Սուրբ Հարության տոնական Պատարագ Ջավախքի եկեղեցիներում

Այս տարի ապրիլի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնացույցով նշանավորվեց նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում: Քրիստոնեական այս հրաշալի տոնին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կիրակնօրյա տոնական Պատարագի կարգը կատարեց հոգեաշնորհ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը:

Սբ. Պատարագի ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում ներկա հավատավոր ժողովրդին շնորհավորեց Սբ. Հարության տոնի կապակցությամբ. «Այս գեղեցիկ տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ հոգևոր ամրություն և տոկունություն: Թող հարության այս լուրը հույս, հավատ և սեր պարգևի Ջավախք լեռնաշխարհում ապրող հայորդիներին:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սբ. Պատարագին ներկա էին տեղական և կենտրոնական իշխանության ներկայացուցիչներ և այլք: Սբ ավանդույթի համաձայն՝ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներից մարդիկ օրհնված հավկիթները տարան իրենց օջախները: Ջավախքի եկեղեցիներում հավուր պատշաճի կատարվեցին Ավագ շաբաթվա և Սուրբ Զատկի բոլոր արարողությունները:

Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարությունը Քրիստոսի»: Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է և  նվիրված է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

 unnamed (10) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9)

Scroll Up