Քեսապի շուրջ․ բացառիկ զրույց Արամ Ա կաթողիկոսի հետ
ՍիվիլՆեթի լրագրողներ Մարիա Թիթիզյանը և Սեդա Գրիգորյանը Լիբանանում են, որտեղից այցելելու են Լաթաքիա, որպեսզի հանդիպեն տեղահանված քեսապցիների հետ: Ապրիլի 8-ին Մարիա Թիթիզյանը բացառիկ զրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ նրա նստավայրում՝ Անթիլիասում: Զրույցը եղել է անգլերեն: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև:
«Այն, ինչ տեղի ունեցավ Քեսապում, պետք չէ առանձնացնել սիրիական ամբողջ հակամարտությունից». զրույցի ընթացքում քանիցս շեշտադրեց Արամ Ա կաթողիկոսը՝ նշելով, որ Քեսապը Սիրիան մասնատած ծավալուն հակամարտության ընդամենը մի մասն է:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը գործուն աջակցություն և օգնություն է ցուցաբերել Սիրիայի հայերին, որոնք հայտնվել են արդեն երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի բոհում, որը շուրջ 150 հազար կյանք է խլել և հազարավոր մարդկանց դարձրել անօթևան։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 1-2 միլիոն սիրիացի ապաստան է գտել միայն Լիբանանում:
Վեհափառն ասում է, որ Սիրիայի հայերը սիրիական հասարակության անբաժան և անքակտելի մասն են, հետևաբար նրանք նույնպես խորապես մտահոգված են այն ամենով, ինչ տեղի է ունենում Սիրիայում: «Որպես համայնք՝ մենք մեզ չպետք է կապենք որևէ վարչակազմի, քաղաքական գաղափարախոսության կամ անձի հետ. նրանք ժամանակավոր են: Մենք կապված ենք մնում Սիրիայի գերագույն շահերի հետ»,- ասաց Վեհափառը:
Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությանը հաջորդած օրերից սկսած Սիրիան երկրորդ հայրենիք է դարձել հայրենազուրկ հայերի համար: «Սիրիայի քրիստոնյաներն ու մուսուլմանները մեզ ընդունել են որպես իրենց հասարակության մաս, նրանք մեզ հետ կիսել են իրենց հայրենիքը, և մենք դարձել ենք սիրիական հասարակության անքակտելի մասն ու Ցեղասպանությունից հետո վերջին տասնամյակներին եռանդուն մասնակցություն ենք ունեցել սիրիական հասարակության կառուցման և վերակառուցման գործում: Հալեպի, Դամասկոսի, Ղամիշլիի, Դեյր Զորի և Քեսապի հայկական համայնքները հանգուցային դեր են ունեցել Սիրիայի զարգացման մեջ՝ բոլոր ոլորտներում և հանրության բոլոր շերտերում»,- ասաց կաթողիկոսը՝ հավելելով, որ հյուրընկալության համար հայերը շարունակում են երախտապարտ մնալ Սիրիային:
«Մենք համոզված ենք, որ սիրիական հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, այն պետք է «սիրիականացվի», և գործընթացի նպատակը պետք է լինի նաև հակամարտության «սիրիականացված» լուծումը»,- ասաց Արամ Ա կաթողիկոսը: Նրա խոսքով՝ այս գործընթացն առաջ տանելու համար կառավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հանրության անդամներն ու առաջնորդները պետք է դրան գործուն մասնակցություն ունենան՝ Միավորված ազգերի կազմակերպության, Արաբական լիգայի և միջազգային հանրության լիարժեք աջակցությամբ:
Ի՞նչ պետք է կամ կարող են անել Սիրիայի հայերը պատերազմում, որը նրանց վերահսկողությունից դուրս է։ «Մենք՝ որպես հայ, պատրաստ ենք երկխոսություն, համագործակցություն և հարաբերություններ ունենալ իսլամի բոլոր ուղղությունների հետ՝ պայմանով, որ նրանք հարգեն և ընդունեն քրիստոնեական արժեքները, ավանդույթներն ու իրավունքները, որ նրանք հրաժարվեն ամեն տեսակի բռնությունից և քրիստոնյաների հետ միասին մասնակցեն Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացին»,- ասաց Վեհափառը՝շեշտելով, որ քրիստոնյաներն ու մուսուլմանները միասին ապրել են դարեր շարունակ, և դա եղել ու պետք է մնա սիրիական հասարակության կարևոր առանձնահատկությունը։
«Սիրիան պատկանում է և՛ մուսուլմաններին, և՛ քրիստոնյաներին, ներառյալ՝ հայերին»,- ասաց նա՝ հավելելով, որ հայերը նորեկներ չեն, նրանք խոր արմատներ ունեն Սիրիայի պատմության, մշակույթի և ավանդույթների մեջ։ «Սիրիայում համագոյակցող արժեքների, ավանդույթների ու հեռանկարների բազմազանությունը պետք է լինի հարստացման աղբյուր, որը Սիրիայի ժողովրդին հնարավորություն կտա ապրել միասին՝ հարգանքի և փոխըմբռնման հիման վրա՝ հակամարտության կամ ատելության փոխարեն»,- նշեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Նրա խոսքով՝ պատմական Քեսապ քաղաքը, որը ենթարկվել է «Ալ Կաիդա»-ի աջակցությունը վայելող ապստամբների հարձակմանը և հայ բնակչության տարհանմանը, պետք է դիտարկվի այս համատեքստում և չառանձնացվի սիրիական հակամարտությունից։
Քեսապի ռազմական և ռազմավարական նշանակությունն ու այդ տարածքում առկա աշխարհաքաղաքական տարբեր շահերը առավել ընդգծում և առանձնահատուկ են դարձնում Քեսապի շրջանի կարևորությունն ու դերը, և ոչ միայն հայերի համար: «Հայերի համար սա շատ զգացմունքային հարց է,- ասաց կաթողիկոսը՝ շարունակելով,- տեղահանման և արտաքսման հիշողությունները, եկեղեցու բակում խմբված հայերի լուսանկարները կարևոր դեր են խաղացել Քեսապի ճգնաժամին համայն հայության ընդհանուր արձագանքի հարցում։ Պարզապես հարկ է ուսումնասիրել շրջանի պատմությունը, թուրք-սիրիական հարաբերությունները երկու աշխարհամարտերի ընթացքում, Ալեքսանդրետի սանջաքի խնդիրը… և Քեսապի ու Լաթաքիայի ռազմավարական դիրքը, որպեսզի հասկանալի լինի իրավիճակի բարդությունը»։
Քեսապցիների՝ Լաթաքիայում ապաստանելու խորհրդանշականությունը դիպել է հայերի հավաքական հոգեբանության շատ զգայուն լարերին: «Մեր կենդանի հիշողության մեջ նրանք արդեն երրորդ անգամ են տեղահանվում»,- ասաց Վեհափառը։
Աշխարհաքաղաքական շահերի բախման և պատերազմական քաոսի պայմաններում Վեհափառը, որին օտարերկրյա կառավարությունները դիմում են իր հովանու ներքո գտնվող հայկական համայնքների անունից խոսելու համար, շատ հստակ էր. «Մենք այժմ մի իրավիճակում ենք, երբ հայկական ամբողջ մի քաղաք դատարկված է: Մենք պետք է իրատես լինենք, մեր մոտեցումը պետք է իրատեսական լինի, և մենք չպետք է լինենք զգացմունքային։ Հայաստանն ու Սփյուռքը պետք է հետամուտ լինեն այս խնդրին դիվանագիտական և քաղաքական մակարդակով՝ Միավորված ազգերի և միջազգային այլ կազմակերպությունների ու գործակալությունների միջոցով»։ Կաթողիկոսն ասաց, որ ինքն առաջարկել է, որ Քեսապը հայտարարվի ապառազմականացված գոտի և այս հարցով խոսել է Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաների հետ։
Կաթողիկոսի մոտեցումը պարզ էր, իրատեսական և լի վճռականությամբ. «Մենք պետք է միասին աշխատենք օգնելու փախստականներին, որոնք Լաթաքիայում են»:
Նրա խոսքերը կարծես կոչ էին աջակցելու այն հարյուրավոր ընտանիքներին, որոնք իրենց հարազատ տները վերադառնալու ցանկության և անօթևան լինելու դաժան իրականության արանքում են հայտնվել: