Մոսկվայի Հայորդյաց տան շուրջ 200 առաջին դասարանցիներ արդենիսկ գրում-կարդում են հայերեն

«Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերը գրելիս կռահել անգամ չէր կարող,  որ մի օր օտար հողում  դրանք սովորելու ցանկություն են հայտնելու անգամ օտարները։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր կրթօջախի՝ տարբեր տարիքային խմբերի առաջին դասարանի սաներին, ովքեր հայերենի սերտման առաջին քայլերն արդեն իսկ արել են»,- մայիսի 18-ին Մոսկվայի  Հայորդյաց տանը  կայացած այբբենարանի հանդեսների ժամանակ, դիմելով այբբենարանին հրաժեշտ տվող սաներին, ասաց  Հայորդյաց տան  տնօրեն Հմայակ Գևորգյանը։

2013-2014 ուսումնական տարում  Հայորդյաց տուն  ընդունված 200 սաներն այսօր արդեն ներկայացան մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքով և իրենց նոր գիտելիքներով փայլելու հնարավորություն ունեցան։ Սակայն մինչ այդ սաները կրթօջախի բակում մասնակցել էին ծառատունկի՝ հավատով, որ կրթօջախում իրենց ստացած գիտելիքներն ուղիղ համեմատական կլինեն արմատավորվող ծառերի անսասանությանը։

Ավարատահանդեսները կազմակերպել էին առաջին դասարանցիների հայոց լեզվի ուսուցչուհիները՝ Արմինե Իջյանը, Նելլի Մելքոնյանը, Սվետլանա Միքայելյանը և Ջեմմա Կիրակոսյանը։ Վերջինս հայերենի այբուբենը բացահայտել էր ոչ միայն դպրոցահասակ, այլև 18-ից բարձր տարիքային խմբի առաջին դասարանի սաների համար, ովքեր էլ եկան ապացուցելու, որ առանց մեսրոպյան գրաճանաչության օտար հողում հնարավոր չէ պահպանել ազգային ինքնությունը։

Նելլի Մելքոնյանի դասարանի սաները ներկայացան ոչ միայն հայերենի, այլև հայոց պատմության մասին իրենց գիտելիքներով՝ միաժամանակ երախտագիտության խոսք ուղղելով դասղեկ, հայ ժողովրդի պատմության ուսուցչուհի Սիլվա Գյուլիշյանին։ Իսկ ուսուցչուհիներն իրենց հերթին սաների հետ կատարեցին «Քարերի ամրոց, մեր երկիր հայոց» երգը։

Արմինե Իջյանն իր դասղեկական դասարանի սաների հետ բեմադրել էր տիկնիկային ներկայացում, թե ինչպես է չար վհուկը գողանում այբուբենի «Ա» տառը՝ դրանով իսկ քաոս առաջացնելով բոլոր բառերում։ Սաներն այս դեպքում փայլեցին ոչ միայն գեղեցիկ հայերենով, այլև թատերական իրենց կարողություններով։

Սվետլանա Միքայելյանի դասարանում ընդգրկված էին բացառապես ռուսալեզու  հայ և օտարազգի սաներ, ովքեր հայերենին սկսել են ծանոթանալ կրթօջախում։ Սակայն դա նրանց չխանգարեց գեղեցիկ հայերենով ներկայացնել հայոց այբուբենի նշանակությունը, ներկայանալ հայկական պարերով՝ փաստելով, որ հայերեն սովորելու համար ոչ մի տարիք ուշացած չէ։ Հանդեսները համեմված էին նաև ազգային երգերով, որոնք ուղեկցվում էին կրթօջախի երգչախմբերի ղեկավար Լենա Բեգլարյանի անզուգական նվագակցությամբ։

Այբբենարանի հանդեսների ավարտին սաներին բաժանվեցին դպրոցի տարբերանշանով տետրեր և գրիչներ, ոպեսզի ամառային արձակուրդների ընթացքում հայերենի իրենց գիտելիքներն ամրապնդելու հնարավորություն ունենան։

Առաջին դասարանցիների մեջ կային սաներ, ովքեր ուսումնական մեկ տարվա ընթացքում կրթօջախի հանդիսատեսին արդեն իսկ հոգեհարազատ ու սիրելի էին դարձել, քանի որ մասնակցել էին մի շարք թեմական և համադպրոցական միջոցառումների՝ միաժամանակ ընդգրկվելով  «Հայասա» պարային համույթի  հիմնական կազմում՝ դրանով իսկ հերթական անգամ ընդգծելով  Հայորդյաց տան  դերն ու նշանակությունը հայապահպանման գործում։

Հենց այդ սաներին դիմելով՝ Հմայակ Գևորգյանն ասաց․ «Ձեզ պես գիտակից սաների ներկայությունը  Հայորդյաց տանը  մեզ ստիպում է առավել զգոն լինել և ավելի լավ աշխատել։ Մեր կրթօջախը գործում է ձեզ համար, և մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու։ Իսկ  մեր ազգայինին ձեր նվիրվածությունը ցույց է տալիս, որ  Հայորդյաց տունը կատարում է իր առաքելությունը՝ հայրենիքից հեռու կրթելով Մայր Եկեղեցուն, Հայաստանին, հայ ժողովրդին արժանի ժառանգներ»:

Արմինե Կարեյան, Մոսկվա 

unnamed unnamed (11) unnamed (10) unnamed (9) unnamed (8) unnamed (7) unnamed (6) unnamed (5) unnamed (4) unnamed (3) unnamed (2) unnamed (1)

Scroll Up