«Փարաջանով» ֆիլմն արժանացավ Բուխարեստի միջազգային կինոփառատոնի ժյուրիի Հատուկ մրցանակին
Ապրիլի 8-13-ը Բուխարեստում անցկացվեց Cinepolitica միջազգային հեղինակավոր 3-րդ կինոփառատոնը: Փառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում ներկայացված էր նաեւ Սերժ Ավետիքյանի եւ Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը, որն արժանացավ ժյուրիի Հատուկ մրցանակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Փարաջանով» ֆիլմի համահեղինակներ Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան Cinepolitica 2014 թ. միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերն էին, եւ հենց նրանց մասնակցությամբ էլ ապրիլի 10-ին լեփ-լեցուն դահլիճում կայացավ ֆիլմի ռումինական պրեմիերան:
Այն արժանացավ ռումինացի հանդիսատեսի ջերմ արձագանքին, եւ դիտումից հետո դահլիճում ներկաները հնարավորություն ունեցան զրուցելու ֆիլմի հեղինակների հետ Փարաջանովի` առեղծվածային եւ յուրօրինակ մարդ-արվեստագետի, նրա աշխարհայացքի, եւ, առհասարակ, ֆիլմին վերաբերող հարցերի շուրջ:
Ապրիլի 13-ին` մրցութային ծրագրի ամփոփման ժամանակ, այն արժանացավ ժյուրիի Հատուկ մրցանակին` քաղաքականության խորությունը գեղարվեստորեն լավագույնս ներկայացնելու եւ նրբագեղորեն էկրանավորելու, ինչպես նաեւ օրինակելի եւ սիմվոլիկ կերպարի մարմնավորման համար, որն, ի հեճուկս միահեծան դարաշրջանի բոլոր հալածանքների, ստեղծել է համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներ` ցույց տալով, որ արվեստի միջոցով կարող է հաղթահարել համակարգային ճնշումները:
Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը Գերմանիայի եւ Արգենտինայի դեսպանությունների, Բրիտանական խորհրդի (British Council), Բուխարեստում Ֆրանսիական ինստիտուտի (Institut français de Bucarest) եւ Ռումինական մշակութային ինստիտուտի (Institutul Cultural Roman) հետ միասին փառատոնի գործընկերներից էր:
«Փարաջանով» ֆիլմի ցուցադրմանը ներկա էին նաեւ Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի դեսպանները, այլ դեսպանությունների ներկայացուցիչներ:
Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Սերժ Ավետիքյանն ապրիլի 8-ին հանդիպում ունեցավ նաեւ Ռումինիայի հայ համայնքի հետ: Հանդիպումն անցավ անմիջական եւ ջերմ մթնոլորտում, որի ընթացում Սերժ Ավետիքյանը ներկայացրեց Փարաջանով արվեստագետին` որպես համամարդկային արժեք, «Փարաջանով» ֆիլմի նախապատմությունը, ինչպես նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերը:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: