Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի շրջանակներում Մոսկվայում կայացած միջոցառումներ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի շրջանակներում Մոսկվայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:

  Ապրիլի 24-ին Մոսկվայի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղի է ունեցել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ հայերի  հիշատակման արարողությունը:

Ներկաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին եկեղեցու տարածքում կանգնեցված հուշակոթողի մոտ, այնուհետեւ Մայր տաճարում Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի Պատարագ:

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում  ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը,  ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, Մոսկվայում ԼՂՀ  ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Մոսկվայի հայ համայնքի հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մշակույթի եւ գիտության մոսկվաբնակ հայազգի գործիչներ, մոսկովյան առաջատար ԲՈՒՀ-ի հայ ուսանողներ:

Դիմելով ներկաներին և հիշատակելով դարասկզբի ողբերգական իրադարձությունները՝ Եզրաս սրբազանը մասնավորապես իր խոսքում նշեց. «Ինչպես Քրիստոսը հաղթեց մահվանը իր Հարությամբ, այնպես էլ մենք ենք հաղթել չարիքը մեր գոյությամբ, քանի որ ողջ ենք այսօր, քանի որ կան Հայ ազգի արժանի զավակներ: Մեր կյանքը և գոյությունը լավագույն պատասխանն է Ցեղասպանություն գործածներին: Թող Աստված օրհնի Հայ ազգին»:

Պատարագից հետո եկեղեցու առաջնորդարանում կայացավ Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի բացմամ արարողությունը, որտեղ ներկայացված էին 1915թ իրադարձություններին վերաբերող լուսանկարներ,պատմական արժեք ներկայացնող փաստաթղթեր և այլ գրականություն:

Ավելի ուշ՝ նույն օրը, Մոսկվայում Թուրքիայի Հանրապետության դեսպանության առջև անցկացվեց պիկետ, որին մասնակցեցին մոտ 50 հոգի` Ռուսաստանի հայերի միության, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ կազմակերպմամբ: Այնուհետև «Краснопресненская застава» հրապարակում տեղի ունեցավ Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցված, «Геноцид армян – преступление против человечества» խորագրով բազմամարդ ցույց`  ռուսաստանյան առաջատար կուսակցությունների մասնակցությամբ: Այն նույնպես կազմակերպվել էր Ռուսաստանի հայերի միության, «Հայ-ռուսական համագործակցություն» ՀԿ և մոսկովյան մի շարք այլ հասարակական կազմակերպությունների կողմից: Մասնակիցների թվում էին ՌԴ Պետդումայի կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, Մոսկվայի այլ սփյուռքի ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին  Մոսկվայում ՀՀ դեսպանատան մամլո ծառայությունից:

Scroll Up