ՀՀ սփյուռքի նախարարության պարզաբանումը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության չորս միաբաններին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ

ՀՀ սփյուռքի նախարարությունը որոշել էր չանդրադառնալ մայիսի 29-ին ՀՀ քաղաքացիություն ստացած չորս սփյուռքահայերի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդության մասին մամուլում և սոցիալական ցանցերում տարածված ոչ ամբողջական, թյուր մեկնաբանություններով տեղեկատվություններին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհարկի գնահատականներն ու եզրահանգումները շարունակվում են՝ տեղեկացնում ենք, որ խոսքը վերաբերում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության չորս միաբանների:

Համայնքներում Նրանց հոգևոր ծառայությունը շարունակելու նպատակով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միջնորդում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված կարգով ազատել նրանց  պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ սփյուռքի նախարարությունը Սփյուռքից եկած առաջարկները պարտավոր է սահմանված կարգով ներկայացնել կառավարություն, ինչն էլ արվել է:

Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն հայտնում ենք, որ ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության տասնյակ որոշումներ (26 ապրիլի 2007 թվականի N 492-Ա, մայիսի 2008 թվականի N 443-Ա 22 մարտի 2012 թվականի N 327-Ա, 16 մայիսի 2013 թվականի N 528-Ա և այլն), որոնցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են տասնյակ հոգևորականններ, սակայն զանգվածային լրատվամիջոցներում նման մեկնաբանությունների չենք հանդիպել:

Այս պարագայում ԶԼՄ-ների բուռն արձագանքը թերևս պայմանավորված է նրանով, որ որոշ նկատառումներից ելնելով՝ կառավարության որոշման մեջ չի նշվել սփյուռքահայերի հոգևորականններ լինելու մասին փաստը:

ՀՀ սփյուռքի նախարարության

մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Scroll Up