ՀՀ սփյուռքի նախարարի ելույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ հանդիպմանը

Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների այցը ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարի ելույթ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվարժան անդամնե՛ ր,

Հարգելի՛  հյուրեր,

Ողջունում եմ ձեզ` ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Ավելորդ չեմ համարում հաստատելու, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ոչ միայն համազգային խնդիրների լուծմանն աջակցող կառույցներից է, որն արդեն 23 տարի է, ինչ իրականացնում է հայության համար կենսական նշանակության և ազգային անվտանգության տեսանկյունից խիստ կարևոր ծրագրեր, այլև այն կառույցն է, որը կարողացել է աշխարհասփյուռ հայությանը` անկախ տարիքից ու սեռից, կրոնական ու կուսակցական պատկանելիությունից, համախմբել համազգային գաղափարների շուրջ:

Յուրաքանչյուր նման հանդիպում զարգացման, առաջադիմության, հաջողության հասնելու նպատակ ու խնդիր ունի` քննական ինքնաարժևորման ճանապարհով: Այս դեպքում ինքնաարժևորումը մեզ հնարավորություն կընձեռի նոր մարտավարությամբ ու վերանորոգ հանձնառությամբ գործելու:

Ձեզանից յուրաքանչյուրն իր  բնակության երկրում հայ ժողովրդի միասնականության, ազգին ծառալելու, հայրենի պետությունը զորացնելու, ապագայի նկատմամբ հավատը վերականգնելու, ազգադավան գաղափարները կյանքի կոչելու առաքյալն է ու ջատագովը: Ձեր նվիրումով և աշխարհասփյուռ այն 25 մասնաճյուղերի գոյությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ձեռք է բերել բացառիկ նշանակություն ու վայելում է համազգային վստահություն: Զարմանալի չէ, որ հոգաբարձուների խորհրդի անդամների յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր ձեռնարկում ընդունվում է համայն հայության կողմից անվերապահորեն, որն ինքնին ամենամեծ գնահատականն է կառույցի գործունեության վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարարություն կատարած Ձեր այցը մեզ էլ ավելի է գոտեպնդում, քանի որ  այն մեր նպատակների ընդհանրության և նույն գաղափարների, խնդիրների շուրջ համախմբվելու պատրաստակամության ու ձգտման վկայությունն է:

Այսօր, հայության թե՛  հոգևոր ու մտավոր, թե՛  գաղափարների ու գործելակերպի միասնականության ամրապնդումը հիմնական առաջնահերթություն է, քանի որ մեր ժողովրդի առջև ծառացած դժվարությունները  հաղթահարելու ակունքը մեր ներքին միասնականությունն է: Միասին քննելով, միասին մտածելով, միասին խորհելով, միասին ծրագրելով, միասին գործելով, վստահ եմ, մեր սխալվելու հավանականությունը կնվազեցնենք, իսկ այս պահին սխալներ թույլ տալու իրավունքն ուղղակի  մենք չունենք:

Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ օրեցօր նեղանում է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների օղակը` մի կողմից Սիրիայի պատերազմը, Արցախի վերականգնման և տնտեսության զորացման ռազմավարական նշանակության գիտակցումը, Հայոց պետության հզորացման հրամայականը, համազգային խնդիրների շուրջ ազգովի համախմբվելու անհրաժեշտությունը և յուրաքանչյուր հայի մոտ ազգի նկատմամբ պարտքի զգացման զորացման սերմանումը մեզ պարտադրում են լինել էլ ավելի զգոն, շրջահայաց, զատել կարևորներից կարևորագույնը, հստակեցնել առաջնահերթությունները:

Բազմիցս ենք կրկնել, Հայրենիքը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը` Հայրենիքով: Հզոր Սփյուռքը Հայրենիքի հենարանն է, առաջընթացի ու վերելքի երաշխավորը: Ափսոսանքով եմ փաստում, որ Սիրիայի պատերազմի հետևանքով այսօր վտանգված է Սրիրայի պատմական գաղութը, մի ազգային համայնք. երբեմնի մի հզոր համայնք այսօր գտնվում է չափազանց ծանր վիճակում, որի հնարավորինս պահպանումը մեզ համար համազգային առաջնահերթ խնդիր է:

Ցավոք, հաճախ լինում են իրավիճակներ, երբ կառույցները, նույնիսկ պետությունները փոփոխում են իրենց մարտավարությունը, մշակելով` գործունեության նոր քաղաքականություն, նոր ռազմավարություն, նոր ուղություններ, նոր առաջնահերթություններ:

Համոզված եմ, որ բոլորս էլ մտածում ենք նույն կերպ, այսօր համազգային առաջնահերթ խնդիրներից հրատապը սիրիահայությանն աջակցելը, օժանդակելը, սատար լինելն է:

Ես չեմ կասկածում, որ նման իրավիճակներում, կողք կողքի կանգնելով, հավաքական հայությունը կվայելի ավելի բարձր հեղինակություն:

Մենք պետք է ապացուցենք բոլորին, որ Հայրենիք-Սփյուռքը մի ամբողջություն է, միշտ միասնական ու համախումբ, որ պատմական ու շրջադարձային պահերին էլ ավելի կազմակերպ ու  զորեղ է դառնում` ի շահ Սփյուռքի համախմբման և անվտանգ ու կայուն Հայրենիք կերտելու:

Ամիսներ առաջ լրացավ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման 5 – ամյակը, մի հոբելյան, որ առիթ հանդիսացավ ի մի բերելու Հայաստան-Սփյուռք գործակցության ուղղությամբ մեր նախարարության իրականացրած աշխատանքները, բացթողումները և ուվագծել հստակ անելիքները: Այն իր ձևով մի յուրատեսակ հաշվետվություն էր, ներկայացված ՀՀ Նախագահ պարոն Սերժ սարգսյանին, ով ներկա էր մեր միջոցառմանը, և աշխարհասփյուռ հայությանը: Ինձ համար ամենաբարձր գնահատականը Սփյուռքի կառույցների, ազգային գործիչների, հայրենանվեր այն անձանց գնահատականն է, որոնց համար Հայրենիք – Սփյուռք գործակցության զարգացումը Հայրենիքի զորացման երաշխիքներից է:

Օգտվելով առիթից, ուզում եմ հակիրճ ներկայացնել այն ծրագրերը, որոնք համընդհանուր հետաքրքրությունների շրջանակում են և հնարավորություն են ընձեռում հետադարձ հայացք գցելով` ճշտել բացթողումները, համալրել, ամբողջացնել դրանք և մշակել հետագա գործակցության ուղղություններն ու առաջնահերթությունները:

Scroll Up