Համաժողով Միսլատայում՝ «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» միջոցառման շրջանակներում
«Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» միջոցառման շրջանակներում Վալենսիայի Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր համաժողով Միսլատայի (Վալենսիա) Մշակույթի տանը: Համաժողովը ղեկավարում էին հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը, Միսլատայի քաղաքապետարանի Ձախ Միության (Izquierda Unida) խորհրդական Սալվադոր Գարսիան (Salvador García), Մորերիա ինստիտուտի (Instituto Morería) պատմության դասախոս Դավիթ Ռիվերան (David Rivera) և Վալենսիայի խորհրդարանի (Cortes Valencianas) Ձախ Միություն խմբակցության պատգամավորուհի Մարինա Ալբիոլը (Marina Albiol): Վերջինս, ով նաև եվրոպական խորհրդարանական ընտրությունների Ձախ Միության թեկնածուն է, դեռևս փետրվարին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև էր ներկայացրել Վալենսիայի խորհրդարանին, որը կքննարկվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ Միսլատայի քաղաքապետարանը 2013 թվականի դեկտեմբերի 26-ին արդեն պաշտոնապես ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը:
Համաժողովի ժամանակ ելույթներ ունեցան Ա. Ղուկասյանը, ով իր խոսքում խորին շնորհակալություն հայտնեց քաղաքական գործիչների տարվող աշխատանքների և հայ ժողովրդի արդար պահանջին աջակցություն ցուցաբերելու համար: Այնուհետև պատմաբան Դավիթ Ռիբերան հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետևանքները: Պատգամավորուհի Մարինա Ալբիոլն իր հերթին կարևորեց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն Վալենսիայի խորհրդարանի կողմից, այլ նաև Իսպանիայի կենտրոնական իշխանության կողմից:
Հիշեցնենք, որ Իսպանիայի երեք մարզեր՝ Պաիս Բասկոն, Կատալոնիան և Բալեարյան կղզիներն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Համաժողովի ընթացքում ցուցադրվեց «Ցեղասպանությունը շարունակվում է» վավերագրական ֆիլմն իսպաներեն և Մելչոր Մոնաստերիոյի (Melchor Monasterio) կտավների ցուցահանդեսը:
Վերջում ելույթ ունեցան հայկական կիրակնօրյա դպրոցի սաները և «Ֆունդարմ» հայկական միության երաժիշտներ Էդուարդ Պետրոսյանն ու Էլեն Հարությունյանը:
Արարատ հայկական միություն Վալենսիա «Իսպանիա)