Բորիս Աճէմեանի «La fanfare du Négus» գիրքին ներկայացումը
Փարիզի միջազգային համալսարանական ոստանում տեղակայուած Հայ ուսանողների տունը՝ յանձինս իր տնօրէն Սահակ Սուքիասեանի, հիւրընկալեց պատմաբան Բորիս Աճէմեանին եւ բանասէր Գրիգոր Պըլտեանին, ովքեր հետաքրքրուած հանրութեանը ներկայացրին երիտասարդ պատմաբան Բորիս Աճէմեանի «La fanfare du Négus» (Կայսր Նեկուսի շեփորախումբը) վերնագրով աշխատութիւնը։
Գիրքը հանրութեանն է ներկայացնում Եթովպիայի սփիւռքահայ համայնքի պատմութիւնը, որը վերջինիս միասնական յիշողութեան արդիւնքն է։ Այն Եթովպահայերի միասնական ինքնակենսագրութիւնն է, քանզի հիմնուած է հէնց հայ համայնքի անդամների յիշողութիւնների եւ վկայակոչումների վրայ։ Այդ գործում առանձնակի դեր է ունեցել Աւետիս Թերզեանը, ում գրքի հեղինակն անուանում է «համայնքի մեմուարիստ», մի անհատ, ով մարմնաւորում է Եթովպիայի հայութեան միասնական յիշողութիւնը։ Այդ համայնքը ձեւաւորուել է դեռեւս Ցեղասպանութիւնից առաջ՝ Ապտուլ Համիտի ջարդերի ժամանակ, եւ բաղկացած է եղել շուրջ 200 մարդուց, որոնց յետագայում միացել են Մեծ Եղեռնից մազապուրծ եղած Հայերը, այդ թւում նաեւ 40 հայ որբեր, որոնցից Եթովպիայի կայսրը կազմել է իր թագաւորական շեփորախումբը։ Շեփորախումբի ղեկավարը՝ Նալբանդեանը, գրել է Եթովպիայի առաջին օրհներգը, որ կեանքի է կոչուել 40 որբերի նուագի հնչիւններում։ Բորիս Աճէմեանը ներկայացրեց մի շարք Հայերի, ովքեր ժամանակին Եթովպիայի արքունիքին մաս են կազմել եւ մեծ հեղինակութիւն վայելել արքունիքում՝ սկսած դայեակներից, մանկաբարձուհիներից ու դերձակներից, վերջացրած այնպիսի անուանի դէմքերով, ինչպիսիք են Տիգրան Էբէյեանը՝ արքունիքի ոսկերիչը, կայսերական թագերի հեղինակը, Պետրոս Պայաճեանը՝ արքունիքի պաշտօնական լուսանկարիչը, Սարգիս Թերզեանը՝ Աւետիս Թերզեանի հայրը, Եթովպիայի կայսր Մենելիք Բ.ի բանակի հրազէնի մատակարարը։ Բորիս Աճէմեանն իր ուսումնասիրութեան արդիւնքները զուգորդեց պատմական արժէք ներկայացնող եւ որոշ դէպքերում նաեւ չտպագրուած լուսանկարներով, որոնք ցոյց են տալիս եթովպական արքունիքի եւ հայ համայնքի սերտ կապը։
Գրքի ներկայացումը մեծ ընդունելութիւն գտաւ ներկաների կողմից, որոնցից շատերը ցանկութիւն յայտնեցին այն ձեռք բերել՝ հեղինակին խնդրելով դրա վրայ թողնել իր հեղինակային ստորագրութիւնը։
Անի Սուլթանեան
«Նոր Յառաջ»