Պետրոս Բաղդասարյան. «Հայը աշխատող, ստեղծագործ ազգ է, Եվրոպայում էլ կարող է ապրել, Ռուսաստանում էլ»

Պետրոս Բաղդասարյանը Դնեպրոպետրովսկի հայկական համայնքի ղեկավարն է: Հասկանալի պատճառներով Ուկրաինայում ապրող մեր հայրենակցի հետ զրուցը ծավալվեց ոչ միայն համայնքի շուրջ.

– Դնեպրոպետրովսկում մոտ 10000 հայ է ապրում: «Օջախ» հայկական համայնքը գործում է 1995 թվականից. հիմնադիրը ես եմ: Շատ համախմբված համայնք ունենք, միմյանց հետ համագործակցող, մեջք մեջքի տված՝ մեր գործերն առաջ ենք տանում:

Յոթ տարի առաջ համայնքը ձեռնարկեց եկեղեցու շինարարությունը, այն ամբողջությամբ ֆինանսավորվում է համայնքի անդամների կողմից: Մնացել է կատարել միայն ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար, որը բերվել է Հայաստանից:

Մեկ տարի է արդեն՝ համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, որտեղ ուսանում է մոտ 140 աշակերտ: Կապի մեջ ենք Սփյուռքի նախարարության հետ, անցյալ տարի գրքեր ենք ստացել:

Ունենք մշակութային կենտրոն, որտեղ գործում է պարախումբ, սպորտային խմբակներ: Նոր ենք հունի մեջ մտել, առաջիկայում բազմաբնույթ ծրագրեր իրականացնելու համար ավելի շատ հնարավորություններ կունենանք: Համագործակցում ենք տեղի վրացական, հրեական, անգամ ադրբեջանական համայնքի հետ: Ոչ մի լարվածություն չկա:

– Պարո´ն Բաղդասարյան, Ուկրաինայում տիրող իրավիճակն ինչպե՞ս է անդրադարձել համայնքի վրա:

– Հայերը չեզոք դիրք են բռնել: Իսկ համայնքը հասարակական կառույց է, և, բնականաբար, քաղաքական ընդհարումների չենք մասնակցում: Մենք օրենքին ենթարկվող ժողովուրդ ենք և այսօր էլ ենթարկվում ենք այն օրենքներին, որոնք գործում են Ուկրաինայում: Եղբայրական ժողովուրդներ են մեզ համար և´ ռուսները, և´ ուկրաինացիները: Մի կրոնի ժողովուրդ ենք, երկուսն էլ մեզ լավ ընդունում են, տեղ են տալիս, բայց քաղաքական հարցերի չենք մասնակցում:

– Իսկ ինչպիսի՞ն է համայնքի տրամադրվածությունը, ցանկանում են մնա՞լ Ուկրաինայում, թե՞ տեղափոխվել:

– Ոչ մի հայ այսօր տեղափոխվելու մտադրություն չունի. ես մեծամասնության կարծիքն եմ արտահայտում: Երկար տարիներ է` ապրում ենք այնտեղ, արդեն հիմնավորվել ենք: Դնեպրոպետրովսկի հայերը հիմնականում Բաքվից, Ղարաբաղից, Սումգայիթից են տեղափոխվել:

– Իսկ ապագան ինչպե՞ս եք տեսնում:

– Ուկրաինայի պետությունն այսօր ձգտում է դեպի Եվրոպա, ռուսական իշխանությունները այլ կարծիք ունեն: Իսկ մենք` հայերս, աշխատող, ստեղծագործ ազգ ենք, Եվրոպայում էլ կարող ենք ապրել, Ռուսաստանում էլ: Միայն ազգային հարց չբարձրացվի, տնտեսական, քաղաքական հարցերը մեզ այնքան էլ չեն անհանգստացնում:

Իսկ նման իրավիճակները հայերին ստիպում են ամուր կապ հաստատել հայրենիքի հետ, այդ պահերին է հայը գնահատում հայրենիքը, այդ պահերին է նժարին դրվում հողի, ազգի կապվածությունը:

– Իսկ Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը ինչպիսի՞ն է:

-Անկեղծ կլինեմ. մի քիչ պասիվ ենք: Այս այցիս ընթացքում եղա նախարարությունում, այսուհետ կփորձենք կապերը զարգացնել, կփորձենք մասնակցել նախարարության կազմակերպած ծրագրերին: Հույս ունեմ, որ այսուհետ մեր համագործակցությունը շատ ավելի արդյունավետ կլինի:

Զրուցեց  Լուսինե Աբրահամյանը

Scroll Up