Արմինե Քոչարյան. «Մեր նպատակն է աշխարհին ներկայացնել հայկական գեղարվեստական միջավայրը…»

«Բարձր արվեստ» կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2005թ. Երևանում և դարձել է անկախ առաջատար մշակութային հարթակ հայկական դասական և ժամանակակից  արվեստի զարգացման համար: «Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը զրուցեց կենտրոնի հիմնադիր և ղեկավար Արմինե Քոչարյանի հետ՝ ցանկանալով ճանաչելի դարձնել այս կենտրոնը ինչպես մեր ընթերցողներին, այնպես էլ արվեստի, մասնավորաբար կերպարվեստի սիրահարներին:

– Տիկի´ն Քոչարյան, այսօր արդեն ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ Եվրոպայի մշակութային քարտեզին իր մնայուն տեղն է հաստատել «Բարձր արվեստ» կենտրոնը: Ի՞նչ խնդիրներ և նպատակներ է իրականացնում կենտրոնը, ինչու՞ որոշեցիք Երևանում, որտեղ պատկերասրահների և ցուցասրահների թիվը փոքր չէ, ստեղծել մի նոր կենտրոն:

-Հայ կերպարվեստը հազարավոր տարիների պատմություն  ունի: Համաշխարհային մշակույթի հետ նրա սերտ կապերը, ինչպես նաև ավանդույթների աննախադեպ շերտը  գեղանկարչությունում, մանրանկարչությունում,  քանդակագործությունում, ճարտարապետությունում և  դեկորատիվ արվեստում, թույլ են տալիս աշխարհի տարբեր  անկյուններում գտնվող հայազգի ժամանակակից ստեղծագործողներին ոգեշնչվելով` արարել և  համաշխարհային ճանաչում ձեռք բերել: Միաժամանակ այն հանգամանքը, որ մոտավորապես 9 միլիոն  հայ ձևավորել է հայկական սփյուռքը և բնակվում է աշխահի ավելի քան 60 երկրում, մեր կենտրոնի  առջև կարևորագույն խնդիր է ծառանում միավորել հայկական արվեստը մեկ ինտերակտիվ հարթակի վրա,  ուսումնասիրել մյուս մշակույթների հետ նրա սերտ միահյուսումը, հիմք ստեղծել բազմամշակութային  ծրագրերի համար և ակտիվորեն մասնակցել ժամանակակից հայկական, ինչպես նաև  համաշխարհային արվեստի ձևավորման գործընթացին:   Մեր նպատակն է համաշխարհային լսարանի ուշադրությանը ներկայացնել հայկական բազմազան  գեղարվեստական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի բնակիչների համար բացահայատել այլ երկրների  արվեստը: Դա է պատճառը, որ վերջին երեք տարիներին «Բարձր արվեստ» կենտրոնը հայտնի միջազգային  ցուցահանդեսներին և փառատոներին ներկայացնում է  ինչպես ճանաչված, այնպես էլ  հեռանկարային հեղինակների աշխատանքներ:

Ի՞նչ ուղղվածությամբ և ի՞նչ հայեցակարգերով է գործում ձեր գլխավորած կենտրոնը:

– Ներկայումս կենտրոնը 3 ուղղվածություն է ներկայացնում: «Շեդեվր» պատկերասրահը պահպանում և ընդլայնում է դասականների և ժամանակակից տաղանդավոր գեղանկարիչների հավաքածուն`համարվելով իր տեսակի մեջ միակ մասնավոր պատկերասրահը Հայաստանում: АА Аuction աճուրդային տունը  զարգացնում է արվեստի ստեղծագործությունների վաճառքի թափանցիկ շուկան և իր առջև նպատակ է դնում դուրս գալու արվեստի on-line վաճառքի միջազգային ասպարեզ (www.aaauction.am): Ինտերնետային հարթակ www.Hi-artonline.com-ը բազմաֆունկցիոնալ ռեսուրս է: Այն իր մեջ ներառում է դեմոկրատական արվեստ-խանութ ինտերնետում, հանդես է գալիս որպես ակցիաների և միջոցառումների կազմակերպիչ, ինչպես նաև նպաստում է հայկական ժամանակակից կիրառական արվեստի և կերպարվեստի զարգացմանը:  Ռեսուրսի հիմնադիրները, ղեկավարները և փորձագիտական հանձնաժողովը մեծ ջանքեր են գործադրում ստեղծելու և մեծացնելու բարձր արվեստը ներկայացնող մի բացառիկ հավաքածու` պահպանելով բարձր արվեստի լավագույն ավանդույթները, միևնույն ժամանակ չմոռանալով, որ հավաքածուում ներկայացված բացառիկ աշխատանքները պետք է լինեն մատչելի գնային համակարգում: Մեզ համար շատ կարևոր է, որ մասնակցությունը աճուրդներին և ակցիաներին, օնլայն վաճառքին, ինչպես նաև համագործակցությունը հեղինակների, պատկերասրահների և կազմակերպությունների հետ իրականանան պարզ, արագ և թափանցիկ ճանապարհով:

Անչափ ցանկալի կլիներ, եթե ներկայացնեինք կենտրոնի մասնակցությունը շատերի կողմից բարձր գնահատվող «ԱրտՄոնակո» փառատոնին: Ես մամուլից տեղեկացել եմ, որ կենտրոնն արդեն սերտ համագործակցություն է հաստատել այդ փառատոնի հետ:

– Մասնավորապես 2012թ. հայտնի «ԱրտՄոնակ» փառատոնին հայ աշխարհահռչակ քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի «տարածական նկարչությանը» պատկանող  առաջին ստեղծագործությունը /1927թ./ ճանաչվեց ցուցահնդեսի լավագույն աշխատանքներից մեկը, ինչպես  նաև ԱրտՄոնակո 2012-ի խորհրդանիշը: Այս տարի «Բարձր արվեստ» կենտրոնը պատիվ ունեցավ կրկին մասնակցելու և մրցանակի արժանանալու փառատոնին ներկայացված «Ծես» քանդակային կոմպոզիցիայի համար, որի հեղինակն է Պետրոսյան Վլադիմիրը /Օհան/:

Ձեր կենտրոնը սերտ համագործխակցություն է հաստատել Սփյուռքի մեր արվեստաբանների և նկարիչների հետ: Հաճախ են մամուլում անդրադարձներ լինում սփյուռքահայ արվեստաբանների հետ իրականացված ծրագրերին:

-Միանգամայն ճիշտ եք: Թող որևէ մեկի համար վիրավորական չլինի, սակայն Հայաստանում արվեստաբանների շրջանում քիչ է հետաքրքրությունը և մասնագիտական մտահոգությունը այն ահռելի ժառանգության հանդեպ, որը ստեղծվել է Սփյուռքում, հատկապես Ֆրանսիայում, որը բոլորիս համար մնում է ժամանակակից արվեստի խոշորագույն կենտրոն: Անթիվ չուսումնասիրված էջեր կան, կան նկարիչներ, որոնք ահռելի ներդրում ունենալով ժամանակակից կերպարվեստում, մնացել են անծանոթ շատերիս համար: Մենք հետևողական աշխատանք ենք կատարում նրանց ստեղծագործությունների հետազոտման և հանրահռչակման գործում: Մեզ լուրջ աջակցություն է ցուցաբերում Բեյրութում ապրող արվեստաբան Մովսես Հերկելյանը, որի անունն ընդգրկված է ԱրտՄոնակոյի ցանկում: Նշեմ, որ այդ ցանկում ուրիշ հայեր ևս կան՝ հատկապես Ռուսաստանից: Մեզանում տակավին քիչ է հետաքրքրությունը  այն նկարիչների հանդեպ, որոնք ստեղծագործել են Հայաստանից դուրս և մաս կազմել համաշխարհային կերպարվեստի: Ուզում եմ առանձնակիորեն խոսել նկարիչ Թութունջյանի մասին, որին Հայաստանում ոչ ոք չգիտեր: Բացառիկ, հետաքրքիր և ինքնատիպ մի նկարիչ, որի անունը վստահաբար կարելի է դնել մոդեռնիստական ուղղությունների ներկայացուցիչների կողքին: Մենք առաջինը ձեռնամուխ եղանք նրա ստեղծագործությունների ցուցադրությանը: Ինչպես ասացի, մեր խնդիրը միայն ցուցադրությունը չէ, այլև աճուրդների կազմակերպումը: Ցավոք,  Թութունջյանի աշխատանքները մեզանում գնահատողներ գրեթե չգնտվեցին, միչդեռ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն դրսևորեցին և իրականացրեցին գնումներ:

Ես տեղյակ եմ, որ  ձեր հրավերով Հայաստան է այցելել նշանավոր նկարիչ Ժանսեմի որդին՝ Ժանը:  Դուք այն բացառիկ ջատագովներից եք, որն ամեն ինչ անում է Ժանսեմի ստեղծագործությունների հանրահռչակման գործում:

-Ցավում եմ, բայց Հայաստանում Ժանսեմի գնային սխալ քաղաքականությունն ազդում է ողջ աշխարհում ձևավորված գնային համակարգի վրա: Այստեղ չեն պատկերացնում Ժանսեմի ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը: «Բարձր արվեստ» կենտրոնում ներկայումս Ժանսեմի այնպիսի գրաֆիկական աշխատանքներ կան, որոնք սկսվում են 15.000 եվրոյից, իսկ կտավներն աշխարհում գնահատված են 300.000 եվրո: Ժանսեմը հայ է, և եթե իր հայրենիքում որոշ մարդիկ իր ստեղծագործությունների գնի անկումային քաղաքականություն են որդեգրել, ապա դա վատ է, որովհետև ֆրանսիացի նկարիչը փորձում է նրան իբրև ֆրանսիացի նկարիչ ներկայացնել և` չափազանց բարձր գնային համակարգով: Եվ խնդիրը միայն Ժանսեմին չի վերաբերում: Ուստի մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Սարյանի, Այվազովսկու, Ժանսեմի, Գառզուի, այլոց ստեղծագործությունները դիտարկվեն ճիշտ գնային համակարգում:

Դուք շատ գնահատելի գործունեություն եք ծավալում, ուստի թույլ տվեք հայտնել շնորհակալություն, մաղթել հաջողություններ: «Հայերն այսօր»-ը սիրով հետայսու կհամագործակցի Ձեզ հետ և պարբերաբար կներկայացնի  կենտրոնի գործունեությունը:

– Շնորհակալություն: 

 

Զրուցեց  Լևոն Մութաֆյանը

10003068_800903039921508_3300134985046173643_n 10255560_800902959921516_2299346909267937252_n 10311352_800903139921498_8629136172107542605_n 10312856_800902869921525_2616933554548761195_n 10367561_800902813254864_8453423922022911211_n

Scroll Up