«Մի կաթիլ մեղրը»՝ փոքրիկ դերասանների մատուցմամբ

Ուսումնական տարվա ավարտը Մոսկվայի Հայորդյաց տանը նշանավորվեց ոչ միայն այբբենարանի և ավարտահանդեսներով, այլև Հ․ Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բեմադրությամբ։ Հավանաբար շատ քչերը Թումանյանի այս ստեղծագործությունում այնքան երգիծանք ու հումոր կարող էին տեսնել, որքան դա կարողացել էր անել կրթօջախի մանկական թատերախմբի ղեկավար Ալվինա Հովհաննիսյանը։ Նա իր փոքրիկ սաների՝ Եվա Ադամյանի, Արթուր Հարությունյանի, Ռիմա Հայթյանի, Դիանա Կոստանյանի, Արփի Ավետիսյանի, Իննա Հովսեփյանի, Աննա Բենիամինովայի և «խանութպան»՝ Արտյոմ Մարտիրոսյանի ու «գնորդ»՝ Էդգար Խաչատրյանի խաղով անասելի բարձր տրամադրություն և ծիծաղ պարգևեց հանդիսատեսին։
Մի կողմից Ալվինա Հովհաննիսյանը ներկայացրել էր մերօրյա կենցաղը և թե ինչպես ամեն հասարակ պատահար կարող է «մի կաթիլ մեղրի» պատմության վերածվել, մյուս կողմից՝ աննկարագրելի վարպետությամբ բեմադրել էր թումանյանական ստեղծագործությունը։ Ներկայացումը համեմված էր նուրբ հումորով, երգ ու պարով և մանկան ձեռքերով պատրաստված դեկորացիաներով։
Փոքրիկ դերասանները կրթօջախի հանդիսատեսին ծանոթ են զանազան միջոցառումներից, սակայն այն, ինչ նրանք ցույց տվեցին այս ներկայացման ժամանակ՝ հիմք է տալիս կարծելու, որ մեր բեմարվեստն առավել քան փայլուն ապագա ունի։
Հատկանշական է, որ ներկայացման ժամանակ օգտագործված դեկորացիները պատրաստել էին կրթօջախի նկարչական խմբակի սաները՝ ուսուցչուհի Հրաչուհի Մարտիրոսյանի օգնությամբ, իսկ պարային բեմադրություններն Անի Մարտիրոսյանինն էին։
Ներկայացման ավարտին Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց բեմականացման հեղինակ և ռեժիսոր Ալվինա Հովհաննիսյանին և դիմելով ներկաներին ու փոքրիկ դերասաններին՝ հավելեց․ «Այսօր այս փոքրիկները նորովի ներկայացան մեզ։ Նրանց մի մասի դերասանական կարողությունները պարզապես ապշեցուցիչ էին, իսկ «Մի կաթիլ մեղրի» նման ներկայացում չեմ կարծում, թե երբևէ եղած լինի։ Հարկ է, որ ներկայացումն այս տեսքով ներկայանա լայն լսարաններին։ Թող Աստված օրհնի ձեզ և եռապատկի ձեր տաղանդը»։
Միջոցառման ավարտին մասնակիցներին բաժանվեցին հայկական հեքիաթների գրքեր՝ հերթական գեղեցիկ ներկայացումում նրանց ընդգրկված տեսնելու ակնկալիքով։
Արմինե Կարեյան, Մոսկվա