Ատրպատականի Առաջնորդը Եպիսկոպոսական անդրանիկ Սբ.պատարագը մատուցեց Թաւրիզում

Կիրակի 11 Մայիս 2014-ը, Ատրպատականի ժողովրդի համար եղաւ հոգեւոր ապրումների վերաթարմացման սքանչելի առիթ, երբ Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական օծում ստանալուց յետոյ, իր անդրանիկ Սբ. պատարագը մատուցեց Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս պատմական եկեղեցում:
«Հրաշափառ»ով մուտք գործելով եկեղեցին, նորաօծ Առաջնորդը օրհնեց ներկայ հաւատացեալներին, որոնք խուռներամ ներկայ էին գտնւել եկեղեցական արարողութեանը: Խորանին սպասարկում էին Կրտսերաց Դպրաց Դասի անդամները, երգում էր Մասիս Կարապետեանը, իսկ սրբազան երգեցողութիւնը քառաձայն կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարութեամբ վաստակաշատ երաժիշտ՝ Պրն. Վարդան Վահրամեանի:
Ս. Պատարագի ընթացքում, «Հայր Մեր»ից առաջ Սրբազանը տւեց իր անդրանիկ  քարոզը,  «Փորձեա՛  զիս  Տէր  եւ քննեա՛ զիս»  բնաբանով, որի ընթացքում անդրադարձաւ իր կեանքի տարբեր հանգրւաններում նոյն բաղձանքը Աստծուն յայտնելու իր խոր ցանկութեանը: Աստւածային բոլոր կանչերին սիրով ընդառաջելու եւ ազգային պատասխանատւութեանց նկատմամբ կարելի բծախնդրութիւն ցուցաբերելու պատրաստակամութեամբ սոյն կարգը եւս խոնարհաբար ընդունած լինելը նա մեկնաբանեց իբրեւ նախախնամութեան մէկ ծրագիրը. «Ո՞վ կարող էր հազիւ 10 տարիքը ամբողջացրած մի պատանու քայլերը ուղղել դէպի եկեղեցի, երբ այնքան բազմազան ու բազմաճիւղ են այսօր աշխարհի ճանապարհները, եթէ ոչ Տէր Ի՛նք միայն: Այսօր իսկ չեմ յիշում թէ ինչպէս իմ քայլերը ուղղւեցին դէպի այն հոգեւոր տունը՝ Դպրեվանքը, ուր իմ մատղաշ տարիները անցկացրի կազմաւորւելով ու պատրաստւելով հոգեւորականի առաքելութեան: Երկրորդ տարում, ի՜նչ մեծ պատիւ համարեցի երբ կոչւեցի դպրութեան կարգ ստանալու: Աւելի ուշ՝ կիսակարկաւագութիւն ու սարկաւագութիւն երբ ստացայ ու սքեմաւոր դարձայ, եւ ապա Աբեղայութեամբ իմ կուսակրօնութեան ուխտը կատարեցի, նոր ուղի բացւեց իմ կեանքում, որ եթէ մի կողմից հոգեկան բաւարարութիւն էր տալիս ինձ կեանքիս մէկ նպատակը իրագործւած տեսնելով, միւս կողմից սակայն գիտակցում էի դրա երկարութեան գտնւող փշոտ կածանների յառաջացնելիք դժւարութիւններին: Սակայն ի՛նչ էլ լինեն այդ դժւարութիւնները, որտեղից էլ գան կամ ումից էլ պատճառւեն, չեն կարող շփոթեցնել հոգեւորականին, որովհետեւ դրա հովանաւորն ու պաշտպանը մի անձ կամ մարդկանց մի խումբ չէ՛, այլ՝ Ամենազօր Աստւածը, որ երբեք չի՛ լքում Իր ծառային»:
Իր քարոզի երկրորդ բաժնում, Առաջնորդ Սրբազանը անդրադարձաւ Թեմի ժամանակակից պատմութեանն ու ներկայ վերակազմակերպման հանգրւանին, միշտ շեշտելով բոլորի՛ մասնակցութիւնը ազգաշինութեան նւիրական գործին: Նա յիշեց Թեմի հանգուցեալ Առաջնորդ՝ Տ. Նշան Եպս. Թօփուզեանին ու նրա օրով իրագործւած հսկայ աշխատանքը գնահատեց իբրեւ կարեւոր ներդրում, յայտնելով թէ նրա վախճանման Դ. տարելիցի առիթով Հոգեհանգիստ է կատարւելու յաւարտ Ս. Պատարագի:
Վերջապէս, իր խօսքը ուղղելով Թեմի բոլոր զաւակներին, յորդորեց եկեղե-ցին իբրեւ հիմնական կառոյց առոյգ պահել, մնայուն ներկայութիւն դառնալով դրա կամարների ներքեւ, «որ մեր հոգեւոր, ազգային, մշակութային, կրթական բնագաւառների դարբնոցն է, եւ մեր հայկական ինքնութիւնը փաստող բոլոր տեսակի ազնւագոյն զգացումների աղբիւրը: Վերջապէս հաւատքն է մեծագոյն հարստութիւնը մարդ էակի, եւ դա եկեղեցում է աճում, հաւատացեալների հետ կողքկողքի կանգնած», ասաց նա: Առաջնորդ Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց Թեմի բոլոր կառոյցներին, Ազգային Իշխանութիւնից սկսած, որոնք քաջ գիտակցել էին Եպիսկոպոսական սոյն օծումով Թեմի կեանքում յառաջացած հոգեւոր ու ազգային վերելքին ու յառաջդիմութեանը:
Ս. Պատարագի աւարտին հաւատացեալ բազմութիւնը մօտեցաւ Ս. Խորանին ստանալու Սրբազան Հօր օրհնութիւնը:
Ատրպատական, Ազգային Առաջնորդարան
Scroll Up