Նորվեգիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Մայիսի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի թագավորության նորանշանակ դեսպան Լեյդուլվ Նամտվեդտին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Նամտվեդտն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նամտվեդտը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում զգալի աշխուժություն է արձանագրվել, կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ակտիվացել է փոխգործակցությունը մի շարք ոլորտներում։

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նամտվեդտը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up