Էրդողանի կուսակիցները ցանկանում են կրկին խլել հայ համայնքին վերադարձված խոշոր հողատարածքը.News.am
Ստամբուլի Զեյթինբուռնուի քաղաքապետարանը դիմել է դատարան՝ պահանջելով հետ տալ ամիսներ առաջ դատարանի որոշմամբ Սուրբ Փրկիչ հիվանդանոցին վերադարձված տարածքի մեծ մասը:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական Ակոս-ը, Ստամբուլի հայ համայնքից տարիներ առաջ խլված եւ այս տարվա հունվարին դատարանի եւ Հիմնադրամների խորհրդի որոշումով իրական տիրոջը վերադարձված հողատարածքի համար իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամների կողմից ղեկավարվող Զեյթինբուռնուի քաղաքապետարանը դիմել է Ստամբուլի վարչական 7-րդ դատարան:
Զեյթինբոռնուի քաղաքապետարանի հայցում պահանջվում է չեղյալ համարել Ստամբուլի հաշտարար 1-ին դատարանի եւ Հիմնադրամների խորհրդի որոշումը, որով հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցին է վերադարձվել մոտ 42 հազար քմ տարածք:Հայցում նշվել է, թե Հիմնադրամների խորհուրդը խախտումներով է նման որոշում կայացրել եւ դատարանից պահանջել է չեղյալ համարել այն:
Նշենք, որ 2014-ի հունվարի 22-ին Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հաշվեկշռի վրա պաշտոնապես գրանցվել է հիվանդանոցի դիմաց գտնվող 42 հազար 259 քմ տարածքը, որը 1974-ին բռնագրավվել էր պետության կողմից։
Ավելի վաղ, 2012-ի հունիսին վերադարձվել էր հիշյալ հողակտորի միայն 10 տոկոսը, սակայն Սուրբ Փրկիչ հիվանդանոցի խորհրդի անդամները ընդդիմացել էին որոշմանը եւ հայտարարել, որ պետք է հողակտորն ամբողջությամբ վերադարձվի։