Զավեն Մսրլյան. «Հայրենիք-Սփյուռք կապերն ամուր ու անքակտելի են»

Զավեն Մսրլյանը հյուրընկալվեց ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Վաստակաշատ գիտնականն ու կրթական գործի կազմակերպիչը շատ բան ուներ պատմելու և ներկայացնելու: Ուստի մեր զրույցը երբեմն մենախոսության էր վերածվում, որովհետև Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջի երկարամյա տնօրենն ու անխոնջ պատմաբանը կամենում էր մեկ առ մեկ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ են ունեցել քոլեջի կայացման գործին, ովքեր այսօր էլ նյութական մեծ աջակցություն են ցուցաբերում իր ղեկավարած կրթօջախին…

Պարո´ն Մսրլյան, ուրախ եմ, որ Ձեզ հետ հանդիպում եմ ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հեռվից գիտենալով Ձեզ և միշտ հետևելով ձեր գիտական ուշագրավ գործունեությանը, այնուհանդերձ, կուզենայի, որ ներկայացնեիք ուսումնական այն հաստատությունը, որը տևական ժամանակ ղեկավարում եք դուք:

-Սփյուռքում ստեղծված և գործող հայկական ուսումնական հաստատությունների թիվն, իհարկե, մեծանում է՝ ի հաշվիվ տարաբնույթ կիրակնօրյա դպրոցների, սակայն կան ավանդականորեն ձևավորված կրթական հաստատություններ, որոնք ապահովում են հիմնարար կրթություն  և վաղուց ի վեր դարձել են մեր նորոգ պատմության ուղեկիցները: Նման կրթական հաստատություն է Բեյրութի Հայ Ավետարանական քոլեջը, որը 91 տարեկան է: Ասել է թե՝ Սփյուռքի հնագույն կրթական հաստատություններից մեկն է, որը ստեղծվել է Լիբանանի մայրաքաղաքում և հանդիսանում է այդ երկրի կրթական կարևորագույն հանգրվաններից մեկը: Սա բարձրագույն վարժարան է, առաջինը ողջ Սփյուռքում, որից հետո ստեղծվեցին այսօր մեծ ճանաչում ունեցող այլ հաստատություններ: Այստեղ Ցեղասպանությունից մազապուրծ ընտանիքների զավակները հավաքվեցին, որոնց համար մայրենի կրթությունը դարձավ առաջնային: Մինչև 1933 թվականը մեր կրթօջախը կոչվել է Հայ մանչերու բարձրագույն ուսումնարան, իսկ 1933-ին, միանալով Հայուհյաց ամերիկյան բարձրագուն վարժարանի հետ, կոչվեց Հայ Ավետարանական բարձրագույն երկսեռ վարժարան: 1952 –ին փոխադրվել է Բեյրութի Քանթար թաղամաս, ունի շենքային բոլոր պայմանները և ապահովում է բակալավրիայի ծրագիրը: 1971-ից տեղավորված է Եփրեմ և Մարթա Փիլիպոսյան շենքում:

– Արդյո՞ք մեծ թիվ են կազմում քոլեջի շրջանավարտները, և նրանք տեղ են զբաղեցրել Լիբանանի հասարակական-քաղաքական, գիտական, գործարար շրջանակներում:

– Մեր շրջանավարտներից շատերը մեր հպարտությունն են: Այս տարիների ընթացքում ունեցել ենք 1500 շրջանավարտ: Սա Սփյուռքի, մասնավորաբար Լիբանանի համար մեծ թիվ է, որովհետև լիբանանյան պատերազմի հետևանքով շատերը հեռացան երկրից, երկրի ավերված կյանքը խոչընդոտեց քոլեջի գործունեությանը, սակայն մենք չկորցրեցինք կրթություն մատուցելու մեր առաքելությունը: Մեր շրջանավարտներից շատերը կարևորագույն պաշտոններ են վարել Լիբանանի պետության մեջ: Ունեցել ենք պետական նախարարներ և պետական երեսփոխաններ, զորավարներ, գրականության ու արվեստի նշանավոր դարձած գործիչներ: Այսօր Լիբանանում չկա մի ոլորտ, որտեղ ներկայացված չլինեն մեր նախկին սաները:

Ինչպես ողջ Մերձավոր Արևելքում, այնպես էլ Լիբանանում այսօր նկատելի է արտագաղթը, շատ հայ ընտանիքներ հեռանում են ավանդական գաղթօջախից և ընտրում Եվրոպան կամ Միացյալ Նահանգները: Նման իրավիճակը չի՞ ազդում սովորողների թվի վրա, չի՞ ձևավորում խեղաթյուրումներ:

– Ճիշտ հարց տվեցիք, որովհետև Մերձավոր Արևելքի ոչ խաղաղ գործընթացները, լիբանանյան պատերազմը մեծ վնասներ պատճառեցին գաղութին: Եղել է տարի, երբ մենք ունեցել ենք 700-ից ավելի սովորող, մինդեռ արձանագրվել է անգամ 70 թիվը: Սակայն վերջին տարիներին որոշակի համաչափություն է ձևավորվել, հիմա սովորողների թիվը տատանվում է 110-150-ի սահմաններում: Իհարկե, մեր շատ սովորողներ քոլեջ են գալիս այլ թաղամասերից, ինքնաշարժերով ենք նրանց տեղափոխում: Հայերի հեռացումը միաձույլ թաղամասերից իր ոչ դրական ներգործությունն ունեցավ քոլեջի հաճախումների վրա: Ավելացնենք նաև այն հանգամանքը, որ սովորողների գերակշռող մեծամասնությունը ոչ բարեկեցիկ ընտանիքներից են, ուստի կրթավարձի խնդիրը երբեմն ոմանց հեռու է պահում քոլեջից: Պատերազմից քոլեջը տուժել է. 10 անգամ բռնագրավման է ենթարկվել իր ստրատեգիական դիրքի պատճառով։ Այն Արեւմտյան Բեյրութում է գտնվում, որը պատերազմի պատճառով պարպվել է հայերից։ Այնտեղ հիմա հազիվ 2000 հայ է ապրում։ Բնականաբար պակասել է եւ աշակերտների թիվը (մոտ 100)։ Իսկ գաղութի թիվն ընդհանրապես գնահատվում է 70-120 հազար մարդ, մինչեւ պատերազմը՝ 200-225 հազար։ Դպրոցում հատուկ ուշադրություն է դարձվում հայապահպանման խնդրին. հայերենի, հայոց պատմության եւ կրոնի հատուկ դասընթացներ են ավանդվում, գործում են տարբեր ակումբներ՝ սուրբգրային, հայոց պատմության, թատերական եւ այլն, որոնք աշակերտի մեջ հոգեւոր, բարոյական եւ ազգային ոգու պահպանմանն են նպատակամղված, հրատարակվում են տարեկան պարբերաթերթերԳառնի», «Անի»)։ Հրատարակվում է նաեւ «Սիփան» տարեգիրքը, եւ աշակերտական մեկական հրատարակություն է ընթերցողին տրվում անգլերենով եւ արաբերենով: 

Երկու տարի առաջ գտնվելով Բեյրութում՝ Ձեր քոլեջի հարևանությամբ գտնվող Հայկազյան համալսարանում, տեղեկացա, որ ինչպես նշյալ համալսարան, այնպես էլ Ձեր քոլեջ ուսանելու եկողների մեջ կան նաև այլազգիներ: Արդյո՞ք սա չի փոխում կրթական հաստատության ազգային նկարագիրը:

– Իրավացի եք, այսօր մոտ 15 այլազգի ուսանող ունենք, որոնք ուսանում են հայերեն, հայոց պատմություն: Սա ոգեշնչող հանգամանք է, որովհետև նրանք մասնակցում են մեր միջոցառումներին, մրցանքներին, մեզ մոտ ավանդաբար անցկացվող մշակութային և կրական նախաձեռնություններին, պատրաստում զեկուցումներ հայոց պատմությունից: Այսպես մենք նպաստում ենք մեր մշակույթի ու պատմության տարածմանը, քոլեջը նաև դարձնում ենք հայապահպանության ու հայաքարոզչության կենտրոն:

–  Արդյո՞ք լուծված են քոլեջի ֆինանսական խնդիրները, և մեծ դժվարություններ չեն առաջանում նրա պահպանման ճանապարհին:

– Մեր քոլեջն իր գոյությունն ապահովում է ինչպես կրթավարձերի, այնպես էլ մեր նախկին շրջանավարտների բարեգործությունների շնորհիվ: Շատ են նրանք, ովքեր պարբերաբար իրենց աջակցությունն են բերում մեր քոլեջին, կատարում տարեկան բարեգործություններ: Մեր քոլեջն ի սկզբանե գործել է Հայ Ավետարանական ընկերակցության սաների բարեգործություններով: Հիմա դա ավանդույթ է, ուստի մեծ հաջողությունների հասած մեր շրջանավարտները, մեր քոլեջի բարեկամները, որոնց մեջ քիչ չեն նաև Անգլիայում, Միացյալ Նահանգներում ապրողները, ուրույն պարտավորվածությամբ իրենց հանգանակն են բերում քոլեջին: Պիտի գոհունակությունս հայտնեմ բոլոր նրանց, որովհետև իրապես ազգասիրական ձեռնարկների հեղինակներ են դարձել: Բարձր գնահատելով ազգային կրթության նշանակությունը՝ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի պահպանվի մեր քոլեջը:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայրենիք-Սփյուռք կապերը, արդյո՞ք ստանում եք բավարար աջակցություն Հայրենիքից:

 – Այսօր Հայրենիք-Սփյուռք կապերն ամուր են և անքակտելի: Վերջին տարիներին մասնավորաբար մենք մեծ աջակցություն ենք ստանում Սփյուռքի նախարարությունից, որը, համագործակցելով Կրթության և գիտության նախարարության հետ, մեզ է առաքում գեղեցիկ քարտեզներ, ցուցադրական նյութեր, դասագրքեր: Սակայն պիտի ասեմ, որ մենք կարիք ունենք պատմական Հայաստանը ներկայացնող քարտեզների, նյութերի: Տակավին մեր ձեռքի տակ եղածները շատ հին են, որոնցում զատված չեն Կիլիկյան Հայաստանը, Մեծ Հայքը, Փոքր Հայքը և այլն: Այս առումով Հայաստանի կրթության պատասխանատուները մեծ աշխատանք ունեն կատարելու: Պիտի ուրախությամբ նշեմ, որ Սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Ամառային դպրոց»   ծրագրերը խանդավառ ընդունելություն են գտել մեր գաղութում: Մեր սաների այցելությունները Հայաստան ոգեշնչող են, մեծ թվով ուսուցիչներ են մասնակցել ամառային դպրոցի աշխատանքներին: Սակայն այստեղ էլ խնդիրներ ունենք: Ուսուցիչների ցածր ամսականները հնարավորություն չեն տալիս բոլորին մասնակցելու, լուծելու ճանապարհածախսի, կեցության հարցերը: Շատ կցանկանայի, որպեսզի ելքեր գտնվեին՝ լուծելու ուսուցիչների մասնակցության ծախսերի հարցերը: Հայաստանի կառավարությունից պահանջներ չունենք, բայց գուցե ստեղծվեր աջակցության ինչ-որ հիմնադրամ, որն իր ներդրումն ունենար «Ամառային դպրոցին» մասնակցել ցանկացողների նպատակների իրագործմանը:

 –Պարո´ն Մսրլյան, Դուք նաև անխոնջ գիտնական եք ու պատմաբան: 1967-ից ղեկավարելով քոլեջը, այնուհանդերձ նաև ժամանակ եք ունենում զբաղվելու գիտությամբ: Որո՞նք են այն խնդիրները, որոնք դրված են Ձեր գիտական հետաքրքրությունների առանցքում:

 – Ես պատմաբան եմ, ճիշտ նկատեցիք: Մինչ օրս հրատարակել եմ ութ գիրք: Ես ինձ ցեղասպանագետ եմ համարում, որովհետև սևեռումներիս կենտրոնում Ցեղասպանությունն է, մինչև Ցեղասպանությունն ո դրանից հետո ընկած ժամանակամիջոցի հետազոտությունը: Մեր պատմագիտությունը Ցեղասպանության «տարածքը»  դիտարկում է մինչև 1923 թվականը, մինչդեռ 1927-1929 թվականներին ևս մեծ զտումներ եղան, շատերին Թուրքիայում հարկադրեցին հեռանալ իրենց բնակավայրերից: Ահա այդ խնդիրները ևս դարձել են իմ գիտական հետաքրքրությունների նյութը: Հետևողական եմ Հայկական հարցի հանդեպ: Հայկական հարցի ուսումնասիրությունների մեջ իմ վաստակի համար արժանացել եմ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչմանը:

 – Պարո´ն Մսրլյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր զրույցի համար և հուսալ, որ օրավուր քոլեջն առավել մեծ թվով սովորողներ կունենա, երբեք այնտեղից չի հեռանա հայ խոսքը:

 – Շնորհակալություն:

 Զրուցեց  Լևոն Մութաֆյանը

Scroll Up