աշխուժություն առաջացրեց Ծիծեռնակաբերդին վերաբերող հարցերի քննարկումը։ Հայերիս ամենամեծ վշտի խորհրդանիշը՝ Ծիծեռնակաբերդը, քարե Պատարագ է՝ ձոնված 1,5 միլիոն անմեղ զոհերի հոգու հավիտենական հանգստությանը, իսկ նրա հարևանությամբ  կանաչած մշտադալար եղևնիների պուրակը՝ խոնարհումի և հարգանքի տուրք։

  Մենք պարտավոր ենք ՝ Հիշե՜լ, Խոնարհվե՜լ և երբե՛ք  Չմոռանա՜լ… Այդ են վկայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան-գարունածաղիկը՝ անմոռուկը, և կարգախոսը՝                                                                               

                            Հիշում եմ և Պահանջում։

 Աստվա՛ծ քեզ օգնական, Հավերժի ճամփորդ իմ հա՛յ ժողովուրդ։    

 Մասնակիցների սևեռուն հայացքների ուղեկցությամբ մրցույթի արդյունքներն ամփոփեցին ժյուրիի անդամներ՝ համայնքի փոխնախագահ Մարգարիտա Թորոսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանը, լրագրողների միջազգային միության անդամ, հեռուստատնօրեն Արտեմ Կարաջյանը և պատմության ուսուցիչ Ալեքսանդր Մկրտչյանը։ Ոմանք դրական գնահատանքի հետ միասին նշեցին նաև առկա թերությունները, որոնք անհրաժեշտ է բացառել։ 

   Հայրենասիրական, հայրենագիտական այս հույժ կարևոր միջոցառումը հայ ժողովրդի պատմության, նրա անցյալի դժվարին, բայց միաժամանակ հերոսական դրվագների իմացության յուրօրինակ ստուգատես էր, որն ըստ արժանվույն գնահատվեց ժյուրիի կողմից։  Մրցակից թիմերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների ցուցաբերման հետ միասին մեկնաբանեցին նաև ճշմարտությունը՝ անզիջում լինել  ու միշտ պատրաստ՝ թշնամուն ավելի լավ դիմակայելու համար։  Նրանք վաստակեցին հավասար միավորներ և խոստացան ավելի լավ սովորել և կյանքի կոչել իրենց սովորածները, քանի որ իրենք են հայրենիքի վաղվա օրը։  Ժյուրիի նախագահ տիկին Թորոսյանն առաջարկեց  հաջորդ «Հայ ասպետ»-ը կազմակերպել համաուկրաինական մասշտաբով։ Իր հերթին պրն. Կարաջյանը պարտավորվեց նպաստել, որ այն վերածվի հեռուստամրցույթի և հասնել այն բանին, որ հաղորդումը ցուցադրվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։

  Միջոցառման ավարտին կրթօջախի տնօրեն տիկին Պողոսյանը շնորհակալական խոսքեր հղեց ծնողներին, մասնակիցներին և ուսուցիչներին, շնորհավորեց ներկաներին մայիսյան հերոսամարտերի հաղթանակների և մայիսի 28-ի տոնի կապակցությամբ և  ասաց.

  -Ապրիլի 24-ը եղերական ժառանգությունն է մեր անցյալի, իսկ նրա լուսավոր հիշատակը մեր մեջ ապրեցնելը  գերագույն պարտակությունն է մեր ներկա սերնդի։

  Իմ կողմից  ուզում եմ ավելացնել, որ գիտակցելով իր գոյության խորհուրդը՝  արևատենչ հույսով լեցուն հայկազուն իմ ազգը  առասպելական փյունիկ թռչունի նման կրկին ու կրկին վեր հառնեց մահվան որոգայթներից, վերածնվեց և ձգտում է հասնել  իր արդար դատի հաղթանակին՝ համոզված, որ միայն դա կկանխի պատմության մեջ նման չարագործության կրկնությունը որևէ ազգի հանդեպ.
     Ինչ որ մերն է՝ հավատացե՛ք, նորից մերը կլինի,    

               Հայոց թագը՝ Մասիսն ի վեր՝ նորից մերը կլինի

                  

                                                                                               

Նարինե Մուրադյան

                                                          

«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա

            unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed

Scroll Up