Տխրության ձայնն է հնչում… Ալիսիա Կիրակոսյանն է վախճանվել…

Անսպասելի ու անաղմուկ` Ալիսիա Կիրակոսյանը դարձավ 78 տարեկան ու…հեռացավ աշխարհից: Անսպասելի, որովհետև նրա լուսանկարներին նայելիս մտածում ես, թե միշտ գեղեցիկ ու հմայիչ այս տիկինն ինքը երիտասարդությունն էր` իր քնարերգության նման սրտաբաց ու ազատ, կաշկանդումներից զերծ, խորքային թափանցումներով հարուստ: Նա հայ գրական իրականության մեջ հայտնվեց 1960-ականների վերջերին` Վահագն Դավթյանի թարգմանություններով, և դարձավ մեր մեծ գրականության հրաշալի շառավիղներից մեկը, չնայած գրականության լեզուն իսպաներենն էր, իսկ հոգին ու էությունը` հայերենը, հայեցին: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև Ալիսիա Կիրակոսյանը ծնվել էր Արևմտյան Հայաստանից Ցեղասպանության պատճառով հայրենի եզերքները թողած հայի ընտանիքում, ուր հայերենն ու հայեցին պայքարի կոչ էին և ինքնահաստատման մարտահրավեր: Արգենտինայի Կորդոբա քաղաքում, որը բանաստեղծուհու ծննդավայրն է, շատ քիչ բան գիտեին հայերի մասին, մինչդեռ Կիրակոսյանների ընտանիքը մի փոքրիկ Հայաստան ստեղծեց այստեղ` հայրենի կարոտների մեջ փայփայելով կորսված եզերքի կերպարը: Իր առաջին բանաստեղծությունները Ալիսիա Կիրակոսյանը գրել է 14 տարեկան հասակում և պարտադրել շատերին տեսնել տաղանդի անսովոր ծնունդը: Անսովոր, որովհետև դեռևս պարմանուհի` նա զարմացնում էր մտածողության և պատկերների թարմությամբ:
Ծնվել էր բանաստեղծ լինելու համար, բայց ընտրեց իրավաբանի մասնագիտությունն ու ավարտեց Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Այս մասնագիտությամբ, սակայն, երբեք չաշխատեց` միանգամից մղվելով թատրոն և ընտրելով դերասանի մասնագիտությունը: Նա տասը տարի մասնակցեց խաղացանկային թատրոնների ներկայացումներին, ստեղծեց հմայիչ ու առինքնող դերապատկերներ: 1966 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը` «Մեկ օրում հինգ ձայն», որից մեկ տարի անց լույս տեսավ երկրորդ գիրքը` «Էություն և կետադրություն» , որը թարգմանվեց իտալերեն և իրապես մեծ հռչակ բերեց բանաստեղծուհուն: Այս գիրքը ձևավորվել էր Պիկասոյի, Ֆոնտանի և Պետորրուտիի նկարազարդումներով: Բանաստեղծական այս ժողովածուն իտալացի գրականագետների կողմից ճանաչվեց քնարերգության նոր ու վառ դրսևորում, նոր ձևերի հաստատման ամբողջություն: Նույն` 1967 թվականին, Ալիսիա Կիրակոսյանի բանաստեղծությունները թարգմանվեցին հայերեն, նրա ստեղծագործությունները հարստացրին ազգային բանաստեղծության նորարարական հաստատումները, ձևավորեցին նոր պատկերացումներ բանաստեղծական մոդեռնի մասին: Այստեղ նաև ազգային Ոգու արտացոլումն իր դրսևորումը ստացավ` ամբողջանալով «Նամակ առ Հայաստան» բանաստեղծության մեջ: 1968 թվականին բանաստեղծուհին մեկնեց Կալիֆորնիա, ուր ապրում էր մինչև օրս: Այստեղ նա հրատարակել է «Հայաստանյան ապրումներ» (1970) , «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները:
1993 թվականին Բրազիլիայի Սան Պաբլո համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով գրականության ասպարեզի փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Ալիսիա Կիրակոսյանը Կալիֆորնիայի համալսարանում կարդացել է դասախոսություններ արդի պոեզիայի մասին, աշխարհի մի շարք նշանավոր համալսարաններում վարել է սեմինարներ, մասնակցել բազմաթիվ միջազգային գիտաժողովների: Ալիսիա Կիրակոսյանին բարձր են գնահատել Դալայ-Լամա 14-րդը, Ջոն Հյումը, Օսկար Արիաս Սանչեսը, ուրիշներ: Նրա բանաստեղծությունների մասին հիացմունքով են գրել Վիլյամ Սարոյանը, Խորխե Լուիս Բորխեստը, Ժակ Պրեվերը, հայ բանաստեղծներից` Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը, այլք: 2009 թվականին Կալիֆորնիայի հանրությունը նրան ներկայացրել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի:
Դեռևս 1985 թվականին, երբ Ալիսիա Կիրակոսյանի անունը նոր էր հանրահռչակվում մեզանում, չնայած արդեն իսկ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ ներկայացված բանաստեղծական ժողովածուն մեծ ճանաչում էր բերել նրան, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը գրեց նրա մասին.
«Ալիսիա Կիրակոսյանի անունը, նախքան հայության համար հանրաճանաչ դառնալը, արդեն հայտնի էր իսպանախոս աշխարհում, որովհետև, ծնված լինելով Բուենոս Այրեսում, իսպաներենը դարձել էր տաղանդավոր հայուհու ստեղծագործելու լեզուն։ Սակայն նրա հոգում ուժեղ էր նաև իր արմատների կանչը։ Նրա ծնողները հայախոս էին, բնիկ Վասպուրական աշխարհից և օժտված աղջկա էությունը օրորել էին կարոտի ու տառապանքի երգերով։ Հետո, տարիներ հետո, վերածնված հայրենիքի լույսը պիտի հասներ մինչև Բուենոս Այրես՝ ամբողջական հայի վերածելով նրա երկփեղկված էությունը։ Եվ նա պիտի գար Սովետական Հայաստան՝ հասնելու համար լրիվ ինքնաճանաչման, գրելու իր «Նամակ առ Հայաստանը», ասելու, որ նա հարազատ դուստրն է հայրենիքի, և Հայաստանն է նրա էությունն ու արմատը՝ ամբողջովին, լիովին։ Հայ ժողովրդի օժտյալ դուստրն ու նրա ծնունդ տվող ժողովուրդը վաղ թե ուշ միմյանց պիտի հանդիպեին ու պիտի իրար փարվեին. ոչ մի արգելք չէր կարող կասեցնել երիտասարդ բանաստեղծուհու մղումը դեպի իր մայր հայրենիքը։ «Ես կուզեմ ճանչնալ այն երկիրը, որ Համբարձումյաններ և Խաչատրյաններ է ծնել»,– գրում էր նա մոտ քսան տարի առաջ։ Այս հանդիպման մեջ երջանիկ բարեբախտությունն այն է, որ բանաստեղծուհու և մայր ժողովրդի հետ հայերեն հաղորդակցման միջնորդ հանդիսացավ Վահագն Դավթյանի նման տաղանդավոր ու նրբարվեստ մի բանաստեղծ ու կարողացավ Ալիսիայի պոեզիայի ողջ գեղեցկությունը, թարմությունը և թռիչքը հարազատորեն մատուցել հայ ընթերցողին։ Եվ ահա արդեն մոտ քսան տարի է, ինչ հայրենի և սփյոտքահայ ընթերցողները ծանոթ են Ալիսիա Կիրակոսյանի պոեզիային. նրա մի շարք գործեր վերածվել են երգի և հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ ու բեմերից։ Այս տարիների ընթացքում բանաստեղծուհին բազմիցս այցելել է մայր երկիր, հոգեփոխությունը նրանում խորացել է, մինչև որ ահա վրա է հասել մի պահ, այն նվիրական պահը, երբ պահանջ է զգացել գրելու հայերեն, որպեսզի կարողանա հպարտորեն հայտարարել՝ «Ես հայ գրող եմ, պատկանում եմ հայ գրողների մեծ ընտանիքին, որովհետև գրում եմ մեր մեծասքանչ հայոց լեզվով»։ Երևի նման անցումներ օրինաչափ են մեծ տաղանդների համար, հիշենք Կոստան Զարյանին։ Ալիսիա Կիրակոսյանը հայության մշակութային դեսպանն է իսպանախոս աշխարհում։ Լոս Անջելես քաղաքի իսպանագիր գրողների միության նախագահն է։ Բացի այդ, խմբագրական կազմի անդամն է 40.000 տպաքանակ ունեցող, Բուենոս Այրեսում լույս տեսնող «Էլ էնդեպանդիենտե» թերթի, որի գրական էջի վարիչն է։ Եվ այսպես, Ալիսիան միշտ շարժման մեջ է, ճամփորդում է Լոս Անջելեսից, որտեղ ապրում է, Բուենոս Այրես, Մադրիդ, Լյուքսենբուրգ, Մարոկկո և այլ վայրեր, որտեղ իսպանագիր գրողները հավաքվում են, խորհդակցություններ ու համագումարներ ունենում, որպեսզի ներկայացնի հայ ժողովրդի մշակույթը, պոեզիան»։
Ինչպես Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն», այնպես էլ Ալիսիա Կիրակոսյանի «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունները Սփյուռքում մտան ամեն մի հայի տուն, ոգևորեցին ու ոգեշնչեցին, հազար թելերով ամեն մեկին կապեցին Հայրենիքի հետ, Հայաստանի հետ: Բանաստեղծուհին անկեղծ ու ճշմարիտ երանգներով պատկերեց իր Հայաստանը, իր երկիրը, որի հեռակա-մշտաներկա քաղաքացին է իրեն համարում:
Ինձ հարց են տալիս՝
– Հայաստանն ի՞նչ է…
Բայց միթե այդքան հեշտ է բացատրել
Ամբողջությունը,
Մի՞թե հավատը մեկնաբանել է,
Թե ի՞նչ է Աստված…
Եվ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին,
Հավատքի մասին,
Եվ էությունը ինչպե՞ս մերկացնել,
Ցույց տալու համար
Կերպարը սիրո:
Հիմա ես ու նա
Միասնություն ենք
Եվ ամբողջությամբ մեր ճշմարտության,
Եվ եթերային մեր երազներով,
Անցյալի դեմքով տանջահար ու հեգ
Եվ ճերմակ ու ջերմ օրորոցներով…
Մենք պահանջ չունենք խոսքի ու բառի,
Զի հոգիները լռության մեջ են
Միանում իրար:
Որոշ գրականագետներ, խոսելով Ալիսիա Կիրակոսյանի քնարերգության մասին, կարծես բացառել են հայրենասիրության թեմայի ներկայությունը, առավելապես նրան դիտարկել որպես սիրային թեմայի ներկայացուցիչ, ընդգծել ու շեշտել սիրո ներկայությունը նրա ստեղծագործության մեջ՝ իբրև հավատամք, ինքնաարտահայտման ձև ու միջոց: Հայրենիքից ու Հայաստանից զատ՝ նրա համար կար ու կա նաև սերը, որովհետև ինքը կին է՝ իր անպարփակ հոգով, զգացմունքների արտառոց պոռթկումներով.
Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների՛ր, չեմ կարող
Արդեն սպասել:
Ալիսիա Կիրակոսյանի ցանկացած բանաստեղծություն յուրատեսակ մենախոսություն է սիրո մասին՝ պարուրված թանձր զգացականությամբ, ուստի ընթերցողին թվում է, թե բանաստեղծուհին բարձրաձայն մտորում է՝ ընթերցողին դարձնելով իր մտորումների վկան ու մասնակիցը…
Իսկ իր բանավոր զրույցներում, հեռակա այն հարցազրույցում, որը տվեց մեզ բանաստեղծուհին, նա չի տարանջատվում իր ստեղծագործական աշխարհից, սիրո առասպելի որոնման հաճելի ջանքերից: Նա իր բանաստեղծության մեջ արարում է կնոջը, նրա բարդագույն աշխարհը՝ երբեք չցանկանալով հայտնագործողի դերում լինել: Այդպիսին էր նաև կյանքում՝ ինքն իր համար, իր մեջ պարփակված, իր տրամադրություններին ու զգացողություններին տված: Ներանձնությունն այնքան ցայտուն ու վառ էր նրա մոտ, որ շատ հաճախ հրաժարվում էր հրապարակային ելույթներից, հարցազրույցներից: Հարցազրույց վարում էր ինքն իր հոգու հետ, իր ներաշխարհի հետ՝ ասելով. «Երբ մենակ եմ զրուցում ինքս ինձ հետ, կարողանում եմ գտնել ինձ տանջող հարցերի պատասխանները, վերլուծել ու քննարկել: Իսկ երբ հրապարակավ ինչ-որ բան են հարցնում, շփոթվում եմ ու կարկամում… Չէ, չէ, իմ մասին այլևս պետք չէ ոչինչ գրել: Արդեն այն տարիքում եմ, որ պարտավոր եմ չխոսել ինքս իմ մասին: Այնքա՜ն հետաքրքիր բան կա մեր շուրջ, կան մարդիկ՝ երիտասարդներ, ովքեր այսօր գալիս են նոր մտածողությամբ ու նոր գաղափարներով: Նրանք ավելում-փշրում են այն ամենը, ինչը ստեղծել ենք մենք՝ 20-րդ դարից եկողներս: Ու ստեղծում են իրենցը՝ նորը… Այդ նորն ինքնին շատ դրվատելի է, որովհետև շարժում է բերում իր հետ: Ես միշտ կողմնակից եմ եղել շարժման»:
Իսկ ի՞նչ կարծիք ունի ազգությամբ հայ նշանավոր բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը հայ կնոջ մասին. «Ես միշտ ինձ հայ եմ զգացել, չնայած, ցավոք, երբեք հայերեն չեմ գրել, վատ եմ խոսել հայերեն: Բայց հայեցին իմ մեջ է, իմ զգացողության մեջ է: Ես հայ կին եմ, ուրեմն: Այնպիսին եմ, ինչպիսին են աշխարհի բոլոր կանայք: Բայց, այնուհանդերձ, կա մի առանձնացնող բան: Աշխարհի բոլոր ժողովուրդների կանայք սուր ցավի ժամանակ ճչում են, աղմկում: Նկատել եմ ու գիտեմ, որ հայ կինը չի ճչում, չի աղմկում, այլ իմնքնածրարված՝ տանում է ամեն մի վիշտ, ցավ, տառապանք… Սա մեծ ուժի արտահայտությունն է… Երանի՜ բոլորն ունեային այս ուժից, երանի՜ աշխարհի բոլոր կանայք կարողանային լռել հայ կնոջ պես…»:
Ալիսիա Կիրակոսյանը լռում է կյանքում, սակայն չի լռում իր բանաստեղծության մեջ: Ուստի նրա բանաստեղծություններն իրենց մեջ զարմանալի ճիչ ու վառ արտահայտված հրճվանք ունեն, որոնք պոկվում են նրա տողերից ու դառնում բոլորինը.
Ես և դու`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն…
Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:
… Հիմա նրա աշխատասենյակում դատարկություն է: Լոսանջելեսյան նրա շքեղ առանձնատան մեջ տխրության ձայնն է միայն հնչում…
Լևոն Մութաֆյան