Ադրբեջանական ջանքերն ի դերև ելան

Ինչպես գիտենք, վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը բողոք էր հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով հետ կանչել ամերիկյան համանախագահին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ոուորլիքի դեմ բարձրացված ադրբեջանական հիստերիան այդ երկրի հերթական քարոզչական հնարքն էր: Իհարկե, Ադրբեջանը առյուծի սիրտ չէր կերել, որ սկսեր հոխորտալ ԱՄՆ-ի դեմ, պահանջեր հետ կանչել համանախագահին, բայց դիմելով քարոզչական հնարքի՝ Բաքուն նախ ցանկանում էր իր վրա ուշադրություն սևեռել, համոզել իր քաղաքացիներին, որ շատ համարձակ ու քաջ է, հետո էլ, գուցե, Թուրքիայի վարած դիվանագիտության հանգվույն, ինչ-որ բան պոկել Վաշինգտոնից… Այդ ինչ-որ բանն, իհարկե, Բաքուն ստացավ, բայց դա ընդամենը յուրատեսակ հակահարված էր, որը ցույց տվեց Օբամայի վարչակարգը և գուցե հռհռաց Բաքվի ավելորդ ճիգերի վրա…
Ադրբեջանի «հիմնավորումներն» ու բողոքի հնչերանգը, անշուշտ, կարող էին շատ լուրջ արձագանք ունենալ, ոմանց կողմից կարող էին համարվել ոտնահարված արդարության փրկության համար արձակված ճիչ, բայց, հաստատ, Վաշինգտոնում նստած ամերիկյան դիվանագետներն ու պաշտոնյաները բնավ էլ Բաքվի պատկերացրած վախկոտները չեն: Ավելին, որքան էլ ԱՄՆ-ը կարևորի Ադրբեջանի դերը Եվրոպայի վառելիքաէներգետիկ համակարգում, Ռուսաստանի դեմ սկիզբ առած գազային պատերազմում, այնուհանդերձ, Բաքուն Վաշինգտոնի համար մնում է շատ սովորական խամաճիկ, որին խաղացնում են՝ գլոբալ խաղերն ու ծրագրերն առաջ մղելու համար: Ադրբեջանն, իհարկե, երազում կորեկ տեսած հավի նման ցատկել էր տեղից, կարծել էր, թե ինքը շա՜տ մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի և տարածաշրջանային զարգացումների համար, որ իր ցանկացած հոխորտանք կարող է զգուշավոր դարձնել Օբամայի երկրին, պարտադրել ինչ-որ զիջումների գնալ, բայց ահա Պետդեպն ընդամենը մի կուշտ ծիծաղեց Ադրբեջանի վրա և մանկապարտեզի երեխային հղված հորդորի նման՝ առաջարկեց զբաղվել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերով…
Ուրիշ ոչինչ… Ավելի ճիշտ՝ Օբամայի վարչակարգը հասկացրեց, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրն այժմ խաղաղ կարգավորումն է, կառուցողական քայլերն են, սակայն ոչ երբեք գերհզոր տերությանն ինչ-որ հարցերում մեղադրելը: Իսկ Ադրբեջանը մեղադրում էր կողմնակալության մեջ: Իբր, ԱՄՆ ներկայացոնող համանախագահն ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ունի հայկական դիրքորոշումների հանդեպ: Կողմնակալության որևէ դրսևորում երբեք ԱՄՆ-ը չի արձանագրել, երբեք Օբամայի վարչակարգը ցույց չի տվել որոշակի շահագրգռվածություն, որը կարող էր կասկածի տակ առնել նրա սկզբունքայնությունը: Ուստի Վաշինգտոնից հնչած պատասխանը համարժեք էր և սաստող:
Գուցե հիմա Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը զայրացել են, որովհետև սա, ըստ էության, դիվանագիտական մեծ պարտություն է, յուրատեսակ ապտակ: ԱՄՆ պատասխանի մեջ հստակ ասված էր, որ իրենք չեն կիսում Ադրբեջանի մտահոգությունը: Այսինքն, Ադրբեջանը զբաղվում է խառնակությամբ ու զրպարտությամբ: Վաշինգտոնի համար նման պահանջները քամու սովորական սուլոցներ են, որոնք անմիջապես մոռացվում են… Համոզված ենք՝ ԱՄՆ-ին ներկայացվող պահանջը ձևակերպելուց առաջ Իլհամ Ալիևը ցնծություն է ապրել, պատրաստել է իր հերթական ելույթը հարազատ ժողովրդի առջև, գուցե տոնական կոստյում է բերել տվել որևէ երկրից, բայց Վաշինգտոնը սառը ջուր լցրեց Ալիևի երևակայության վրա և հասկացրեց, որ ինքը հակված չէ կատարել Բաքվի ամեն մի պահանջ…
Լևոն Մութաֆյան