Ճարտարապետական խորհրդի նիստ Մայր Աթոռում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed-25.jpg)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ նոր կազմով:
Վեհափառ Հայրապետը, ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին, իր գնահատանքը բերեց նրանց պատրաստակամ և հանձնառու աշխատանքի համար և հորդորեց նույն ոգով, հավատարիմ մնալով հայ ճարտարապետության ու եկեղեցաշինության լավագույն ավանդույթներին, շարունակել իրականացնել աշխատանքները՝ ի պայծառություն Հայոց Եկեղեցու և ի վայելումն հայոց ազգի:
Այնուհետև Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ճարտարապետական խորհրդի հիմնական կազմը:
Նորին Սրբության առաջարկությամբ և խորհրդի անդամների համաձայնությամբ Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի ատենապետ ընտրվեց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` փոխարինելով նախկին ատենապետ բարեհիշատակ Ջիմ Թորոսյանին:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև Մայր Տաճարի վերանորոգմանն ու մասնակի ամրակայմանը, Վեհարանի շենքի ներքին հարդարմանն ու բարեկարգմանը, Մայր Աթոռի տարածքում մոմավառության սրահի և Սաղմոսավանքում հովվատան կառուցմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին Մայր Աթոռի մամլո գրասենյակից: