Ազգային պատկերասրահը մինչև տարեվերջ հանրությանը կներկայանա նոր ցուցահանդեսներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/51219_orig.jpg)
Հայաստանի ազգային պատկերասրահում 2014 թվականի ընթացքում կբացվեն նոր և հետաքրքիր ցուցահանդեսներ: Տարեսկզբից մշակութային օջախում արդեն իսկ սկսվել է «ցուցահանդեսային շքերթ». բավական է նշել, որ վերջերս պատկերասրահը հյուրընկալեց և շարունակում է իր հյուրընկալ հարկի ներքո ներկայացնել Սալվադոր Դալիի, Բրունո Բրունիի, Հակոբ Հակոբյանի, Ժան Կազանջյանի և այլ հայտնի արվեստագետների գործերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ընդգծեց, որ մեկ ամսից Լեհաստանում կբացվի Հովհաննես Այվազովսկու անհատական ցուցահանդեսը
«Այնուհետև հոկտեմբերին Հայաստան կբերենք նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերը: Վերջինս ազգությամբ և արմատներով հայ է, սակայն ապրել և ստեղծագործել է Լեհաստանում: Շատ եմ կարևորում այդ ցուցահանդեսը: Կհյուրընկալենք նաև ամերիկայում ապրող հայ նկարիչ Դանիել Վարուժանի (Դանիել Վարուժան Էջինյան) ցուցահանդեսը: Հետագայում կունենանք Սեդրակ Առաքելյանի, այնուհետև` Էդուարդ Իսաբեկյանի հոբելյանական ցուցահանդեսները»,-նշեց Փարավոն Միրզոյանը:
Տարեվերջին պատկերասրահում կբացվի նաև Փարավոն Միրզոյանի ցուցահանդեսը` իր 65-ամյա հոբելյանի կապակությամբ: 2015-ը ևս հագեցած է լինելու անակնկալներով: Սկզբում կբացվի Փանոս Թերլեմեզյանի հոբելյանական ցուցահանդեսը:
«Ծրագրում ենք հաջորդ տարի Մեծ եղեռնին նվիրված ցուցահանդես կազմակերպել: Մտածում եմ, որ կարելի է ներկայացնել ոչ միայն հայկական Եղեռնը, այլև ընդհանրապես մարդկության եղեռնները: Կան եղեռններ, որոնք այդքան էլ ճանաչված չեն, ինչպես հայկականը:
Ցուցահանդեսի միջոցով մենք կտեսնենք, թե ինչ է եղել: Մտածում ենք` ինչ նկարիչներ կան տարբեր երկրներում, որոնք անդրադարձել են այդ թեմային»,-հավելեց Փարավոն Միրզոյանը:
Մանրամասն՝ armenpress.am-ում: