Հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի’ դաշնամուրի և նվագախմբի համար գրված և Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի մրցանակակիր «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի հայրենիքում:  Այս մասին տեղեկացնում է  lurer.com-ը: Ստեղծագործությունը մայիսի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և երիտասարդ ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեն: Հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց Պետրոսյանի գործը: Ժընիեն երեկոյի ընթացքում ներկայացրեց նաև Մոցարտի դաշնամուրի թիվ 20 կոնցերտը: Բացի այդ, հայ ունկնդրին հնարավորություն ընձեռվեց վայելելու նաև Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան: Համերգն անցկացվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ:

«Այս գործը նվիրված է իմ հոր’ Անդրանիկ Պետրոսյանի հիշատակին, որը գիտնական էր և երկու տարի առաջ մահացավ: Շատ հուզված եմ, որովհետև հայաստանյան նվագախումբն առաջին անգամ է իմ ստեղծագործությունը նվագում: Նրանց համար դա ինչ-որ առումով մարտահրավեր էր: Գործն ստեղծելու ոգեշնչումը եկել է Հին Բաբելոնից: Դժվարություններ կային նվագախմբի մոտ, բայց նրանք հաղթահարեցին դա»,- լրագրողների հետ զրույցում նշեց աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի’ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2012թ. առաջին մրցանակակիր, ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը:

Ռենի Ժընիեն Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան դաշնակահարների միջազգային հեղինակավոր մրցույթում 2013 թվականին արժանացել է 2-րդ մրցանակի: Ուրախ էր Հայաստանում հանդես գալու կապակցությամբ: «Ընդամենը մի շաբաթում էի սովորել Միշել Պետրոսյանի այս ստեղծագործությունը’ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի համար: Հաճույք եմ ստանում ստեղծագործությունը սովորելով: Նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ համագործակցությունից մեծ հաճույք եմ ստացել, շատ կազմակերպված են»,- նշեց Ժընիեն:

Ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը թավջութակ, կիթառ, այնուհետև կոմպոզիցիա է ուսանել Փարիզում’ Երաժշտության և պարարվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում: 2012 թ. հաղթել է Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթում: Պետրոսյանի «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը տոգորված է կոմպոզիտորի’ բանասիրության հանդեպ տածած սիրով:

Մանրամասն՝ lurer.com-ում:

Scroll Up