Հայ-ամերիկյան հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում

Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները:
Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկեցին միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները:
Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների և միտումների վերաբերյալ ու քննարկեցին միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների և այլ գործիքների կիրառումը:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր գնահատեց ԱՄՆ աջակցությունը և կարևորեց հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին գոհունակություն արտահայտեց կատարված աշխատանքներից և արձանագրված առաջընթացից: Կողմերը նախանշեցին նաև ապագա քայլերը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: